Միքայել Միքայելյան. «Զբաղեցրած տեղից գոհ չեմ, իսկ արդյունքից բավարարված եմ»

Միքայել Միքայելյան. «Զբաղեցրած տեղից գոհ չեմ, իսկ արդյունքից բավարարված եմ»

Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում այսoր մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ Միքայել Միքայելյանը: Դասական սպրինտում հայ դահուկորդը հաղթողին պարտվեց 28 վայրկյան ու 79 մարզիկների մեջ զբաղեցրեց 74-րդ տեղը:

Aravot.am-ի խնդրանքով մեր գործընկերներ Խաչիկ Չախոյանը եւ Ասատուր Եսայանցը օլիմպիական խաղերից մեզ հաղորդեցին հետեւյալը:

Արդյունքից եվ դահուկորդը և մարզիչը գոհ են՝ հաշվի առնելով, որ Միքայելը դեռ 18 տարեկան է և առաջին անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին:

Օլիմպիական մայրաքաղաքում շատ ցուրտ է: Բայց խնդիրը  ջերմաստիճանը զրոյից 12 աստիճան ցածր լինելը չէ: Ահավոր ուժեղ քամին կրկնապատկում է սառը եղանակը: Ու, չնայած պայմանները բոլորի համար հավասար են, հաշվի պիտի առնել, որ նման պայմաններում ու նման կարգի մրցումներում մեր երիտասարդ  դահուկորդը գուցե առաջին անգամ էր:

Իհարկե, մենք մի փոքր ավելի սպասելիքներ ունեինք և դա գալիս է մեր հոգեկերտվածքից: Հայերը միշտ հաղթանակ են պահանջում իրենց մարզիկներից:

«Իմ զբաղեցրած տեղից գոհ չեմ, բայց  արդյունքից բավարարված եմ: Եղանակային պայմանները շատ էին դժվարացրել աշխատանքը վազքուղում, բայց ես արեցի առավելագույնը, ինչ-որ կարող էի այս պահին: Հետո, երբ տեսա, որ 28 վայրկյան եմ պարտվել հաղթողին, չեք հավատա, բայց ուրախացա: Քայլ առ քայլ ես կբարելավեմ իմ արդյունքները: Այս ելույթս ինձ հնարավորություն է տալիս լավատես լինել ապագայի նկատմամբ»- նշեց Միքայել Միքայելյանը եւ շարունակեց. «Չգիտեմ ինչու, ինչ-որ արտասովոր բան էի սպասում, ինչ-որ անսպասելի բան: Բայց այստեղ ամեն ինչ սովորական է: Մարդիկ բարեհամբույր են, ժպտում են անընդհատ և ինձ թվում է, թե սովորական մրցման եմ եկել»:

Հետաքրքիր էր լսել նաեւ մարզիչ Արթուր Միքայելյանի ու դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի մասնագիտական կարծիքը: Երկուսն էլ գրեթե նույնն ասացին՝ նշելով որ ուժեղ մրցակիցների հետ պայքարում շատ բարձր տեղ ակնկալելը իրատեսական չէր: Բայց հայ դահուկորդը արել է այն, ինչ որ կարող էր:

Միքայելյանի հաջորդ մեկնարկը օլիմպիական խաղերում փետրվարի 16-ին է: Այդ օրը հայ դահուկորդը հանդես կգա ազատ ոճով 15 կմ մրցատարածությունում:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք