Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդական ընդվզմանը» սպասելիս

Փետրվար 16,2018 10:10

Սկանդալներն ունեն թիթեռնիկի կյանք: Ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի բոլոր խորհրդարաններում մարդիկ իրար վրա կղանք են լցնում՝ բառի փոխաբերական ու երբեմն ուղիղ իմաստներով: Երբեմն քաշքշում են, ապտակում են, վիրավորում են իրար: Այն օրը, երբ նման բան տեղի է ունենում, դա թիվ մեկ իրադարձությունն է: Հաջորդ օրը գուցե հետաքրքիր է լսել կողմերի եւ համակիրների մեկնաբանությունները: Երկու օրից սկանդալն աստիճանաբար մարում է, եւ հանրության քաղաքականացված մասը սպասում է, թե երբ է առաջանալու աշխուժանալու հերթական առիթը: Երրորդ եւ հաջորդ օրերին կողմերը երբեմն փորձում են անցած դրվագներից օգուտներ քաղել, բայց այլեւս ոչ մեկին առանձնապես չեն հետաքրքրում:

Ապրել հնացած սկանդալներով, որքան էլ մենք` լրատվամիջոցներս, փորձենք դրանք ճոխացնել, ոչ ոք, մեծ հաշվով, չի ուզում: Մարդկանց թարմություն է պետք, եւ եթե շեշտը դրվում է բացառապես նման իրադարձությունների վրա, ապա ամեն անգամ անհրաժեշտություն կառաջանա հնարել ավելի էքսցենտրիկ, ավելի «հոտավետ» մի սցենար՝ հույս ունենալով, որ հակառակ կողմն իրեն կդրսեւորի առավել խուժան ու բթամիտ ձեւով:

Մյուս կողմից՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը Հայաստանի նորագույն պատմության մեջ փորձարկել են քաղաքական պայքարի բոլոր «դասական» ձեւերը եւ հաջողության չեն հասել: Այդ փաստից ոմանք հետեւություն են անում, որ պետք է փորձարկել ինչ-որ տարաշխարհիկ, առողջ բանականությունից դուրս սցենարներ: Բայց բացի կարճաժամկետ թատերական էֆեկտից՝ այդ մեթոդները որեւէ արդյունք չեն տա: Ու բացի այդ՝ անլրջացնում են այն, ինչ ընդունված է անվանել «քաղաքական պայքար»:

Ընդդիմադիրները 25 տարի անհաջողության են մատնվում ոչ այն պատճառով, որ նրանց պայքարի մեթոդները բավականաչափ էքսցենտրիկ կամ գուցե ծայրահեղական չեն: Խնդիրն ավելի խորն է. քառորդ դար ընդդիմադիրներն իրենց հույսը կապում են «ժողովրդական ընդվզման» հետ: Ամբողջ քարոզչությունը, բոլոր տեսակի հաշվարկները հիմնված են այն սպասելիքի վրա, որ կգա «իքս» ժամը, ժողովուրդը մի լավ կընդվզի, եւ ռեժիմը խուճապահար կփախչի: Կարծես թե այսքան տարվա ընթացքում հնարավոր էր հասկանալ, որ դա մեթոդոլոգիական սխալ է, բայց լսեք ցանկացած ընդդիմադիր ելույթ, եւ երկրորդ կամ երրորդ նախադասությունից դուք կզգաք այդ, ինչպես հիմա ընդունված է ասել՝ «տեսլականը»: Գուցե ժամանա՞կն է հասկանալու, որ դա փակուղային ճանապարհ է:

Փոփոխությունների ճանապարհը ես տեսնում եմ ներկա քաղաքական, տնտեսական ու մտավոր վերնախավի դանդաղ, բայց հետեւողական վերաձեւման մեջ: Դա տհաճ է եւ ցավալի լսել, նման մտքերն առաջացնում են ոչ միայն դիմադրություն, այլեւ ցասում: Բայց խորհուրդ եմ տալիս դրա մասին մի փոքր ավելի լուրջ մտածել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «աշխարհի բոլոր խորհրդարաններում մարդիկ իրար վրա կղանք են լցնում՝ բառի փոխաբերական ու երբեմն ուղիղ իմաստներով: »

    իրապէ՞ս…
    «աշխարհի բոլոր խորհրդարաններում…»

    ջանացէք մի հատ երկիր գտնել, ուր խորհրդարանի մէջ կղկղանք կը բերեն – բերողն ալ՝ պաշտօնական տուեալ մարմնի անդամ – , եւ այդ՝ բառին «ուղիղ» իմաստով

    հետամնաց մի քանի երկիրներում պատահական ապտակներ կը փոխանակուին, սակայն այդտեղ անգամ կողույին – տառացիօրէն – չեն մտցներ նիստի սրահը

    իսկ քաղաքակիրթ երկիրներում, մարմնային ծեծն ալ չկայ

    իսկ խնդիրը այն է թէ, այս թափով, դեռ չենք հասած յատակը…

    անցեալ օրուայ միջադէպի պարագային, բարեբախտաբար մնացեալ աշխարհը անչափ քիչ է հետաքրքրւում մեզմով – դուրսի ժողովրդային մասսաները տեղեակ իսկ Հայաստանի գոյութենէն – , որ այդ պատկերները սահմանափակ կերպով սփռուեցան, գոնէ զանոնք չտեսանք major media-ներու վրայ (երբեմն ցոյց կու տան այդպիսի բաներ, լուրերու զուարճալի բաժնին մէջ). սակայն անոնք կը մնան անշուշտ Համացանցի վրայ, որ համաշխարհային է.

    Սասնոյ անունը հայու արիւնով ընդմիշտ խորտակելէ ետք, հիմա ել յաջողեցան ծիրանը դարձնել գարշահոտ

    way to go

  2. Հ.Շ. says:

    ի դէպ, այսպիսի միջադէպների առիթով է որ հայկական լրատուական ամէն գործակալութիւն իր «գոյնը ցոյց կու տայ», դիմակները վար կ’իյնան… ամենացայտուն օրինակը «Ազատութիւն» կոչուած tabloid-ն է, որ կրցածին չափ չափազանցեց, շահագործեց միջադէպի «լուր»ը. յատկապէս այս պարագային, դա արդէն scatology կը հանդիսանայ, բառի փոխաբերական ու նաեւ ուղիղ իմաստով.

  3. henri says:

    Յարգելի Հ.Շ.
    Եթէ մի քիչ աւելի խորացնէք ձեր վերլուծումը կը կարծեմ որ պիտի նկատէք թէ ժամանակաւոր
    գարշահոտութեան տակէն /որ ձեզ շատ յուզած կը թուի/ 25 տարուայ գարշահոտութիւններուն
    ընտանեցած կը թուիք ;

    • Հ.Շ.25 says:

      26 տարիներու ընթացքին, բացայայտ եւ անհերքելի է որ հսկայական առաջխաղացք ունեցան Հայաստանն ու Արցախը

      նկատի առնելով դժուարութիւններու քանակը, տեսակը եւ տարողութիւնը, բարելաւումը հրաշքի համազօր է

      հոն ուր ոմանք որոշած են միայն գարշահոտութիւն զգալ, կարծելով որ, այդ կերպով, աւելի խելացի են, կար իրատես են, կամ չգիտեմ ինչ ես, ես կը նախընտրեմ զգալ ու վայելել իրականութիւն դարձած երազի բոյրը, Վերածնունդի անզուգական ու անսպառ բուրմունքը

      ան որ կ’ուզէ, թող ուզածին չափ պահէ իր զուգարանային տեսակէտը՝ Մայր Հայրենիքի նկատմամբ վրայ. ես՝ «Վարդահեղեղ Արշալոյս»ին հաւացողներէն եմ, որ արդարեւ, կը խեղդէ որեւէ ժամանակաւոր եւ անումային գարշահոտութիւն.

  4. gib.gibindus says:

    Կներեք, որ խառվում եմ քննարկումներին՝հասկանում եմ, որ հաճախ հեռացվող իմ ՞մտքերը՞ դա իմ մեղավորության չափանիշն է: Պարզապես հիշեցի իմ մանկության ընկեր Հուլիոս Կեսարին, ում պիսկեցին մի խումբ սենատորներ, նույնն է, թե դեպուտատներ: Վերջինը տականք Բրուտոսն էր, որ ժանգոտ խարտոցով ծակեց տղուն: Եվ թվում էր, թե հնչեց բոլոր ժամանակների ամենահիմար հարցը,՝- Եվ դու՞ Բրուտոս: Բայց չէ, հարցերի ապուշության չափը անհասանելի է: Պատասխանների տխմարությունը նույնպես:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728