Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՌԱՀԵՂ ՏԵՔՍՏԵՐ

Փետրվար 16,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ հինգերորդ

ՓԱՌԱՀԵՂ ՏԵՔՍՏԵՐ

Եվ Փելեշյանն ասաց՝ «իրար հետ խռով են, բայց Հենրիկը Հրանտին շատ բարձր ա գնահատում», եւ Մանսուրյանն ասաց՝ «արդեն բարիշել են», եւ Փելեշյանը նորից հարցրեց՝ «որ բարիշել են, բա ինչի՞ Հենրիկը հետներս ռեստորան չեկավ», եւ Աղասի Այվազյանը նորից պատասխանեց ու ասաց՝ «ինքը «Մոսֆիլմում» կարեւոր հանդիպում ուներ», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հենրիկի ու Հրանտոյի բարիշելն ավելի կարեւոր ա, քան՝ ցանկացած հանդիպում», եւ Հրանտը Փելեշին ասաց՝ «բայց ես ու Հենրիկը կարգին խռով չենք էղել, Արթուր ջան», եւ Փելեշը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հավատում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ձեր տարիքի ու ձեր տաղանդի մարդկանց չի սազում խռով պահել», եւ Ֆրունզիկն ասաց՝ «Մալյանը մի անգամ ինձ ասեց, որ Հրանտը ոչ թե տաղանդ ա, այլ՝ հանճար», եւ Հրանտն ասաց՝ «շոյված եմ, Ֆրունզ ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հոգաչափ շնորհակալ եմ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «շնորհակալությունդ իրան կհայտնես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անպայման կհայտնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ մարդավարի բարիշենք, անպայման կհայտնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «առայժմ կիսատպռատ ենք բարիշել», եւ Փելեշյանը Հրանտին հարցրեց՝ «ճաշակիս հավատում ե՞ս, Հրանտո», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշին ասաց՝ «տաղանդիդ եմ հավատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ հանճարիդ» եւ մի քիչ էլ մտածեց ու Փելեշին ասաց՝ «գիտեմ՝ ինչ ես ասելու», եւ Հրանտն ասաց՝ «ասելու ես, որ «Մենք ենք, մեր սարերը» լավ ֆիլմ ա», եւ Փելեշը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե լավ ֆիլմ ա, այլ՝ չտեսնված ֆիլմ ա», եւ Հրանտը Փելեշին ասաց՝ «էդ մասին էլի ես ասել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց պրեմիերայի օրը վայ թե դու էլ չէիր հավանել», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երրորդ անգամ նայելուց հետո նոր հասկացա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «շա՜տ բարդ ֆիլմ ա. ես քսաներորդ անգամ նայելուց հետո էլ չեմ հասկացել», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ բաները հասկանալն ավելի դժվար ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշին ասաց՝ «էդ ֆիլմի ամենաուժեղ կտորները քո կտորներն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեկ էլ՝ Շերենցինը», եւ Փելեշյանը թարս նայեց Հրանտին ու ասաց՝ «ձեռ ե՞ս առնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ֆիլմում միակ ավելորդը ես եմ», եւ Աղասի Այվազյանը խոսեց ու ասաց՝ «էդ ֆիլմում ավելորդ բան չկա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ֆիլմը «Հայֆիլմի» լավագույն ֆիլմերից ա», եւ Հրանտն Աղասուն ասաց՝ «լավագույնը քո «Եռանկյունին» ա», եւ Աղասին մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ «Եռանկյունին» ոչ թե իմն ա, այլ՝ Մալյանինը», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Աղասուն ասաց՝ «համենայն դեպս, սցենարը քոնն ա», եւ Աղասին մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «Հենրիկը սցենարիցս բան չի թողել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ սցենարից էլ առանձնապես բան չի թողել», եւ Փելեշը ժպտալով ասաց՝ ձեր սցենարներից բան չի թողել, բայց դրանից էրկուսիդ ֆիլմերն էլ չեն տուժել», եւ Աղասին ժպտալով ասաց՝ «իմը նույնիսկ շահել ա», եւ Հրանտն ասաց՝ «երեւի «Հայֆիլմի» բարձրակետը «Եռանկյունին» ա», եւ Աղասին մի քիչ մտածեց ու ասաց՝ «Փարաջանովին չհաշված», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Փելեշին էլ չհաշված», եւ Աղասին մի քիչ մտածեց ու ասաց՝ «Փելեշը լրիվ ուրիշ երեւույթ ա», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «Փարաջանովն էլ ա լրիվ ուրիշ երեւույթ», եւ Աղասին Հրանտին ասաց՝ «ես վերջերս եմ իմացել, որ «Նռան գույնի» մակագրությունները դու ես գրել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ես էլ եմ նոր իմացել», եւ Աղասին ասաց՝ «փառահեղ տեքստեր են»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել