Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան սիթիի եւ ՍԱՍ-ի հազարավոր աշխատողները գրանցվա՞ծ են, նրանց աշխատավարձը ճի՞շտ է արձանագրված»

Փետրվար 16,2018 15:01

Խորհրդարանում «Ելքի» նախագիծն է քննարկվում՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու: Կառավարության ներկայացուցիչը՝ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ասաց, որ հարկային բեռն ավելացել է, որ տնտեսական ակտիվություն լինի:

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում հարցրեց՝ իսկ ինչո՞ւ պետք է այդ բեռը լինի միայն սպառողների վրա, իսկ խոշոր տնտեսվարողները ավելի շատ մտնեն ստվեր: Նա ասաց, որ պետք է հետեւել՝ «Երեւան սիթիի եւ ՍԱՍ սուպերմարկետների հազարավոր աշխատողները գրանցվա՞ծ են, նրանց աշխատավարձը ճի՞շտ է արձանագրված, հարկվո՞ւմ է: Եթե մեկն ունի բարեկամ, հարազատ, ծանոթ այնտեղ, կփաստվի, որ` ոչ: Եթե բյուջե են ուզում լցնել հարկերի միջոցով, դա պետք է բոլորի վրա տարածել, ոչ թե առանձին խմբերի»:

Մանե Թանդիլյանն առաջարկ արեց, թե որտեղից կարող են հավաքել գումարները: Նա առաջարկեց, որ գույքահարկի կադաստրային արժեքը իրական հարկին մոտեցնեն եւ հարկեն այն շքեղ առանձնատները, որ ամեն օր մեր քաղաքում աճում, զարգանում են. «Միգուցե գույքահարկի կադաստրային բազան վերանայենք եւ տեսնենք՝ արդյո՞ք ճիշտ ենք հարկում այդ շքեղ ապրող մարդկանց»:

Նա հիշեցրեց, որ «Շքեղության հարկի մասին» օրենքն այդպես էլ չընդունվեց, մինչդեռ անհասկանալի միջոցներով հարստացած մարդկանց հարցը դա կլուծեր. «Վերանայենք մոտեցումը, թե ում, ինչի համար ենք հարկում, փող կա, ելքեր կան, պետք է ճիշտ թիրախավորել եւ ճիշտ տեղից հավաքագրել գումարները, որ թանկացումների ճանապարհով չգնանք»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն առաջարկեց, որ քննարկեն եւ գան լուծումների, որ սոցիալապես խոցելի շերտերի վրա թանկացումը չծանրանա:

«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանն էլ ասաց, որ կառավարության գործելաոճն անհասկանալի է: Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ աշխատավարձերն ու թոշակներն ավելացնելու են, բայց կառավարության բերած օրենքների ու այդ խոսքերի մեջ հակասություն կա:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728