Լրահոս
Օրվա լրահոսը

«BMW-ի ֆառը էժանացել է, բայց մեր քաղաքացիները BMW-ի ֆառ չեն ուտում». ԱԺ-ում ամոթանք են տալիս կառավարությանը

Փետրվար 16,2018 14:45

Խորհրդարանում շարունակվում է քննարկվել «Ելքի» նախագիծը՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ թանկացումները մեղմելու:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ նախագծով 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը ավելի քիչ է իջնում, քան մինչեւ 450 հազար ստացողներինը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նրան ասաց, որ թող առաջարկ անեն այս մասով. «Էս ի՞նչ է կատարվում մեր երկրում, երբ թանկացել էր, Հ1-ը օրը 6 անգամ ցույց էր տալիս, որ ՏՄՊՊՀ-ի տղերքը գնում էին խանութներ գալստուկով, թթվասերի գները գրում գալիս էին, ասում էին՝ ժողովո՛ւրդ, հանգստացեք, էս ակցիզային հարկից է, էն անեկդոտի նման, որ ասում ՝ ապեր, քշի, հարց չկա, ես եմ: Հիմա ի՞նչ անենք ակցիզային հարկից է: Մենք ՏՄՊՊՀ-ին վստահո՞ւմ ենք, թե՞չենք վստահում: 200 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը, ըստ ձեզ, սոցիալապես խոցելի՞ է, թե՞ խոցելի չի»:

Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ ինքն առաջարկել է, որ մինչեւ 150 հազար աշխատավարձ ստացողները, որոնք 425 հազար քաղաքացի են, եթե նրանց դրույքաչափը իջեցնեն 20 տոկոսով, ոչ այնքան իրենց եկամուտները կավելացնեն, այլ կխթանի, որ նրանք չհարկվեն, ստվեր կմտնեն: Նա ասաց, որ չի լսել, որ ՏՄՊՊՀ-ն ասի, որ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը բերել է այս գնաճին:

Ինչ վերաբերում է 200 հազար աշխատավարձ ստացողներին, Հարությունյանն  ասաց, որ կառավարությունն էլ գտնում է, որ մինչեւ 280 հազար աշխատավարձ ստացողները համեստ կարողությունների տեր մարդիկ են, հետեւաբար նրանք ավելի քիչ եկամտահարկ կվճարեն, քան 2017-ին էին վճարում:

Խոսրով Հարությունյանն ասաց՝ կարագը տարիներ շարունակ թանկանում էր, ինչո՞ւ մենք հետեւություններ չէինք անում, որ սեփական կարագ արտադրող ունենայինք, որը կկարողանար մտնել շուկա կամ խթանեինք նրա կարագ արտադրելը:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց. «Այստեղ կառավարության ղեկավարը օրեր առաջ հպարտ տեքստով հայտարարեց, որ շատ նվազ է գնաճը՝ համեմատելով Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, ունենք 2,6 տոկոս գնաճ: Ես կարծում եմ Ազգային վիճծառայությունը կամ այն կազմակերպությունը, որը վարչապետի այդ թվերը ներկայացնում է, պիտի ենթարկվեն պատասխանատվության: Եթե 2,6 տոկոս ենք արձանագրում, պիտի հասկանանք, թե ինչն են հաշվում ու ինչպես են հաշվում: Նայում ենք, օրինակ, BMW-ի ֆառերի գինը նվազել է, նայում եմ սպառողական առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղը՝ հաց, կաթ, կարտոֆիլ… BMW-ի ֆառ առաջին անհրաժեշտության կենսապահովման զամբյուղում չկա, դե, չեն ուտում մեր քաղաքացիները BMW-ի ֆառ, հիմա ի՞նչ անենք»:

Ըստ նրա, սպառողական այս զամբյուղով անգամ միջին աշխատավարձ ստացողները աղքատների շարքերը կհամալրեն: Զոհրաբյանը նշեց, որ կաթի, կարագի, մսի շուկաներում միջազգային գները իջել են, ուստի առաջարկեց, որ ՀՀ-ում այդ շուկաների «տիրակալներին» կանչեն ու հարցնեն՝ ո՞նց է լինում, որ ուրիշ երկրներում գինն իջնում է, մեզ մոտ բարձրանում, ինչպե՞ս է լինում, որ ՌԴ-ում բենզինի գինն աճում է 8 տոկոսով, մեզ մոտ՝ 30 տոկոսով, թող բենզինի «Դոն Կառլեոնեները» բացատրեն: «Հարգարժան կառավարություն, 2,6 տոկոս գնաճը, որ դուք հրապարակում եք, հրաշալի հասկանում եք, որ դա ապատեղեկատվություն է, դուք չունեք ամոթ, եթե ամոթ ունենայիք, այստեղ չէիք փորձի թվային աճպարարություններ անել միայն նրա համար, որ կես ժամ հետո գաք միահամուռ քվեարկեք եւ մերժեք այս նախագիծը»,-ասաց նա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728