Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը պատմում է կոռուպցիայի կոնկրետ դեպք՝ «Կոշ» քրեակատարողականում. Բյուջեի փողը «կերել» են, կալանավորներից հավաքել

Փետրվար 14,2018 16:04

Այսօր «Ելք» խմբակցությունում ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատմեց կոռուպցիայի կոնկրետ մի օրինակ՝ «Կոշ» քրեակատարողականում:

Նա նախ ասաց, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրն այն է, որ քաղաքացիներն ընկալում ունեն, որ իրենցից ոչինչ կախված չէ, մտածում են՝ ախր ես ո՞վ եմ, իմ ասածով ի՞նչ է որոշվելու: Ըստ Փաշինյանի` իրականության վրա մեր ազդեցությունը միայն այն չէ, որ մենք բահը վերցնում ենք եւ ինչ-որ բան անում, իրականության վրա մեր ազդեցությունը նաեւ այն է, որ մենք ոչինչ չենք անում, բահը չենք վերցնում, ավելին՝ մենք «ձեռ ենք առնում» նրան, ով բահը վերցրել է եւ ինչ-որ բան անում է, մենք ալարում ենք օգնության հասնել այն մարդուն, որի գլխին բահով տալիս են, որ սպանեն ու թաղեն. «Երբ որ մենք տեսնում ենք, որ մեր հարեւանի տունը գող է մտնում, ալարում ենք հեռախոսը վերցնենք ու զանգենք, ասենք՝ ոստիկանություն, արի, ու գնանք ցուցմունք տանք, ասենք՝ ես տեսա, դա Վալոդն էր, որովհետեւ մեր ազգը դարձել է գողական: Գողականը կոռուպցիայի ամենակարեւոր բաղադրիչն է:

Երբ որ ես «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նստած էի, այդ ժամանակ  ասացին, որ Կոշ քրեակատարողականի տանիքը վերանորոգվել է, բյուջեից փող են տվել: Իրականում կալանավորներից փող էին հավաքել, նորոգել, իսկ էդ բյուջեի փողը ո՞ւր էր գնացել՝ Աստված գիտի: Կամ ավելի ճիշտ` բյուջեի փողը ծախսել էին, կալանավորներին ասել էին՝ պիտի փող տաք, որ տանիքը վերանորոգենք…

Բա բանակի չաստ նայողը… դա այն է, որ երբ տեսնում ես, որ քո հրամանատարը գողանում է սալյարկան, դու չպիտի դրա մասին որեւէ մեկին ասես, որովհետեւ դու լավ տղա ես: Երբ որ տենաս, որ շաքարավազը գողանում են, չպիտի ասես, որովհետեւ դու լավ տղա ես, երբ տենաս, որ քո ընկերոջը սպանում են, չպիտի ցուցմունք տաս, որովհետեւ դու լավ տղա ես: Ինքը հաջորդ անգամ պիտի քեզ սպանի, մյուսին սպանի: Ու հետո մենք պիտի ասենք՝ մենք պուճուր ենք, մեզնից ի՞նչ է կախված: Ամեն ինչ կախված է մեզնի՛ց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728