Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի օր սա պայթելու է. քանի՞ հազար անմեղ երեխա կարա գնա, ու իրենք այսպես ճոռոմ-ճոռոմ խոսեն»

Փետրվար 16,2018 17:30

Արամ Մանուկյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն էլ ժողովրդին ոտքի չի հանի, թիվ մեկ խնդիրը խաղաղություն պարտադրելն է

«Ելքը» հայտարարում է, որ եթե Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր խոսքերի, վարչապետի պաշտոնը զբաղեցնի, դա կտրուկ կսրի ներքաղաքական իրավիճակը Հայաստանում:
«Առավոտը» ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանին հարցրեց՝ Դուք նման լարվածության աճ սպասո՞ւմ եք, թե՞ չէ, եւ ՀԱԿ-ը որեւէ կերպ ապրիլյան այդ իրադարձություններին պատրաստվո՞ւմ է ինչ-որ մասնակցություն ունենալ՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու հարցում: Նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ հասարակությունը հիմա այն վիճակում է, որ… դեռ ինքը նախկին ընտրությունների ազդեցության տակ է, այդ ճնշումը, խեղդվածությունը, վիրավորանքը մեջը կա:

Ինքը լավ էլ գիտի, որ խեղճացրել են իրեն, բայց այդ խեղճացումից դուրս գալու ալիք ես դեռեւս չեմ զգում: Եթե այդ ալիքը զգացվեր, ես ուրիշ տեղից էի դա սպասում: Ամենօրյա զոհերը որ կան, հասարակությունը, ինձ թվում է, ավելի շատ պիտի այդտեղից ըմբոստանա: Հիմա ամենաշատ հուզող ու ցավալի թեման այդ մասում է: Բայց այդտեղ էլ դեռ չեմ զգում որեւէ շարժ: Ես կարծում եմ, միգուցե ռեալ չի իմ մտածողությունը, բայց առաջիկա ճնշումը իշխանությունների վրա պետք է լինի էլի Ղարաբաղի հարցով, էլի պատերազմ-խաղաղության թեմայով: Գոնե հասարակության մեջ կամ քաղաքական ուժերի մեջ հասունանում է այն գաղափարը, որ թիվ մեկ պրոբլեմը խաղաղության պրոբլեմն է: Եվ իշխանություններին նաեւ պահող միջոց է խաղաղություն չկնքելը, որովհետեւ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակն իշխանություններն օգտագործում են բնակչությանը ճնշելու համար, եւ գրագետ, սթափ հասարակությունը կաշկանդվում է իշխանափոխություն անել, կտրուկ գործողությունների դիմել, երբ գիտի, որ սահմանում պատերազմի վտանգ կա: Այսինքն՝ այդպիսի ակտիվ գործողությունների գնալու հնարավորություններն այս պահին կաշկանդված են պատերազմի վտանգով, եւ դա նաեւ օգտագործվում է իշխանությունների կողմից: Այդ հնարքը միշտ կիրառել են կիսապատերազմի կամ պատերազմի մեջ գտնվող երկրները, Ալիեւն էլ է այդ հնարքը կիրառում: Ես կարծում եմ, որ առաջիկա ճնշումները իշխանությունների վրա կամ նրանց փոխելու համար կլինի խաղաղության խնդիրը»:

Շատ հեղափոխությունների համար ազդակ են լինում սոցիալական խնդիրները, հասունանում է սոցիալական բունտ, այս թանկացումների ֆոնին հասարակությունը նորից ոտքի չկանգնեց: Արամ Մանուկյանի մեկնաբանությամբ՝ «Ճնշվածությունը, վախը, ապատիկ վիճակը իրեն դեպի սահման են տանում, փախչելով, ոտքերով է արձագանքում այդ վիճակներին: Տխուր վիճակ է, իմ շրջապատում ես մարդ չունեմ, որը չի մտածում գնալու մասին: Այսինքն՝ մարտի դաշտը լքելն այսօր ավելի պրակտիկ է, քան ըմբոստ լինելը: Դրա համար մենք այսօր ունենք ըմբոստ քաղաքացու, ըմբոստ քաղաքական գործչի պակաս: Երբ որ տեսնում է՝ դաշտում կռիվ տվող չկա, ինքը ո՞ւմ հետեւից գնա, թողնում գնում է: Այդ վիճակը դեռ աշխատում է: Ընտրություններին քաղաքացու ողնաշարն իսկապես կոտրեցին, հիմա էլ ընտրություն չկա: Ընտրությունը գոնե քաղաքացուն թույլ էր տալիս փողոց դուրս գալ, գնալ Պողոսի, Պետրոսի հետեւից, ասել՝ սա լավն է, սա քըխ է, սա ծախված է, հիմա դա էլ չկա, դա էլ ոչնչացրին: Սոցիալական բունտն էլ միշտ հեռանկարում ունենում է քաղաքական ուժ, որի հետեւից ինքը կգնա կամ որին կասի՝ ինձ առաջնորդի: Սոցիալական բունտ հանուն նրա, որ գնում են կարագի գինն էժանացնելու, չի կայանա, եթե ինչ-որ մեկի հետ դու այդ խնդիրը չիրականացնես: Ախր թացն ու չորը խառնվել է հիմա, մարդը չգիտի՝ ում հավատա: Կեղծն ավելի շատ է, քան ռեալը: Բայց սա իմ մոտեցումն ու ցանկությունն է, որ առաջիկայում Հայաստանի քաղաքական ուժերը պետք է խաղաղություն պարտադրեն իրենց իշխանություններին: Կա՛մ Սերժ Սարգսյանը պիտի գնա դրան, իսկ եթե գնա, լավ, թող գնա, կա՛մ թող հեռանա, ուրիշները գնան այս ծրագիրն իրականացնեն: Ժամանակը, փաստերը, տվյալները, դինամիկան ասում են, որ այդ խնդիրն անհետաձգելի է, լուծելու անհրաժեշտություն ունեցող խնդիր է»:

Մեր դիտարկմանը՝ ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը շատ ցավոտ է ընդունում Ձեր ասած տարբերակը, Արամ Մանուկյանն արձագանքեց. «Որովհետեւ այդպես իրեն դաստիարակել են, այդպես իրեն մատուցել են: Երբ որ առանձին խոսում ես, լավ էլ բոլորը հասկանում են: Հայաստանի ամբողջ բնակչությունը յուրաքանչյուր երեխու զոհվելով ցավում է, յուրաքանչյուրս առավոտ նայում ենք նորությունները, եւ ամեն մեկս մեր մեջ լռակյաց կամ բաց, կիսվելով տառապանք ենք ապրում, յուրաքանչյուրը ցավ է ապրում, որ անմեղ մի երեխա գնաց: Մի օր սա պայթելու է. քանի՞ հազար անմեղ երեխա կարա գնա, ու իրենք այսպես ճոռոմ-ճոռոմ խոսեն ու դրա դեմը չառնե՞ն: Ես կարծում եմ՝ սա է թիվ մեկ թեման, որի համար հասարակությունը կարող է համախմբվել ու սրանց հախից գալ»:
Դիտարկմանը, որ տարածքների հանձնման ոչ ոք չի գնա, Սերժ Սարգսյանն էլ հստակ հայտարարեց, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Արի այսպես ասենք՝ փոխզիջումային տարբերակի մասին ենք խոսում, որը եղել է տարածքները ազատագրելու առաջին օրվանից:

Այսինքն՝ 28 տարի այդ ծրագիրն ուժի մեջ է եղել՝ ոչ թե տարածք հանձնելու, այլ լրացուցիչ տարածք վերցնելու, որը կարող է բանակցային նյութ հանդիսանալ՝ կարգավիճակի հարցը լուծելու համար: Շատ պարզ, շատ հասարակ, շատ ռեալ, շատ պրակտիկ, շատ ավանդույթային միջոց է: Ես քեզ ուզում եմ խեղճացնեմ, շատ ուժեղ ցավացնում եմ, ցավը շատանում է, ասում ես՝ քչացրու, քչացնում եմ, բայց դու իմ պայմանը կատարում ես: Այսինքն՝ շատ վերցնում են, քիչը ապահովագրում են փաստաթղթով, սա՛ է պատմական մեր առաքելությունը: Եվ կստացվի 2-3 հազար տարվա մեջ Հայաստանը փաստաթղթով տարածք է ազատագրել, Հայաստանն ազատագրել է, սրանից այն կողմ ի՞նչ ենք ուզում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

15.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728