Ինչպիսի՞ պետություն ենք մենք կառուցում իրականում եւ ո՞ւմ համար

Ինչպիսի՞ պետություն ենք մենք կառուցում իրականում եւ ո՞ւմ համար

Մոտենում է 2018-ի ապրիլը, երբ Հայաստանն ամբողջությամբ անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգին: Բացի դրանից, կարծես արդեն իսկ կարելի է համարել, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը ստացել է համապետական ծրագրի կարգավիճակ: Եվ երկուսի դեպքում էլ առաջանում են օրինաչափական հարցեր. ի՞նչ է դրա տակ ենթադրվում իրականում եւ ո՞ւմ համար:

Մենք այսօր չունենք անկախ դատական իշխանություն, եւ դա փաստ է, որը չի հերքվում եւ չի էլ կարող հերքվել անգամ իշխանության կողմից: Եվ անցում կատարելով խորհրդարանական կառավարման՝ կարելի էր ենթադրել, որ խորհրդարանը կստանձնի ավելի ակտիվ դեր գործադիր իշխանությանը միահեծան եւ անպատասխանատու ռեժիմից հանելու գործում: Սակայն իրականությունն, ինչպես տեսնում ենք, ավելի «բարդ է»:
Գործադիրը «փակում է» նիստերը, կառավարման կարեւորագույն լծակ հանդիսացող օղակները պահում ապագա վարչապետի ուղղակի ենթակայության ներքո, «առընթեր» կարգավիճակում, այն է՝ խորհրդարանական ուղղակի վերահսկողությունից դուրս:

Մյուս կողմից՝ Ազգային ժողովի պատգամավորների թիվն է կրճատվել, պահպանվել է իշխանության «թաղային»-ապաքաղաքական ռեսուրսը՝ ռեյտինգային կոչված լպրծուն համակարգի օգնությամբ, մինչդեռ խոսվում էր «միայն համամասնական»-ի մասին…
Բացի դրանից, խորհրդարանում բացակայում են մի շարք կարեւորագույն ուղղություններով մասնագիտացած հանձնաժողովները կամ ենթահանձնաժողովները, եւ այդ ուղղություններն ընդհանրապես դուրս են թե՛ վերահսկողությունից, թե՛ պատկերացումից, թե գործադիրն այդ ուղղություններով ինչ է անում: Դրանք են, օրինակ, քննչական եւ հետախուզական մարմինները, եւ ընդհանրապես, ի՞նչ ասել է հայկական հետախուզություն (խոսքը ռազմական հետախուզության մասին չէ), եւ այստեղ ԱԺ-ն, ասենք, ասելիք ունի՞, թե՞ որոշված է, որ դա «պատգամավորների խելքի բանը չէ»: Իսկ եղած հանձնաժողովներն արդյո՞ք օժտված են պատշաճ լիազորություններով եւ հնարավորություններով արդյունավետ խորհրդարանական վերահսկողության համար, թե՞ ոչ: Եվ մի հարց էլ. իսկ սրա մասին հարցնող կա՞ գոնե, թե՞ «գոնե այսպես էլ մնա՝ վատ չէ»: Կամ՝ արդյո՞ք ներկայիս խորհրդարանն ի վիճակի կլինի պատշաճ կերպով վերահսկելու գործադիր իշխանությանը:

Արդյո՞ք այս որակի զսպում-հակակշիռների մեխանիզմները, այս հեղհեղուկ մոտեցումները համարժեք են մեր շուրջը ծավալվող զարգացումներին:

Դատելով համառությամբ կատարվող «փոփոխություններից», որոնց փիլիսոփայությունն է՝ «այնպես փոխենք, որ ոչինչ չփոխվի, բայց ասեն, որ փոխվում է», պետք հասկանալ, որ համարվում է, թե՝ այո, համարժեք է: Իհարկե, մարդկային երեւակայությունը թույլ է տալիս համարել ինչ ուզես, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, թե դա այդպես է:
Հիմա էլ «Ազգ-Բանակը»… «Ազգ-Բանակ» են ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Իսրայելը, որոնք ժողովրդավարական պետություններ են, եւ որտեղ ապրում է զինված հասարակություն: Իսկ մեր գյուղերն անգամ անպաշտպան են սոված գայլերի հարձակումներից…. Մեզ մոտ զինված են միայն ոստիկանները եւ հանցագործները: Իսկ առաջինների կամայականություններից եւ երկրորդների այլանդակությունից հասարակությունը նույնպես անպաշտպան է: Ունենք հիմնականում զորակոչով համալրվող բանակ, բայց մեծ հաշվով չունենք ռեզերվ, չունենք ռեզերվի նախապատրաստման ծրագիր, կարծես չենք էլ մտածում մարտունակ հասարակություն ունենալու մասին: Բայց դրա փոխարեն միայն «հպարտանում ենք», լսում ենք համազգեստ հագած ինչ-որ երգիչների անհամ «ռազմահայրենասիրական» երգեր, ունենք հեռուստացույց, որից՝ մերը քիչ է, մի հատ էլ Ռուսաստանի «ճիշտն» է լցվում մեր տները եւ «կախվում» քաղաքացիների «ականջներից»: Բայց մեկ էլ որոշել ենք, որ այլեւս «ոչ մի տարկետում»…

Մենք փորձում ենք մեր հասարակական-քաղաքական կյանքում ապրել «առաջվա պես» եւ «դժբախտություն չենք համարում», որ Վաշինգտոնի «Կրեմլի ցուցակի» մեջ ներառված են անձինք, որոնց գլխավորած ընկերությունները չափազանց կարեւոր, անգամ որոշիչ դեր ունեն Հայաստանի տնտեսության մեջ: Պետական մարմիններում քաղաքական որոշում ընդունողներին դեռ հասկանալի չէ, որ այդ պատժամիջոցները շարունակվելու են մինչեւ Պուտինի քաղաքական կամ ֆիզիկական մահը՝ հաստատապես, իսկ թե դրանից հետո որքան՝ հայտնի չէ ոչ ոքի, նույնիսկ նրանց, ովքեր ԱՄՆ Կոնգրեսում այդ ամենին կողմ են քվեարկել: Բայց մեզ համար դա «ողբերգություն չէ»…

«Ողբերգություն չէ», որ Հայաստանում շրջանառվող ապրանքը եւ փողը այս ամենի արդյունքում ինֆեկցված են եւ սանացիայի կարիք ունեն, մինչդեռ Հայաստանի ԱԳ նախարարն այդ՝ «Կրեմլի ցուցակի» հրապարակման օրը հայտարարում է, թե որքան «կարեւոր են Հայաստանի համար» այդ ճանապարհները, որոնք պետք է «անցնեն» Աբխազիայով եւ Հարավային Օսեթիայով…

«Ողբերգություն չէ», որ այսօր որեւէ ատյան կամ խողովակ չկա Հայաստանի Հանրապետությունում, որտեղ կարող է դիմել Հայաստանի կամ Ռուսաստանի ռեզիդենտ-գործարար ռեզիդենտը, որը ցանկանում է տարհանել իր կապիտալը Ռուսաստանից Հայաստան՝ միանգամայն լեգալ, միջազգային հանրության եւ միջազգային պատժամիջոցների կատարումը վերահսկող մարմինների համար խնդիրներ չհարուցող եղանակով:

Բազմիցս է ասվել, որ Հայաստանում քաղաքական որոշումներ ընդունելու մեխանիզմները զուրկ են «ապահովիչներից», որոնք պետք է «գցեն», եթե դրանք սխալ են կամ վտանգավոր, կամ թելադրված չեն մեր շահերով, չեն բխում մեր շահերից: Եվ ստացվում է, որ պետությունը եւ հասարակությունը մշտապես գտնվում են այդ սխալների պատճառով հարվածներ ստանալու, նյութական վնասներ կրելու սպառնալիքի ներքո:

Ստացվում է նաեւ, որ այլ ճանապարհ չի մնում, քան ուղղակի օրինական ճանապարհով, օրենքով չարգելված բոլոր եղանակներով հասարակությունն ուղղակի պարտադրի իշխանությանն այս ամենի հետ հաշվի նստել եւ մեծացնել պատասխանատվությունն իր արածի եւ չարածի համար: Ըստ ամենայնի, նույն եզրահանգմանն է եկել խորհրդարանական ընդդիմությունը, որն ունենալով սահմանափակ ռեսուրսներ, այնուամենայնիվ, իր էներգիայի կարեւոր մասը որոշել է հատկացնել հանրահավաքային պայքարին: Որովհետեւ այս տեսակ «փոփոխությունների» մեջ չկա քաղաքացին, քաղաքացու օտարումը պետությունից հմտորեն պահպանվում է, իշխանությունը գեներացնում է ապատիան եւ կառավարում այն՝ նպատակ ունենալով կոնսերվացնել իրավիճակը: Եվ բաց է մնում հարցը. ինչպիսի՞ պետություն ենք մենք կառուցում իրականում եւ ո՞ւմ համար:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

06.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք