Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքի դեմքը չկորցնելու համար պետերբուրգցիները մշտական պայքար են մղում

Փետրվար 08,2018 13:30

Խորհրդային տարիներին, երբ դեռ Եվրոպա մեկնելու հնարավորություն չկար, մեր ծնողների, տատիկ-պապիկների համար ԽՍՀՄ սահմաններում ամենահայտնի ու ցանկալի ուղղությունը Լենինգրադն էր: Խորհրդային միությունը փլուզվեց, դեպի Եվրոպա ճանապարհներն էլ բացվեցին, բայց Լենինգրադը կամ այժմյան Սանկտ Պետերբուրգն իր դիրքերը չզիջեց: Դե իսկ արդեն այսօր երբեմնի ցարական Ռուսաստանի մայրաքաղաքը զբոսաշրջիկների է ընդունում ոչ միայն նախկին խորհրդային երկրներից, այլեւ ողջ աշխարհից: Պետերբուրգն այսօր մայրաքաղաք չէ, բայց «Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք» անվանումն այս քաղաքը հպարտորեն է կրում:

Սուրբ Իսահակի տաճարը:

Սանկտ Պետերբուրգը զբոսաշրջիկներին դեպի իրեն է ձգում երկու կարեւորագույն արժանիքներով. դրանցից մեկն, իհարկե, Էրմիտաժն է՝ աշխարհում արվեստի ամենամեծ հավաքածուն ունեցող թանգարաններից մեկը, իսկ քաղաքի մյուս արժանիքը պահպանված ճարտարապետությունն է՝ այնպես, ինչպես այն եղել է դեռեւս Պետրոս Առաջինի ժամանակ: Ու հենց դրա շնորհիվ էլ Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնն այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում:

Միայն թե` եթե զբոսաշրջիկի աչքերում Սանկտ Պետերբուրգն իր հին ճարտարապետությունն իդեալականորեն պահպանած, ցածրահարկ կոլորիտային շենքերով ու գունային գերազանց համադրությամբ քաղաք է, ապա իրենց՝ պետերբուրգցիների աչքերում, պատկերը նույնը չէ: Քաղաքը երբեմն կանգնում է իր դեմքը կորցնելու վտանգի առջեւ ու իր իրավունքների համար պայքարողների կարիք ունենում: Ճիշտ այնպես՝ ինչպես Երեւանը:

 

Երեւանի կենտրոնում տարիներ շարունակ կառուցվող, քաղաքի համաչափությունն ու թամանյանական նախագիծը փչացնող էլիտար շենքերից հետո, իհարկե, դժվար էր Սանկտ Պետերբուրգում խնդիրներ տեսնելը: Բայց իրենց սեփական քաղաքի մի քանի հին շինություններում հայտնված եվրապատուհանները պետերբուրգցիների աչքից չեն վրիպում, իսկ դարեր շարունակ խնամքով պահպանված մի քանի շենքերի ոչնչացումը քաղաքաբնակները չեն ներում:

Տարիներ առաջ, երբ Երեւան քաղաքի կենտրոնում վերացնում էին հին կառույցները՝ Հյուսիսային պողոտա կառուցելու նպատակով, ցույցերը, երթերն ու բողոքի ակցիաները մեզ մոտ էլ քիչ չէին: Շատերը նաեւ խոստանում էին երբեւէ չքայլել Հյուսիսային պողոտայով, շրջանցել քաղաքի այդ հատվածը: Շրջանցել պողոտան, այսօր, իհարկե, դժվար է, բայց քաղաքի համաչափությանը հասցրած վնասն ակնհայտ է:

Սթոքման

Ֆիննական Սթոքման հանրախանութի շենքը: Լուսանկարը` fontanku.ru- ից:

Ճիշտ նույն կերպ տարիներ առաջ Սանկտ Պետերբուրգի Նեւսկի պողոտայում ընթանում էին ցույցեր ու երթեր՝ ֆիննական Սթոքման հանրախանութի կառուցման դեմ: Իսկ հանրախանութի կառուցման համար պետք էր վերացնել հին շենքերը: Պարզապես ռեստավրացիային ֆիննական ընկերությունը չէր համաձայնում: Հին շինությունները քանդվեցին ու հանրախանութն ի վերջո կառուցվեց՝ ֆասադային մասը պատմական շենքերի ոչ ճիշտ կրկնօրինակն էր, ապակյա հավելումներով, սակայն ամենավտանգավորը` շենքում ներկառուցված ստորգետնյա ավտոկայանատեղիներն են: Հիշեցնենք, որ Պետերբուրգը, ըստ էության, ճահիճների վրա է կառուցված եւ նման մեծամասշտաբ ստորգետնյա կառույցը անվտանգության որեւէ չափանիշի չի համապատասխանում: Այսօր էլ ակտիվիստներից շատերն այդ հանրախանութից պարզապես չեն օգտվում:

Լախտա կենտրոն

Բայց սանկտպետերբուրգցիների ցույցերը միշտ չէ, որ անարդյունք են մնացել: 2012թ.-ին արդեն քաղաքի կենտրոնը բոլորովին այլ տեսք կունենար, եթե չլինեին ակտիվիստների ու քաղաքի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ջանքերը:

«Գազպրոմ» ընկերությունը մտադիր էր հին կենտրոնում կառուցել 396 մետր բարձրությամբ երկնաքեր: Ի դեպ, քաղաքի այդ հատվածում 40 մ բարձրությունից ավելի շինություն կառուցելն օրենքով արգելված էր: Իրար հաջորդող բազմաթիվ դատական նիստեր, բողոքներ ու ցույցեր, եւ ի վերջո երկնաքերի նոր սկսված շինարարությունը դադարեցվեց, բայց պատմությունը սրանով չավարտվեց:

Ահա թե ինչպիսին կլիներ Սանկտ Պետերբուրգը` Օխտակենտրոնի կառուցման դեպքում: Լուսանկարը` ecoist.livejournal.com -ից:

Օխտակենտրոնը պարզապես մի քանի կիլոմետր հեռու տեղափոխվեց քաղաքի պատմական հատվածից՝ դառնալով Լախտա կենտրոն: Իսկ բարձրությունը նախատեսվածից ավելացավ 100 մետրով: Լախտա կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարի: Սակայն այսօր էլ այն արդեն երեւում է Սանկտ Պետերբուրգի ցանկացած կետից:

Լախտակենտրոնը եւ Սանկտ-Պետերբուրգը: Լուսանկարը` meduza.io-ից:

Եվ եթե հին եվրոպական քաղաք հիշեցնող Սանկտ Պետերբուրգում քաղաքացիները նորակառույց երկնաքերը համարում են քաղաքի տեսքն ու համաչափությունը փչացնող հրեշ, ապա հարց է առաջանում՝ ո՞րն է այդ հրեշը մեր քաղաքում:

 

ԱՐՓԻ ԲԵՔԱՐՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Էրմիտաժը

«Առավոտ»

07.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728