Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի բնակչության թիվը նվազել է 4100-ով

Փետրվար 06,2018 15:52

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, Շիրակի մարզում 2017 թվականին, 2016 թվականի հետ համեմատ, 4100-ով նվազել է բնակչության թիվը։ Բանը հասել է նրան, որ տեղական տուրքերը հավաքագրելու լուրջ խնդիրներ են առաջացել, օրինակ՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ դժգոհեց աղբի չհավաքագրվող վարձավճարներից, նա ասաց՝ ծեծում ես, շատ դռներ փակ են։

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը նշում է, որ ժողովրդագրական առումով Հայաստանը խորը ծերացող երկիր է համարվում։ Ըստ մեր զրուցակցի, Հայաստանում դեռ մահացողների թիվը չի գերազանցում ծնվածների թվին, ինչպես օրինակ՝ Ռուսաստանում է (ՌԴ-ում նախորդ տարվանից այդ վիճակն է), բայց եթե այս տեմպերով շարունակվի, մոտ ապագայում շուտով նույն վիճակը մեզ մոտ կլինի։ «Այս ամենը խորը պատճառներ ունի, առանձնացնեմ դրանցից մեկը՝ 12-ամյա կրթական համակարգին անցնելը, դա բերում-հանգեցնում է ուշ ամուսնության, ուսումնակրթական համակարգում 6-ամյա ուսումնառությունը՝ բակալավր, մագիստրատուրա, հետո ասպիրանտուրա, դա էլ իր ազդեցությունն ունի։ Այսինքն՝ մեր պետությունը իր վարած քաղաքականությամբ նախադրյալներ է ստեղծում, եվրոպական ուղին ենք ընտրում կրթական մոդելի առումով, այս ամենը նպաստում է ուշ ամուսնության, իսկ ուշ ամուսնությունը բերում է երեխաների ծնելիության թվի նվազման։ Եթե վերցնենք վիճակագրությունը, նայենք, ապա ծննդաբերողների մեջ ամենամեծ բաժինն ընկնում է 22-27 տարեկան կանանց, այդ տարիքում են ծննդաբերում, դրանից բարձր սկսում է կտրուկ նվազել, մեր մոտ ո՞նց է՝ առաջին ու երկրորդ երեխաներն են, որ ծնվում են և քիչ ընտանիքներ կան, որոնք 3-րդ երեխա են ունենում։ Սոցիալապես անապահով ընտանիքներում շատ ավելի են երեխաներ ունենում, քան ապահովված ընտանիքներում։

Ժողովրդագրական անկման հարցում իր դերն ունի նաև երկրի զարգացման անորոշությունը, սովորելուց հետո խնդիր է՝ մարդն աշխատանք կունենա՞, թե՞ չի ունենա։ Եթե աշխատանք ունենալու հնարավորությունն անորոշ է, իսկ արտագաղթի հնարավորությունն ավելի մեծ, բնականաբար դա էլ իր ազդեցությունը կունենա, բնականաբար գործոնները բազմաթիվ են»,-ասում է Արտաշես Բոյաջյանը։

Ըստ նրա, Շիրակի մարզն ամենաշատը բնակչություն ունեցել է նախքան երկրաշարժը՝ 361 հազար բնակիչ է ունեցել։ Իսկ հիմա պաշտոնապես 238 հազար է, ըստ մեր զրուցակցի, բնականոն զարգացման դեպքում այս մարզը կունենար 550 հազարից ավելի բնակիչ, կոնկրետ Գյումրին՝ 300 հազարից ավելի։ «Մենք հիմա ունենք այնքան բնակչություն, ինչքան որ 1959 թվականին ենք ունեցել»,-ցավով արձանագրում է Արտաշես Բոյաջյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728