Լրահոս
Օրվա լրահոսը

30 տարին քիչ է

Փետրվար 03,2018 10:00

Ի՞նչ են ասելու 50 տարի անց մեր անցած 25 տարվա մասին: Այդ հարցն ինձ հուշեց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, երբ ինձ հարցազրույց էր տալիս: Քանի որ ես 110 տարի հաստատ չեմ ապրի, այն, ինչ ես հիմա ենթադրում եմ, հնարավոր չի լինի «իմ երեսով տալ»: Դրա համար որեւէ բան վստահորեն չեմ կարող ասել: Հաստատ է մի բան՝ այն էմոցիաները, որոնք մենք հիմա ապրում ենք, 50 տարի անց մեր քաղաքացիների համար անկարեւոր եւ անհետաքրքիր կթվան: Օրինակ՝ իմ օրգանիզմում քիմիական ռեակցիաներ են առաջանում, երբ ես լսում եմ կամ կարդում եմ Ռոբերտ Քոչարյանի անունը: Հասկանում եմ, որ դա սխալ է, վատ է, պրոֆեսիոնալ չէ, բայց ոչինչ չեմ կարող անել իմ օրգանիզմի հետ:

50 տարի հետո, ենթադրում եմ, նա ընկալվելու է որպես Հայաստանի երկրորդ նախագահ, եւ նրան դնելու են առաջին եւ երրորդ նախագահների շարքում թե՛ դրական առումով (Արցախի ազատագրում), թե՛ բացասական (կոռուպցիա, սոցիալական ծանր վիճակ): Հասկանում եմ, որ այսօր իմ ենթադրությունը կարող է դուր չգալ երեք նախկին (երեքի մասին էլ շուտով հնարավոր կլինի ասել՝ «նախկին») նախագահներից մեկի կողմնակիցներին կամ նրանց, որոնք երեքի նկատմամբ ատելությամբ են լցված: Նրանք, ինչպես եւ ես, ղեկավարվում են հույզերով: Մեր թոռներն ազատ կլինեն այս ամենից, նրանց համար այս ամենը միմիայն պատմություն կլինի:

Այս ամենը հիշեցի, որովհետեւ մոտակա օրերին նշվելու է (կամ չի նշվելու) Արցախյան շարժման 30-ամյակը: Եվ ես համոզվում եմ, որ 30 տարին սառը, օբյեկտիվ գնահատականի համար քիչ է: Գլխավոր պատճառն այն է, որ այդ շարժման առաջնորդներից շատերը ոչ միայն ողջ են (Աստված նրանց երկար կյանք տա), այլեւ ասպարեզում են՝ գոնե ձեւական առումով: Խոսքը, մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի եւ Աշոտ Մանուչարյանի մասին է: Եթե նրանք քաղաքականության մասին ինչ-որ, ճիշտ թե սխալ, դատողություններ են անում, ապա, բնականաբար, ունեն նաեւ ընդդիմախոսներ: Եվ ուզած-չուզած սկսվում է արդի քաղաքականության մասին բանավեճը, որն անպայման անդրադառնում է 1988 թվականի մեր ընկալման վրա:

Մյուս պատճառն այն է, որ Հայաստանում առայժմ մթնոլորտ են ստեղծում մարդիկ, որոնց կյանքի կեսն անցել է Սովետի ժամանակ: Այդ մարդկանց մեծ մասն այս 25 տարում տուժել է, զրկվել է բարեկեցիկ կյանքից, շատերը գնացել են երկրից, եւ նրանց այդ նեղվածությունն իր դրոշմն է թողնում Արցախյան շարժման ընկալման վրա՝ «մենք լավ էինք ապրում, եկան ՀՀՇ-ականները եւ ամեն ինչ քանդեցին»:

Ինձ երբեք «Շարժման տղա» չեմ համարել՝ զանգվածային միջոցառումներն ինձ սրտամոտ չեն: Բայց Արցախյան շարժման հանդեպ իմ վերաբերմունքն ընդհանուր առմամբ դրական է: Դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մեր ստվերային կառավարությունը ստեղծում է Հայք թագավորությունը, որի Թագավորը՝ հայ քաղաքացին է: Լավագույն քաղաքացիներից կազմվում է Թագավորին թագավորական դաստիարակություն ապահովելու պատասխանատու աշխատակազմը, լավագույն քաղաքացիները պետք է սովորեցնեն Թագավորին ռազմական, գիտական ու հոգեոր, ինչպես նաեւ տնտեսական արվեստին: Միայն լավագույներից լավագույնները կարող են դառնալ թագավորական ծառայող եւ դա պետք է լինի ամենահայրենասիրական ու ամենահարգված պաշտոնը:
    Պետք է հիմա սկսել, որ հիսուն տարի հետո որոշակի արդյունք ստանանք:

  2. Կարո Մելիքյան says:

    Իրական գնահատական չտալով այսօրվա հոռի երեւույթների մասին՝ այն սպառնում է կենդանի մնալ նաեւ 50 տարի հետո։ ( հիշեցի դատախազի ՝ամենաթարմ վերջին հայտարարության մասին,որ 20 տարի անց էլ էն հանցագործությունները բացահայտվում,կապված մարտի 1-ի հետ,լավա չասեց 50 տարի հետո)։

  3. Artur Lazarian says:

    Ինչո՞ւ այդքան յոռետես: 🙂
    110 էլ ապրէք, աւելի շատ էլ ապրէք: Վայելէք այս չքնաղ մոլորակը: ԿԵԱՆՔԸ ՀԻԱՍՔԱՆՉ է: Հրեաները տարեդարձի մի մաղթանք ունեն. «Մինչեւ 120 տարեկան» (բայց նաեւ մի կատակ կայ. «իսկ 120-րդ տարեդարձի՞ն ինչ էք մաղթում») 🙂

    ***
    Վայելէք Ռամոյի դիւթական երաժշտութիւնը (“Les Indes galantes”)՝
    https://www.youtube.com/watch?v=kbaDvzkwiUw

    Յ.Գ. Արցախեան շարժումը մեր պատմութեան լուսաւոր էջերից է,,

  4. Մարատ says:

    Բայց բոլոր 3 (4) նախագահներն էլ բոլորովին անհայտ էին Շարժման սկզբում եւ ՙՙասպարեզումՙՙ հայտնվեցին առաջին փոթորիկներից ամիսներ անց միայն
    Իսկ սկզբի օրերին միտինգավորները վանկարկում էին միայն ՙՙԻ-գորՙՙ, ՙՙԻ-գորՙՙ, տոն տվողը Իգոր Մուրադյանն ու իր համախոհներն էին

  5. Ruben says:

    Այն զգացմունքները (էմոցիաները), որոնք քաղաքացիներն ու գյուղացիները ապրել են 30 կամ 50 տարի առաջ, հիմա էլ է կարեւոր եւ հետաքրքիր բանականություն ու հիշողություն ունեցող Մարդ արարածի համար:
    1988 թ.- ը եղել է ազգային ազատագրական շարժման, անկախության վերածնունդ:
    Ի՞նչ Լեւոն Տեր-Պետրոսյան, ի՞նչ Վազգեն Մանուկյան, ի՞նչ Աշոտ Մանուչարյան… ի՞նչ Ղարաբաղ կոմիտե №2: Դրանք ավելի ուշ հայտնվեցին եւ որպես «նստած-հելած» Կոմկուսի նոմենկլատուրայի ժառանգներ (երիտ նոմենկլատուրա) շարժումը շրջեցին այլ ուղղությամբ:
    Մովսես Գորգիսյանը (անկախական) առաջինը բարձրացրեց եռագույնը: Սպանվեց Նախիջեւանի համար… Մոռացելեք՝ Նախիջեւան, Արծվաշեն …

    Չարամիտներին

    Դո՛ւք, մեծ հայրերի ընկած զավակներ,
    Դո՛ւք, ո՛վ ստրուկներ մոլի կրքերի,
    Դո՛ւք, ո՜վ զեխության խղճալի հյուրեր,
    Որ շվայտ կյանքին դարձել եք գերի.

    Դո՛ւք, որ ընկնում եք ո՛չ պատերազմում
    Թշնամու սրով և ո՛չ ձեր մահով,
    Որ եղբայրադավ ժողով եք կազմում
    Եվ տեսնող աչքից կարծում ապահով.

    Դո՛ւք, որ պատրաստ եք անմեղին կապած
    Սեղանավորի ոտքի տակ զոհել,
    Որ ավազակի առաջ սարսափած,
    Ճշմարտությունն եք ուրանում խոսել.

    Դուք, որ ուզում եք աշխարհքին խաբել,
    Եվ դատաստանի առաջ դողալով
    Գիտեք կեղծավոր արտասուք թափել
    Չարությամբ լեցուն, հանցավոր սրտով.

    Դո՛ւք, որ մարդկանց աչքերն եք կապում,
    Ո՜վ սպասավորներ բանտի, խավարի,
    Որ հարազատի արյունն եք թափում
    Եվ ձեր եղբոր գույքն առնում ավարի.

    Դո՛ւք, որ այրիի դառն արտասուքով
    Շաղախեցիք ձեր սեղանի հացը,
    Որ հպարտացած անօրեն գործքով
    Հարցնում եք թե՝ ո՞ւր է աստվածը.

    Կըհասնի նա ձեզ, բարկությամբ արդար
    Արժանի մահով պատուհասելու,
    Եվ ո՞վ պիտի ձեզ ցույց տա ճանապարհ
    Նորա բարկության պատժից փախչելու։

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728