Արժե՞ այսքան ուռճացնել Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամկետի տեղափոխման հարցի նշանակությունը

Արժե՞ այսքան ուռճացնել Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամկետի տեղափոխման հարցի նշանակությունը

Փոխանակ հերթական անգամ խորը վերլուծելու, կանխատեսելու Ադրբեջանա-Արցախյան հակամարտության հետագա ընթացքի հնարավոր զարգացումները և մեր անելիքների հնարավոր ճշգրտումները, վայնասուն ենք բարձրացրել, թե Ալիևը ինչու է որոշել հերթական նախագահական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխել ապրիլ ամիս: Նույնիսկ փորձ է արվում դա կապել Ռուսաստանում մարտին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Ավելին, բազմաթիվ լուրեր են շրջանառվում, փորձելով այդ տեղափոխությունը կապել նաև Հայաստանում ապրիլին կայանալիք նախագահի ընտրության հետ այն դեպքում, երբ իրականում՝ որպես այդպիսին, նման ընտրություն չի լինելու:

Իհարկե, ցանկության դեպքում միշտ էլ կարելի է, ասենք Մոզամբիկում տեղի ունեցած ցանկացած՝ նույնիսկ տնտեսական իրադարձություն կապել աշխարհում ընթացող մի շարք քաղաքական կամ ռազմական իրադարձությունների հետ, սակայն դրանից աշխարհում համարյա բան չի փոխվի և այդ վերլուծությունները որևէ նշանակություն չեն ունենա աշխարհում ընթացող աշխարհա-քաղաքական իրադարձությունների վրա:

Պարզից էլ պարզ է, որ Ալիևը հենց այնպես, առանց պատճառների չի որոշել ընտրությունների ժամկետը տեղափոխել և ամենայն հավանականությամբ նա այդ քայլն անում է երկրի ներքին որոշակի հարցերից ելնելով, այդ դեպքում ով և ինչպես կարող է կռահել անկանխատեսելի Ալիևի քայլերի տրամաբանությունը: Միակ բանը, որը բոլորին է տեսանելի, դա այն է, որ փորձում է քիչ ժամանակ թողնել ընդդիմությանը՝ կոնսոլիդացվելու համար: Բայց դա էլ լուրջ պատճառ չէ, քանզի այդ նույն ընդդիմությունը նոր չի ձևավորվել և տասնյակ տարիներ շարունակ ապացուցել է, որ ինքը ունակ չէ որևէ կերպ դիմակայելու Ալիևի կամայականություններին: Էլ չեմ ասում, որ մինչև հոկտեմբեր ամիսը Ադրբեջանի ընդդիմությունը 4 տարուց ավելի ժամանակ ուներ, ով էր խանգարում նրա կոնսոլիդացվելուն: Այստեղ տեղին է նշել, որ այդ ընդդիմությունը շատ նման է վատ պարողին:

Երկու բառ էլ ասենք մարտին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին: Ենթադրենք նախագահական հերթական ընտրությունների ժամկետը ոչ թե մարտն ամիսն է, այլ հուլիսը, հետաքրքիր է, թե դրանից ինչ կփոխվեր Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Ադրբեջան կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Միանշանակ՝ ոչինչ: Ալիևն այնքան է խաբել աշխարհին և իր ժողովրդին, որ սա ուղղակի հերթական տրյուկն է ու ուրիշ ոչ մի լուրջ քաղաքական հիմնավորում էլ պետք չէ փնտրել, ուղղակի դրանով՝ զուտ հարմարավետության տեսանկյունից, փորձում է որոշ ներկազմակերպական խնդիրներ լուծել և ոչինչ ավելին: Աբսուրդի է նման, սակայն տեսականորեն հնարավոր է և նրանից հեռու չէ, որ կնոջը խոստացել է, որ նա հոկտեմբերին կդառնա Ադրբեջանի նախագահ ու դրանից առաջ ցանկանում է մեկ անգամ էլ՝ թեկուզ կարճ ժամկետով դառնալ նախագահ, հետո միայն գահը փոխանցի կնոջը: Այս տարիների նրա քայլերը պարզորոշ ապացուցել են, որ նա ամեն աբսուրդ քայլի կարող է գնալ և չափազանց անշնորհակալ գործ է կանխատեսել նրա հետագա քայլերը:

Բերենք ընդամենը մեկ օրինակ. ես չեմ հիշում աշխարհում տեղի ունեցած գեթ մեկ դեպք, երբ պատերազմող երկու երկրների ղեկավարներ՝ աշխարհի աչքի առջև, միջնորդների ներկայությամբ նստեն խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ և հենց նույն պահերին կողմերից մեկի կողմից հարձակումն ավելի մեծ թափով շարունակվի: Իսկ մենք վերջերս Սարգսյան-Ալիև բարձր մակարդակի կոչվող տարբերի հանդիպումների ժամանակ ականատես ենք եղել հենց նման իրողությունների և նույնիսկ շատ զարմացել, որ այդ ամենից հետո տեղի են ունեցել ինչ-ինչ փաստաթղթերի ստորագրում և ձեռք սեղմումներ:

Չեմ ուզում այս թեման շարունակել, քանզի դա Ալիևն է էլի…: Հիմա ազգովին նստած ուզում ենք կռահել, թե ինչու է Ալիևը ընտրությունների ժամկետը առաջ բերել: Բազմաթիվ անգամներ նույն Ալիևը սահմանված ժամկետներում է իրականացրել նմանատիպ ընտրությունները, իսկ դրանից ի՞նչ է փոխվել: Մի՞թե Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրությունների ժամկետներն են որոշում այս հակամարտության հետագա ճակատագիրը…: Դա ընդամենը մի սովորական՝ որոշված արարողակարգ է, որը բազմիցս եղել է Ադրբեջանում և այս անգամ էլ նույն կերպ կլինի, անկախ նրանից, դա կլինի հոկտեմբերին, թե ապրիլին:

Այ, ուրիշ բան, որ մտածենք, թե ինչպես անենք, որ աշխարհի վերաբերմունքի վեկտորն այս հակամարտության նկատմամբ փոխենք դեպի մեր կողմը, կամ ինչպես անենք, որ Ռուսաստանը նույն չափով չզինի Ադրբեջանին, որ գոնե այս կամ մյուս ապրիլներին նույն թոհուբոհով չանցնենք, կամ ինչպես անենք, որ կոռուպցիան բանակում նվազի, կամ ինչպես անենք, արտագաղթի տեմպերը նվազեն, կամ ինչպես առնենք այս կատաղի գնաճի դեմը, կամ ինչպես նոր աշխատատեղեր բացենք, կամ ինչպես վերջնական հաղթանակով մեկընդմիշտ վերջ դնենք այս պատերազմին, որը բազմաթիվ մատղաշ կյանքեր է խլել, կամ … և այսպես շարունակ…

Սրանց մասին պետք է մտածենք, թե չէ Ալիևը ինչ է անում իր տանը, դա մեր գործը չէ, քանզի առանց այն էլ մենք շատ գործեր ունենք…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք