Նախաձեռնության անդամ. «Թուրքիան՝ ի դեմս Աթեշյանի, հաջողակ դեսանտ է իջեցրել մեր եկեղեցու մեջ»

Նախաձեռնության անդամ. «Թուրքիան՝ ի դեմս Աթեշյանի, հաջողակ դեսանտ է իջեցրել մեր եկեղեցու մեջ»

Փետրվարի 14-ին «Նոյյան տապանի» մամուլի սրահում կայացավ «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝ լրագրող Գոհար Արշակյանի, մանկավարժ Սոսե Ղլեջյանի ասուլիսը: Թեման Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները և հայկական համայնքի ապագան էր, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Պոլսո հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդի պաշտոնը վերստին ստանձնելը և Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի՝ Ստամբուլից հեռանալու որոշումը։

Գոհար Արշակյանն անդրադառնալով Պոլսո պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի հեռանալուն, նրա կեցվածքը որակեց հպարտ մարդու կեցվածք: Ասաց նաեւ, որ այդ մասին հարց է ուղղել Մայր աթոռին, սակայն արձագանք չի ստացել:

«Ինչո՞ւ հեռացավ Գարեգին Բեկչյանը, այստեղ մեղքը բոլորինս է, առաջին հերթին Մայր աթոռինը: Մայր աթոռը մի կողմից ողջունեց Բեկչյանի ընտրվելը, մյուս կողմից՝ բանի տեղ չդրեց մաքուր արդար, ընտրությունները: Հարցերիցս մեկն էլ այն էր՝ արդյոք Թուրքիայի ներքին գործերի նախարարը չափից ավելի իրավասություններով չի՞ թափանցել մեր կրոնական հարցերի մեջ»,- ասաց Գոհար Արշակյանը:

Ապա հավելեց. «Թուրքիան՝ ի դեմս Աթեշյանի, հաջողակ դեսանտ է իջեցրել մեր եկեղեցու մեջ: Այդ մարդը թյուրիմացություն է, հայադավ մարդ… Երբ մեզ հետ էր լուսահոգի Սարգիս Հացպանյանը, նա ավելի մանրամասն գիտեր, թե ինչ պատիժներ են սահմանվում օրինազանց հոգեւորականների համար… Ինձ համար` որպես շարքային հավատացյալ հայ մարդ, վիրավորական է, որ Էջմիածինն անտարբեր է այս ամենի հանդեպ: Տվյալ պարագայում գործ ունենք ոչ հոգեւոր կեցվածք ունեցող մարդու հետ…»:

Սոսե Ղլեջյանի խոսքով. «Մեր երկու տարվա պայքարից հետո Աթեշյանը կրկին հաջողություն արձանագրեց…»: Նրա խոսքով, «Աթեշյանն այնքան համարձակություն ունեցավ, նույնիսկ Հայաստան եկավ եւ շարադրեց իր մտքերը:

«Աթեշյանին սատարողները իրենց եկամտի աղբյուրը ստանում են հենց Աթեշյանից, Պոլսահայ գաղութն ունի բավականին հիմնադրամներ, որոնց վրա հիմնված է զբոսաշրջությունը եւ այլ ոլորտներ, դրանց մեջ են մարդիկ թուրքական կառավարությունից: Հենց այս մարդիկ կարողացան առիթը օգտագործել եւ Աթեշյանի օգտին հաղթանակ գրանցել…Ընդ որում, տպավորություն է, թե շարքային պոլսահայերը սատարում են Աթեշյանին, մինչդեռ իրականում այդպես չէ»,-փաստեց Սոսե Ղլեջյանը:

Նա հիշեցրեց, թե ինչպես էին եկեղեցական արարողության ժամանակ պոլսահայ մի կնոջ վրա հարձակվել Աթեշյանի կողմնակիցները, երբ նա Ավետարան է բարձրացրել ի նշան բողոքի, որ համաձայն չեն Աթեշյանի կեցվածքի հետ, անգամ ոստիկանություն էին կանչել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` nt.am-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք