Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Հիմնական մեղքը իշխանությանն է, նա է կրակում ժողովրդի վրա, նա է տասը հազար դրամ բաժանում». «Իրատես»

Փետրվար 09,2018 10:34

Ելք» խմբակցությունը «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների, նաև դրանից բխող թանկացումների առնչությամբ արդեն երկրորդ բողոքի երթն անցկացրեց: Խնդրո առարկան տնտեսական է, սակայն ակնհայտ է, որ այդ թանկացումները միայն տնտեսության վատ կառավարման «ծնունդ» չեն, մեր երկրում ամեն ինչ քաղաքական հենք ունի: Խմբակցության անդամ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում վստահեցրեց, որ իշխանությունների կամայականությունների դեմ իրենք երկու ուղղությամբ էլ պայքարում են:

-Ինչու՞ իշխանությունը չի արձագանքում ընդդիմությանը:

-Նրանք մի դեպքում են արձագանքում. երբ իրենց կոպիտ վիրավորում ես կամ հայհոյում: Միայն այդ դեպքում են հետաքրքրվում, որ տեսնեն ինչ ենք ասում: Այդ հարթության մեջ են խնդիրները դիտարկում: Թանկացումների համատեքստում կարևորում եմ տնտեսական ընդհանուր քաղաքականության փոփոխության հարցը: Ինձ համար անգամ ընդունելի կլինեին թանկացումները, եթե իշխանությունն ասեր, որ երեք կամ հինգ տարի հետո էս-էս ոլորտներում գումար դնելով, բյուջեն այսքան ավելանալու է: Պարոն Արամյանն ասում է՝ փողերը վերցնում ենք, որ ծառը ջրենք, բայց չի ասում, թե ինչ ծառ ենք ջրում, իրենց բյուջեի ուղերձում էլ դա չկա: Իմ ելույթից հետո նա ասաց, որ իրենց ուղերձում այդ մասին կա, ես չզլացա, 90-էջանոց ուղերձը կարդացի, բայց այնտեղ նման բան չկար:

Խնդիրը հետևյալն է՝ այս իշխանությունները բյուջեի դեֆիցիտը վերացնելու համար փորձում են եղած միջոցներից ավելի շատ հարկեր գանձել ու ապրանքները թանկացնել: Սա նաև միջազգային կառույցների պահանջն է, երբ դու քո բյուջեի բացը լրացնում ես պարտքերով, գալիս է մի պահ, որ կրկին պետք է պարտք վերցնես, որ պարտքդ մարես: Այսպես շատ երկրներ են դեֆոլտի գնացել, ինչպես Հունաստանը: Նման դեպքերում միջազգային կառույցներն ասում են, որ քո երկրում կոռուպցիան մեծ չափերի է հասնում, շատ ավելորդ ծախսեր ունես, թոշակներն ու աշխատավարձերը ոչ թե պետք է բարձրացնես, այլ իջեցնես, բանկերում ավանդները պետք է սառեցնես մինչև այս խնդիրները լուծելը: Հայաստանի պարագայում, երբ գործազրկության ու աղքատության ցուցանիշները շատ բարձր են, նման մոդելը մեր պարագայում չի աշխատելու, որովհետև մեր ժողովուրդը բողոքելու ուրիշ ձև գիտի: Մեր լրատվական դաշտն էլ համոզում է, որ դու հուսահատված ես, ոչ մեկի վրա հույս մի դիր, բոլորը ծախված են, ճիշտը Սերժ Սարգսյանն է, այս պարագայում քաղաքացին լքում է երկիրը՝ համարելով, որ այստեղ չի կարող լավ բան լինել: Այս տեմպերով մենք պարզապես կվերջանանք: Դրա համար ես առաջարկում եմ ոչ թե լրացուցիչ հարկեր հավաքել, այլ լրացուցիչ պոտենցիալ ներգրավել տնտեսությունում:

-Ժողովրդի հուսահատության հարցում ընդդիմությունը մեղքի բաժին չունի՞: Խոսքը միայն «Ելքի» մասին չէ, բոլորի, այդ թվում՝ նախորդ տարիների ընդդիմադիր ուժերի:

-Ընդդիմությանը չպետք է ընդհանրացնել: Կար ժամանակ, որ ամենաակտիվ ընդդիմությունը Արտաշես Գեղամյանն էր, որի քվեներն ինձնից մի քանի անգամ ավելի շատ էին, շատ անգամ ամենաակտիվ ընդդիմություն է եղել նաև Արթուր Բաղդասարյանը, հիմա եթե ասենք՝ իրենք էլ են մեղավոր, ես էլ, ճիշտ չէ: Պետք է թացը չորից տարբերենք: Կան ընդդիմադիրներ, որոնք երբեք նման գործելակերպ չեն ունեցել ու եթե հրապարակից էլ գնացել են, ապա՝ ամենավերջինը ու ո՛չ իրենց որոշմամբ: Եթե սա դուք չեք տեսնում և ընդհանրացնում եք, սովորական քաղաքացին էլ նույն կերպ է դիտարկում բոլորին: Խնդիրն ինձ չի վերաբերում, ես իմ թերությունների ու սխալների համար բազմիցս ներողություն խնդրել եմ: Այնպես չէ, որ իմ անցած ուղով հիացած եմ, բայց գոնե չեմ ամաչում, գլուխս չեմ կախում, ոչ էլ իմ երեխաներն են ամաչում: Այսպես էլ շարունակելու եմ ապրել:

Ինչ վերաբերում է ընդդիմության մեղքին, կարծում եմ, ընդդիմությունն էլ ունի մեղքի բաժին, բայց հիմնական մեղքը իշխանությանն է, նա է կրակում ժողովրդի վրա, նա է տասը հազար դրամ բաժանում, նրան են ենթարկվում ոստիկանությունը, դատախազությունը: Արդար ընտրություն ես ո՞նց եմ ապահովելու: Գործիքներն իր մոտ են, ինքն է պարտավոր դա անել, քանի որ դրա համար աշխատավարձ է ստանում:

Իհարկե, կա արտաքին քաղաքական գործոնի ազդեցություն, որը եղել է 2003-ին, 2008-ին: Դա ռուսական գործոնն է, որը փոփոխություն չի ուզում այս երկրում և իր կապերով, խոստումներով ձգում է ժամանակը, մինչև մարի գործընթացը: Մնացած բոլոր առումներով, ոչ Ստեփան Դեմիրճյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունների մեջ չեմ տեսել մի բան, որը ժողովրդի դեմ արվի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728