Միակ հայ պարուհին՝ Կարլ Օրֆֆի «Կարմինա Բուրանա» բալետում

Միակ հայ պարուհին՝  Կարլ Օրֆֆի «Կարմինա Բուրանա» բալետում

Կարլ Օրֆֆի «Կարմինա Բուրանա» կանտատը համարվում է 20-րդ դարի բեսթսելեր, որը նացիստական Գերմանիայում ստեղծված ու կատարված ամենահայտնի ստեղծագործությունն է: Առաջին անգամ այն հնչել է 1937թ.: Նացիստական քննադատներից ոմանք այս երկը որակել են որպես դեգեներատիվ արվեստի նմուշ:
Կանտատի օրիգինալը 11-12-րդ դարերում Բավարիայի վանականների կողմից գրված ավելի քան 200 բանաստեղծությունների ժողովածուն է, որից կոմպոզիտորն ընտրել է 24-ը: Որոշ ժամանակ անց մեներգիչների, երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված այս գործը գրավեց խորեոգրաֆների ուշադրությունը: «Կարմինա Բուրանան» իբրեւ բալետային ներկայացում բեմադրվել է հեղինակավոր թատրոններում:
«Առավոտը» հանդիպեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի Սոնա Վարդանյանին, որը ֆրանսիական Arame Production-ի հրավերով օրերս մասնակցել է Փարիզում եւ այլ քաղաքներում կայացած «Կարմինա Բուրանայի» պրեմիերային:

Տեսարաններ «Կարմինա Բուրանայից»:

Մեզ հետ զրույցում բալետի արտիստը տեղեկացրեց, որ հայտնի ստեղծագործությունը նորովի է ներկայացվել. «Խորեոգրաֆն էր Նադեժդա Կալինինան, դիրիժորը՝ Վադիմ Նիկիտինը Սանկտ Պետերբուրգից, սիմֆոնիկ նվագախումբը Հունգարիայից էր, երգչախումբը՝ Ուկրաինայից: Մեներգիչներն էին Խարկովի օպերային թատրոնից Վլադիմիր Կոզլովն ու Ալյոնա Ստարիկովան, Ռոստովի թատրոնից՝ Իվան Սապունովն ու հանրահայտ Անաստասիա Չեռնովոլոսը: Ընտրվել էին լավագույն նկարիչներ՝ Բելառուսից: Պատանու դերապարի համար հրավիրված էին Իգոր Օնոշկոն եւ Յուրա Կովոլյովը: Աղջկա դերապարում ես էի»: Ռեպլիկին, թե հիմնականում ռուսական թիմ էր հավաքված, Սոնա Վարդանյանը նշեց. «Այո, Arame Production-ը տարիներ շարունակ համագործակցում է ռուս արտիստների հետ»:

Հետո էլ հավելեց. «Կարլ Օրֆֆի ընտրած 24 բանաստեղծություններին ներկայացման պրոդյուսերը Ռուսաստանում ճանաչված բալետի արտիստ, ռեժիսոր, Arame Production-ի տնօրեն Արմեն Կարապետյանն ավելացրել էր այլ մտքեր եւս, որոնք որպես եղածի շարունակություն պատմում են մարդկանց մասին, որոնք փորձում են փրկել իրենց՝ սեփական խելագարությամբ ստեղծված դժոխքից»:

Երեւանի օպերային թատրոնում հաճախ չէ, որ հանդիպում ենք ժամանակակից բալետային ներկայացումների (նշենք միայն Ժակլին Սարխոշյանի, Ռուդոլֆ Խառատյանի եւ մեկ-երկու երիտասարդ խորեոգրաֆի կողմից իրականացված բեմադրությունները): Մեր զրուցակցին խնդրեցինք հակիրճ ներկայացնել ժամանակակից այս ներկայացման որոշ դրվագներ: «Երկու ժամ տեւողությամբ շոու է, որտեղ դասական բալետը ներկայացվում է ժամանակակից ձեւաչափով: Սա մասամբ պայմանավորված է մոնումենտալ ձեւավորումներով՝ բարու եւ չարի, կյանքի եւ մահվան, սիրո եւ ճոխության, ճամփորդության եւ ճակատագրի, այնպես, ինչպես Ֆորտունայի անիվի վրա: Երգչախմբի արտիստները լիիրավ մասնակից են բեմադրությանը, խառնվում են դահլիճին, գրեթե մոռանալով, որ երաժշտությունը հնչում է կենդանի կատարմամբ: Պարողներն էլ, օրինակ՝ հենց վարագույրի բացվելուց շարժման մեջ են: Ամենուրեք կարմիրն ընդգծում է սրահի որմնանկարը, որտեղ երաժշտությունը, շարժումն ու երգը համատեղվում են»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Սոնա Վարդանյանը 2017թ. այս օրերին Լիոնում, Մարսելում, Թուլուզում հանդես եկավ ճանաչված պարուհի Իդա Ռուբինշտեյնի կյանքը ներկայացնող «Իդա» ներկայացման մեջ, որի պրեմիերան կայացել է 2016թ. Չելյաբինսկի Գլինկայի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում, դարձյալ Նադեժդա Կալինինայի խորեոգրաֆիայով: Հայ պարուհին այս կերպարը մարմնավորել է նաեւ Շվեյցարիայի եւ Բելգիայի որոշ քաղաքներում եւս: Բալետի արտիստի խոսքերով՝ ֆրանսիական կազմակերպությունն իրեն «գտել» է՝ դիտելով Երեւանի օպերային թատրոնի «Սպարտակը», որտեղ նա հանդես է եկել Ֆրիգիայի դերապարով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

08.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք