Երկիրը պահող խարիսխը

Երկիրը պահող խարիսխը

Վերջերս, թեեւ, անկեղծ ասած, վաղուց կարդացել ու, ցավոք, նաեւ տեսել էի, որ ոչ մի ազգ իր սեփական ցեղին այնպես չի նշավակում եւ իր երկիրը չի վարկաբեկում այնպես, ինչպես մենք: Այսինքն` հարազատ ժողովրդի մեջ անվերջ դավաճաններ փնտրելով, հրահրելով, իսկ երբ չեն գտնում` հորինելով: Այդպես, եթե չեմ սխալվում, վերջին անգամ Վլադիմիր Լենինն արեց իր բոլշեւիկներով` որպես Գերմանիայի լրտես, եւ կործանեց ռուսական հրաշալի կայսրությունը:

Վեց հարյուր տարվա անպետություն, անթագավոր ապրելուց հետո եկավ պահը, երբ մենք ստեղծեցինք մերը, մեր անկախ երկիրը: Հաղթեցինք պատերազմում, թուրքից մեր վախը փոխանցեցինք թուրքին` որպես հայից վախ:

Հաղթեցինք, բայց, տարօրինակ է, հաղթողի զգեստը չհագանք, մնացինք մի տեսակ շփոթված, թող ինձ ներվի, նաեւ` անտեղյակ: Ինչպես Սասունցի Դավիթն էր անտեղյակ, որ ինքը Մհերի` թագավորի որդի է, եւ ձեռքի թուրը վարժեցնում էր իմաստուն պառավի շաղգամների վրա, այսինքն` ինքը իր բոստանն էր քանդում, փոխանակ թուրն ուղղեր հակառակորդի դեմ: Եվ այդ շաղգամատեր իմաստուն պառավն ասաց.

– Դավիթ, քո թուրն ափսոս է, դու թագավորի որդի ես, քո թուրը պառավի շաղգամի համար չէ, քո թուրը քո թշնամուն զսպելու ու ոչնչացնելու համար է:

Գրում եմ այս տողերը, ու սիրտս ցավում է: Եվ հիշում եմ երջանկահիշատակ Լեւոն Ներսիսյանին, որ իր ուսանողներին, այդ թվում նաեւ ինձ, սովորեցնում էր, որ մարդու վիճակը երբեք չպիտի կախված լինի իրավիճակից: Այսինքն թե՝ ասում էր` մարդը պահի մեջ վիճակի գերին չպիտի դառնա, այլ ինքը պիտի տիրապետի իրավիճակին:

Եվ դարձյալ ինքն էր, այդ մեծ Մարդը, որ այնուհետեւ մեր երկրի անկախության առաջին տարիներին, երբ լույս չկար Հայաստանում, ու շատերը թողեցին երկիրն ու հեռացան, ասում էր, հորդորում.

– Ով ուզում է թող հեռանա երկրից, ես մնալու եմ, ես եմ նավը պահող խարիսխը, գուցե արդեն ժանգոտվել եմ, բայց ես եմ խարիսխը իմ երկրի նավը պահող:

Այնինչ այսօր մեր երկրի պատկերը ներկայացնողները տաքսու վարորդներն են եւ երթուղային տաքսիների ծրագրային ուղեւորները, ովքեր բարձրաձայնում են եղածը եւ առավելապես չեղածը: Բայց երկու դեպքում էլ ընդդեմ սեփական երկրի, ընդդեմ սեփական պետության: Եվ որպես նրանց խոսքերի հաստատում, անմիջապես արձագանքում է համացանցը: Ցանց, ուր ամեն մարդ իր տանը ե՛ւ լրագրող է, ե՛ւ խմբագիր, հաճախ ոչ իր ազգանունով: Եվ հիմա, կեսգիշերին, ավարտելով կիսատ խոսքս, ուզում եմ բարձրաձայն գոռալ.

– Ո՞ւր ես, իմաստուն պառավ, որ Դավթի զարմերին արթնացնես թմբիրից, որպեսզի նրանք հասկանան, որ իրենք արքայական տոհմից են, եւ իրենց թրերը սեփական բոստանը ավերելու համար չեն: Կամ՝ ո՞ւր է այն մարդը, մտավորականը, որ կփոխարինի Մեծն Լեւոն Ներսիսյանին` ասելով, թե` ես եմ երկրի նավը պահող խարիսխը…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

02.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Կարդացի Ձեր հոդվածը: Ցավալի է բայց փաստ՝ քիչ են երկիր պահող խարիսխները: Փոխվել են բոլորը; Հիմա բոլոր խոսացողները կամ փող են ակնկալում կամ պաշտոն և չեն տեսնում իրականությունը:Դուք էլ եք փոխվել :1988-ի Տեր- Գուլանյանը չեք: Ուզում եմ հիշեցնել Ձեզ Ես նա եմ ով1988-1989թթ հովանավորում էր Գարուն ամսագիրը:Լավ մնացեք

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք