Լրահոս
Օրվա լրահոսը

Աթեշյանի վերադարձը

Փետրվար 11,2018 19:08

Թե հատկապես որքան մեծ է  Հայ Առաքելական եկեղեցու դերը սփյուռքի հայկական գաղթօջախների միասնության, հայապահպանության հարցերում և որ ամենակարևորն է, հատկապես հայոց լեզվի պահպանման հարցում, դժվար է գերագնահատել, հետևաբար նաև նույնքան կարևոր է այդ գաղթօջախների Հայ Առաքելական եկեղեցիներում ծառայող հոգևորականների որպիսին լինելը: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին առաջին հերթին պետք է ծառայի հայ ժողովրդին ու հայ ազգին, ուստի խիստ տրամաբանական է, որ եկեղեցու ցանկացած սպասավոր իր ազգությամբ, արյամբ, մտածողությամբ պետք է առաջին հերթին մաքրամաքուր հայ լինի՝ իր բոլոր հետևանքներով, որն անբեկանելի աքսիոմ է: Աշխարհով մեկ սփռված Հայ Առաքելական եկեղեցիների և հոգևոր այլ կենտրոնների թիվը բավականին մեծ է, հետևաբար շատ անգամ ավելի մեծ է դրանցում ծառայող հոգևոր սպասավորների թիվը ու չափազանց դժվար է հատիկ-հատիկ ներկայացնել նրանցից յուրաքանչյուրի ազգային և հոգևոր նկարագիրը, սակայն մեր եկեղեցին ունի ընդամենը երկու պատրիարք, ովքեր իրենց լիազորություններով համարյա կաթողիկոսներ են, ուստի դժվար է գերագնահատել նրանց անուրանալի ազդեցությունը հատկապես այդ հայկական գաղթօջախներում բնակվող հայերի կյանքում:

Այժմ ավելի կոնկրետ խոսենք Պոլսո հայոց պատրիարքի՝ Արամ Աթեշյանի ընտրության մասին, որի նախապատմությունն արդեն մի քանի ամիս է շարունակվում է այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ այդ ժամանակվա պատրիարք, գերաշնորհ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարել իր առջև դրված պարտականությունները: Այդ ժամանակ պատրիարքի տեղապահ նշանակվեց Թուրքիայի իշխանությունների, հատկապես Էրդողանի սիրելի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն այդ ամիսների իր գործունեությամբ՝ մեղմ ասած, չշահեց հայ համայնքի համակրանքը, որի հետևանքով, հետագա իրադարձությունները ծավալվեցին ոչ ի օգուտ Աթեշյանի, որի պատճառով էլ նա ստիպված եղավ հրաժարական տալ: Հենց այդ ժամանակ էր, որ բոլորին թվաց, թե վերջապես ազատվեցին թուրքանպաստ գործունեություն ծավալող արքեպիսկոպոսից և սկսեցին հանգիստ շունչ քաշել:

Հաշվի չառնվեց ամենակարևորը, որ դա ևս թուրքական դիվանագիտություն էր և Թուրքիայի իշխանությունների ու նրանց սիրելի արքեպիսկոպոսի գրոսմայստերական պայմանավորվածությամբ, ընդամենը թայմ-աուտ վերցվեց, որը հետագայում ոսկերչական ճշգրտությամբ օգտագործվեց և տվեց սպասված հաղթանակը: Գուցե և այլ հնարավորություն չկար, բայց որ շախմատային լեզվով ասած, այդ թայմ-աուտը հանճարեղ քայլ էր, կարծում եմ գոնե այսօր ոչ ոք չի կասկածում: Ինչևէ, եղածը եղավ, և Աթեշյանը դարձավ Պոլսո Հայոց պատրիարք: Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա փաստացի ամիսներ շարունակ ընթանում էր լուռ հակամարտություն Պոլսո հայ համայնքի բնակչության, ով պետք է ընտրեր պատրիարքին և Թուրքիայի իշխանությունների միջև, որն ի վերջո ավարտվեց նրանց դիվանագիտական հաղթանակով…

Հասկանալի է, որ պատրիարքարանը գործում է Թուրքիայի տարածքում և կատարվածի դեմն առնելը չափազանց դժվար էր, սակայն միևնույն է, այս պարտությամբ և Պոլսո հայ համայնքը, և ընդհանրապես ամբողջ հավատացյալ հայ  ժողովուրդը չափազանց մեծ բան կորցրեց և դեռ շարունակելու է կորցնել այնքան, քանի դեռ այդ գահին բազմած կմնա արքեպիսկոպոս Աթեշյանը…

Ամեն դեպքում, կարծում եմ, որ ինչ-որ բան հաստատ պակասեց Պոլսո պատրիարքարանի բարձրաստիճան հոգևոր դասին՝ ավելի միասնական և ավելի նպատակասլաց գործելու համար…

Աղոթում եմ Տիրոջը, որ այնպես անի, որպեսզի պատրիարք Աթեշյանը մի փոքր էլ հայ համայնքին ծառայի…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

 Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի նախկին ատենապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728