Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցում հայտնված Արամ Մանուկյանի արձանի տարբերակը մրցութային հանձնաժողովին չի ներկայացվել

Փետրվար 05,2018 15:00

Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող եւ առաջիկայում Երեւանում տեղադրվելիք արձանի՝ համացանցում հայտնված տարբերակը մրցութային հանձնաժողովի անդամ, նկարիչ Հաղթանակ Շահումյանի խոսքով, հանձնաժողովին չի ներկայացվել: Ըստ նրա՝ իրենց ներկայացվել էր նույն հեղինակի՝ քանդակագործ Դավիթ Մինասյանի ստեղծագործության այլ տարբերակ:

«Այդ տարբերակը ներկայացված չի եղել, հեղինակն ունի ստեղծագործական գործընթաց ապրելու իրավունք, բայց դա լրիվ այլ սկզբունք է, որովհետեւ գունային, տեխնիկական խնդիրներ կան: Երեւի այն պայմանավորվածությունը, որ հանձնաժողովի հետ պետք է աշխատեր, այդ պահը դեռ չի հասունացել, ես այդ ներկայացված տարբերակը չեմ տեսել, իսկ համացանցում հայտնված նկարով դժվար է դատել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Հաղթանակ Շահումյանը:

Ըստ նրա՝ հեղինակին չպետք է ժամանակի սահմանափակումների մեջ դնել, պետք է նրան հնարավորություն տալ պրպտել, ազատ ստեղծագործել. «Ժամանակի սղությունը, որ կապվում է հոբելյանին անպայման հասցնելու հետ, ճնշող հանգամանք է, դժվարություններ է ստեղծում ստեղծագործողի համար: Չնայած, որ Դավիթը լավ խորհրդատու ունի, նրա հայրը մեր սերնդի քանդակագործներից է, դասավանդում է, մի խոսքով, նա խորհրդատուների պակաս չունի: Լավ կլինի, կարծում եմ»:

Անդրադառնալով արձանի վերաբերյալ հասարակության քննադատություններին՝ Հաղթանակ Շահումյանը նկատեց, որ վերջին շրջանում քաղաքում հայտնված անհաջող քանդակների շարքից հասարակությունը վախեցած է, ինչի պատճառով էլ, ըստ նրա, Արամ Մանուկյանի արձանի վերաբերյալ նման բուռն քննարկումներ ու քննադատություն է սկսվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728