Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ մտաբերում մի երկիր, ուր կառավարության նիստերը հանրային պարտադիր հեռարձակման են տրվում»

Փետրվար 02,2018 21:47

Հարցազրույց  արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ

– Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի նախագիծը, կառավարության հավանությանն արժանանալուց հետո, լրագրողների և լրագրողների իրավունքների պաշտպանների շրջանում դժգոհություն առաջացրեց: Հիմնականում քննարկվում է նախագծի 10-րդ հոդվածը, որի համաձայն հետագայում կառավարության նիստերը դռնփակ են դառնալու: Դուք առաջին արձագանքողներից էիք, որ դրական գնահատեցիք այս փոփոխությունը, ավելին՝ ֆեյսբուքյան ձեր էջում գրեցիք, որ վաղուց էիք բարձրաձայնում սրա անհրաժեշտության մասին: Խնդրում եմ բացել փակագծերը:

– Նախ փորձենք հասկանալ թե ի՞նչն է դժգոհության պատճառը։ Տրամաբանությունը հուշում է, որ լրատվամիջոցներն ու լրագրողները հիշատակված նախագծում տեսնում են տեղեկատվության սահմանափակման վտանգ և հանրության տեղեկացվածության հնարավորությունների նվազում։ Բայց եկեք տեսնենք, թե իրականում ինչ էին իրենցից ներկայացնում այդ դռնբաց, ուղիղ հեռարձակվող նիստերը՝ որպես տեղեկատվության աղբյուր։

Բոլորին է հայտնի, որ քննարկում որպես այդպիսին կառավարության նիստերում վաղուց արդեն տեղի չի ունենում։ Գրեթե լիարժեք համաձայնեցված և նախապես քննարկված որոշումների նախագծերը պարզապես լեգիտիմացվում են նման նիստերով։ Իսկ դրա հիմնական պատճառը հենց այն է, որ հրապարակայնացման արդյունքում կառավարության նիստերում տեղի ունենալիք բանավեճերն ու քննարկումները  տեղափոխվել են այլ ֆորմատներ՝ կոմիտեների նիստեր, նախանիստեր, նախարար-վարչապետ համաձայնեցման ընթացակարգեր և այլն։ Իսկ օրակարգի և քննարկվելիք նյութերի մասին լրատվամիջոցներն ու հանրությունը տեղեկանում էին այլ աղբյուրներից։ Արդյունքում մեր լրագրողները լավագույն դեպքում ամեն նիստից կարողանում էին մեկ-երկու կիսասկանդալային նյութեր ծնել, որոնք հաճախ բովանդակությամբ քննարկվելիք հարցերին չէին էլ առնչվում։ Սա հանրության տեղեկացվածության մասով։

Սակայն խնդիրը միայն սրանում չէ։ Կառավարության նիստերի ուղիղ հեռարձակման, իմ կարծիքով ոչնչով չհիմնավորված որոշումը, բերեց մի շատ բացասական երևույթի․ վերացավ կաբինետի՝ որպես իշխանության քաղաքական պատասխանատվությունը կրող միասնական թիմի կոլեգիալ քննարկումների արդյունքում ծնվող քաղաքական որոշումներ կայացնելու մշակույթը։ Արդյունքում բավականին ակտուալ է դառնում այն ռիսկը, երբ կառավարությունը դադարում է լինել քաղաքական առումով համապարտ պատասխանատվություն կրող գործիչների թիմ և վերածվում է սոսկ իրենց ոլորտի համար պատասխանատու «տնօրենների» ակումբի։

– Ինչպե՞ս եք պատկերացնում նիստերից հետո կառավարության անդամների հետ շփումը: Գաղտնիք չէ, որ նախարարների մոտ գործում է կառավարության շենքի ետնամուտքից դուրս գալու բացասական պրակտիկան: Այս դեպքում կանաչ լույս չի՞ վառվելու նրանց համար, այսպես ասած, սրանով չի՞ լեգիտիմացվելու լրագրողներից խուսափելու նրանց ցանկությունը:

– Շատ կարևոր հարցադրում եք անում։ Այն, որ գործադիրի նիստերը դռնփակ պիտի լինեն, չի ենթադրում, որ հանրությունը տեղեկացված չպիտի լինի կառավարության գործունեությունից։ Ավելին, խորհրդարանական կառավարման մոդելում կառավարությունը առավել մեծ խնդիր ունի լուծելու այս ոլորտում։ Բնականաբար, լրատվամիջոցների հետ աշխատելու պարտականությունը պիտի լինի կաբինետի անդամների կարևոր պարտավորություններից մեկը։ Բայց կա մի առավել կարևոր դաշտ։ Կառավարությունը պետք է լրջորեն վերափոխի որոշումների կայացման ընթացքում հանրության ներգրավվածության համակարգը։ Սա կառավարության որոշումների հանրային լեգիտիմության կարևորագույն պայման է։ Եթե հաջողվի իշխանությանը հանրային լիարժեք քննարկումներ ծավալել որոշումների գեներացման փուլում, ապա կառավարության նիստերի հրապարակայնության թեման միանգամից կդառնա առարկայազուրկ։

–  Իսկ չե՞ք բացառում, որ վարչապետի անձից է կախված լինելու այս փոփոխությունը, ինչպես նաև հետագայում կառավարական ապարատի ապահովագրությանը միտված չի լինելու …

– Մեկ անգամ ևս վերադառնամ հարցի տեսական մասին․ գործող մոտեցումը հայեցակարգային տեսակետից սխալ է և վտանգավոր։ Կառավարության աշխատաոճը երբեք չի կարելի շփոթել իշխանության այլ ճյուղերի պրոցեսուալ արարողակարգերի հետ։ Օրենսդիր և դատական իշխանություններին հատուկ է դռնբաց գործելաոճը և խիստ կանոնակարգված պրոտոկոլը։ Գործադիրի դեպքում սա վնասում է։ Այստեղ գործ ունենք իշխող քաղաքական միասնական թիմի ավելի շատ brainstorming-ի հետ։ Իսկ այդ պրոցեսը տեսախցիկներ և շոուներ չի սիրում։ Եվ սա բացարձակ ժողովրդավարության սահմանափակման խնդիր չի պարունակում։ Ավելին, ես որպես մասնագետ չեմ մտաբերում մի երկիր, այդ թվում արևմտյան ժողովրդավարության, ուր կառավարության նիստերը հանրային պարտադիր հեռարձակման են տրվում։ Իմ տեսակետի ընդդիմախոսներին կխնդրեմ օգնեն ինձ այդ հարցում։

Ինչ վերաբերում է կոնկրետ անձերի խնդրին, կարծում են ինստիտուցիոնալ որոշումներ կայացնելիս պետք է վերանալ անձերից։

Զրույցը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

Լուսանկարը՝ Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728