Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս, հարցնում է պետությունը, «կովի փաստաթուղթ» չունեք

Փետրվար 16,2018 15:30
dat

«Գումի» «բիրիքանոցից» երեք տարի առաջ
ձեռք բերված կովերի ճակատագիրը թողնվել է դատարանի հայեցողությանը

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի դատարանը բավարարել է կողմի միջնորդությունը եւ արգելել է քաղաքացիական գործով պատասխանող ճանաչված Տիտալ Ավդալյանին օտարել 20 գլուխ անասունները, ինչպես նաեւ այդ անասուններից ծնված կենդանիները։

Անասունների ականջների ծայրերը կտրած էին եւ մեկ կովի ականջին էլ կար դեղին գույնի «բիրկա»։

Երեք տարի առաջ փետրվարյան այս օրերին Թաժդին Ավդալյանին պատկանող անասնագոմում քննիչը զննություն էր կատարում: Պարզվեց, որ նրա կովերը չկան։ Թաժդինը հայտնել էր, թե «այս պատմությունից հոգնել է» եւ որ ինքը 2014թ. դեկտեմբերի վերջին իր թվով 36 գլուխ անասունները վաճառել է «Գումի» շուկայի «բիրիքանոցում» տարբեր մարդկանց, ում չի ճանաչում։

Նույն բանն ասել էր պատասխանող Տիտալը, նշելով, թե անասունների եւ նրանց կաթի վաճառքի մասին նույնպես տեղեկություններ չունի:

Սակայն պարզվում է, որ զուգահեռ կար նաեւ քրեական գործ, որտեղ վկայի կարգավիճակով անցնող Տիտալը 2015թ. սեպտեմբերի 8-ին արձանագրությամբ նշել է, որ Թաժդինից գնել է թվով 20 գլուխ կթու կով, անասունները գնելու վերաբերյալ որեւիցե գրավոր պայմանագիր կամ փաստաթուղթ չունեն գումարը տալու վերաբերյալ, որեւիցե փաստաթուղթ չեն կազմել, քանի որ հորեղբոր տղաներ են:

Ոնց թե՞, հարցնում է պետությունը, «կովի փաստաթուղթ» չունեք: Թաժդինը դրանից հետո իր գոմը տալիս է Տիտալին օգտագործման նպատակով։

Ի դեպ, Տիտալը Թաժդինին 7 հատ հորթի դիմաց վճարել է 200 000 ՀՀ դրամ, 10 հատ կովին՝ 2000.000 ՀՀ դրամ, 3 հատ երինջներին՝ 300 000 ՀՀ դրամ, ինչից հետո անասունները դառնում են նրա սեփականությունը:

Կովերը, հորթը դառնում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 290-րդ, 294-րդ, 295-րդ, 303-րդ, 305-րդ հոդվածների սուբյեկտ, երբ Գրետա Գեւորգյանը 2016թ. մայիսի 19-ին հայցադիմում է ներկայացնում դատարան Թաժդինի եւ Տիտալի դեմ, պահանջելով անվավեր ճանաչել 2015թ. ապրիլին Տիտալի եւ Թաժդինի միջեւ բանավոր պայմանավորվածության հիման վրա կատարված անասունների առուվաճառքը առոչինչ:

Հայցվորը հայտնել էր, որ իր հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում հարուցվել է քրեական գործ, որը հետագայում միացվել է ՀՔԾ-ում կայացված մեկ այլ քրեական գործի, հրապարակվել է մեղադրական եզրակացությունը։ Համաձայն նշված մեղադրական եզրակացության՝ հայցվորը տուժողն էր, իսկ Թաժդինը կալանավորված է, եւ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Քննչական վարչության ավագ քննիչ Ա. Հ. Կարապետյանի կողմից արգելանք էր դրվել Թաժդինի անշարժ եւ շարժական գույքերի վրա: Սակայն ըստ հայցվորի՝ տեղեկացել է, որ Թաժդինը վաճառել էր իրեն պատկանող բոլոր արգելադրված զույքերը։
Թաժդինը, որը վկայի կարգավիճակով է հարցաքննվել, լրացուցիչ արձանագրությամբ քննիչի հարցին պատասխանել է, թե իրեն պատկանող կթու կովերը 40-ն էին եւ օրական կաթ տվել են միջինը ութից-տասը լիտր՝ յուրաքանչյուր կովը։
2014թ. սեպտեմբերի դրությամբ պատասխանողն ուներ թվով 140 գլուխ անասուն, եւ մինչ «Գումի» վաճառքը, Արտաշատի եւ Հոկտեմբերյանի անասունների շուկայում վաճաոել է մոտ 90 հատ հորթ:

«Կովի գործի» քննությունն անցել է առանց Տիտալի եւ Թաժդինի, չնայած դատարանը արձանագրել է, թե նրանք ծանուցված են եղել:

Դատարանն արձանագրել էր, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական վարչության ավագ քննիչի որոշումը՝ գույքի վրա կալանք դնելու մասին, եւ քրեական գործի շրջանակներում տրված բացատրությունները դիտում է բավարար գրավոր ապացույց՝ վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար։
Դատարանը նշել էր, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն՝ «Կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով: Այսինքն՝ կալանք դնելով Թաժդինի գույքի վրա՝ քննիչի կողմից դրված կալանքը տարածվել է նաեւ նրան սեփականության իրավունքով պատկանող կենդանիների, տվյալ դեպքում՝ անասունների վրա»։

Ինչ վերաբերում է խնդրո առարկա գործարքի առոչնչությանը, ապա ըստ դատարանի՝ հայցվորի պահանջն այս մասով իրավաչափ չի:

Հայցը դատարանը նախ բավարարել էր մասնակի։

Անվավեր էր ճանաչել բանավոր պայմանավորվածության հիման վրա կատարված անասունների առուվաճառքի գործարքը եւ կիրառել էր անվավերության հետեւանք՝ Տիտալից Թաժդինին վերադարձնել վաճառված թվով քսան գլուխ անասունները եւ դրանցից ծնված կենդանիները։ Այն բողոքարկվել էր վերաքննիչ քաղաքացիական դատարանում, ետ է վերադարձվել նոր դատարան, նոր քննության:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

15.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728