Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական թեյախմության ծեսը ներկայացվեց դպրոցում

Փետրվար 15,2018 14:54

Փետրվարի 16-ին նշվում է չինական Նոր տարին կամ Գարնան տոնը` Չուն Ցզեն: Փաստորեն, չինական օրացույցով այժմ մենք նշում ենք 4716 թվականը:

Արեւելքում Նոր տարվա տոնակատարությունը ձգվում է շուրջ 15 օր եւ եզրափակվում մարտի 2-ին` Կարմիր լապտերների փառատոնով:

Չինական Նոր տարվա առիթով փետրվարի 15-ին Ա. Չեխովի անվան համար 55 դպրոցում թեյախմության ծեսը ներկայացվեց: Նաեւ կատարում հնչեց չինական ազգային նվագարանով:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Չեխովի անվան դպրոցի օտար լեզուների գծով փոխտնօրեն Տաթեւիկ Մելքոնյանը, արդեն 4-րդ տարին է, ինչ իրենց դպրոցում ուսումնասիրում են չինարենը` որպես պարտադիր երրորդ օտար լեզու: «Մեր փորձը գրեթե բոլոր հիմնական դպրոցները վերցնում են եւ փորձում են տեղայնացնել իրենց դպրոցներում»,-ասաց փոխտնօրենը:

Տաթեւիկ Մելքոնյանը հավելեց. «Այսօր դպրոցում նշանավորվում է չինական Նոր տարին, ինչպես իրենք են ասում` չինական գարնան ավետիսը, եւ մեր դպրոցի բոլոր դասարանները, որոնք ուսումնասիրում են չինարենը, հավաքվել են դպրոցում ու մասնակցում են չինական թեյախմությանը:

Մեր միջոցառումները բազմազան են ու շարունակական, մարտի 2-ին էլ կնշենք չինական Նոր տարվա ավարտը: Միջոցառմանը ներկա կգտնվի նաեւ Հայաստանում Չինաստանի դեսպանը: Մենք շատ կարեւորում ենք միջմշակութային կապի ապահովումը մեր երեխաների համար, աշխատում ենք երեխաների արժեհամակարգի վրա, սովորեցնում ենք հարգել այլոց մշակույթը եւ նաեւ պահպանել մերը:

Այս պահին դպրոցում չինարեն է ուսումնասիրում գրեթե 600-ին մոտ աշակերտ, ունենք 6 չինացի ուսուցիչ, որոնց համարում ենք մեր թիմի անդամ, իրենք շատ կիրթ, բարեխիղճ եւ խստապահանջ, բայց ոչ կոպիտ ուսուցիչներ են: Ինչպես Յան Լաուշին (թարգմանաբար` ուսուցիչ) է միշտ ասում` Չինաստանում ուսուցիչն իբրեւ Աստված է ընկալվում»:

Հավելենք, որ չինարենն ուսուցանվում է Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանության և Կոնֆուցիուսի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ:

Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանին կից Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Յան Մեյխուան խոսելով լուսնային օրացույցով չինական Նոր տարվա մասին, շնորհավորեց բոլորի տոնը: Նա նաեւ ներկայացրեց իրենց հաջողությունները, ուսուցիչներին, գրանցված ձեռքբերումները:

Ա. Չեխովի անվան համար 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը անդրադարձավ չինական թեյախմության արվեստին, ասաց, որ ծեսը կօգնի, որպեսզի միջոցառմանը մասնակից երեխաներն ավելի գրագետ պատրաստեն թեյը, որը Չինաստանում կենարար ըմպելիք է համարվում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728