«Գարուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերը հայրս է, ոչ թե ես»․ Երևանի դատախազության դատախազ

«Գարուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերը հայրս է, ոչ թե ես»․ Երևանի դատախազության դատախազ

Ինչպես հայտնի է՝ երեկ Գյումրու Մարմաշեն խճուղու 1-ին հասցեում գործող «Գարուն» ռեստորանահյուրանոցային համալիրին կից ավտոտնակում ողբերգական դեպք էր տեղի ունեցել․ ժամը 11․00-ի սահմաններում հյուրանոցի ադմինստրատորը հյուրանոցին պատկանող ավտոտնակում կայանված մեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել էր Գյումրիի բնակիչներ՝ 30-ամյա Դավիթ Մ․-ի և 28-ամյա Քրիստինե Շ-ի դիերը։  Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ փոխանցել էր, որ դիերի վրա բռնության հետքեր չկան, նախնական տվյալներով նրանք թունավորվել են շմոլ գազից։ Քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Մենք զանգահարեցինք Երևան քաղաքի դատախազության դատախազ Գևորգ Գևորգյանին՝ փորձելով  որոշակի մանրամասներ իմանալ այս դեպքի շուրջ։  Վերջինս, սակայն, պատասխանեց, որ  ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերը հայրն է, ինքը ոչ մի առնչություն չունի այս համալիրի հետ։ «Գարուն ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերը շուրջ 20 տարի հանդիսանում է հայրս, ով ղեկավարում ու տնօրինում է ձեռնարկատիրական գործունեությունը,  ես նշված համալիր հետ որևէ առնչություն չունեմ։  Ինձ զարմացրեցին նաև լուրերն այն մասին, թե իբրև  Շիրակի մարզում մասնակցել եմ ճանապարհատրանսպորտային պատահարի։ Հայտարարում եմ, որ իմ մասնակցությամբ ընդհանրապես նման պատահարներ տեղի չեն ունեցել և հորդորում եմ դիտումներ հավաքելու համար չշահարկել իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, առավել ևս երբ գրում եք դժբախտ պատահարի՝ երիտասարդների մահվան մասին»,-ասաց դատախազը։

Մենք կապ հաստատեցինք Գևորգ Գևորգյանի հոր՝ Սեյրան Գևորգյանի հետ։ Վերջինս ասաց, որ հյուրանոցը կառուցել է  ինքը՝ 1996 թվականին, երբ իր որդին՝ Գևորգ Գևորգյանը դեռ 10 տարեկան էր։  «Ռեստորանահյուրանոցային համալիրը ես եմ կառուցել, իմն է, այսօր էլ պետռեգիստրում որպես անհատ ձեռներեց գրանցված է իմ անունը։ Որդիս 2000 թվականից բնակվում է Երևանում, ընդունվեց պետհամալսարան, սովորեց ու աշխատում է այնտեղ։ Ես եմ սեփականատերը, խնդրեմ, կարող եք գալ, իմ փաստաթղթերը նայել, ես դրանք նաև իրավապահներին եմ ներկայացրել, այնպես որ ձեզ հետաքրքրող հարցերը ուղղեք ինձ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են որդուս անունը շոշափում՝ առանց փաստաթղթերը նայելու, նույնիսկ չեղած ավտովթարի մասին գրեցին»,- ասաց Սեյրան Գևորգյանը։

Նա պատմեց, որ երիտասարդը նախորդ օրը ժամը 13․30-ի սահմաններում հյուրանոցային սենյակ է պատվիրել։ «Տղան ասել է, որ ես ուզում եմ ավտոտնակով հյուրանոցային համար։ Ավտոտնակով հիմնականում Երևանից եկած հյուրերն են վերցնում, ասենք առաքիչները, որ կարողանան մեքենաները կայանել, այս տղան ասել է, որ իր մեքենան խնդիրներ ունի, և ինքն էլ ուզում է անպայման ավտոտնակով համար։  Ավտոտնակի դարբասներն ավտոմատ են, ինքը բացել, մտել-ելել է, թե ե՞րբ է այդ աղջկան բերել, մեր աշխատողներից ոչ մեկը չի տեսել, քանի որ իրենք չեն սնվել մեզ մոտ, նույնիսկ սուրճ չեն պատվիրել։ Առավոտյան ժամը 11-ին սենյակը պիտի հանձներ, հյուրանոցի աշխատակիցները զանգել են, թե արդեն հանձնելո՞ւ եք սենյակը, որ գնան, հավաքեն, զանգերին պատասխանող չի եղել։  Ադմինստրատորը գնացել, իր բանալիով բացել է, տեսել է մարդ չկա, հետո տեսել է ավտոտնակում մեքենայի հետևի նստատեղին անշարժ նստած են, վախեցած ահազանգել է, մենք ենք կանչել թե՛ շտապօգնություն, թե՛ ոստիկանություն։

Բժիշկներն ասացին, որ, նախնական տվյալներով, գազից են թունավորվել։ Հետո ոստիկաններն ասացին, որ  այդ տղան աշխատել է Մայիսյանի հացի փռում՝ որպես առաքիչ, առավոտ շուտ՝ ժամը 7-ին պիտի լիներ այնտեղ։ Առավոտ շուտ դուրս են եկել, ամենայն հավանականությամբ զրուցելու թեմա են ունեցել, որ մեքենայի հետևի նստատեղին են նստել, իրավապահները կպարզեն դեպքի հանգամանքները։ Ես ոստիկաններից իմացա, որ պատրաստվում էին ամուսնանալու»,-ասաց Սեյրան Գևորգյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք