Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մենք ուզում ենք, որ Հայաստանում լինի հանրապետություն, ոչ թե բդեշխություն» (Ֆոտոշարք և տեսանյութ)

Փետրվար 17,2018 15:15

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարի ժամանակ իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ուզում ենք, որ Հայաստանում լինի հանրապետություն, ի տարբերություն այսօրվա, որի համար շատ հայտնի ձեւակերպում կա, իմ մտքով այս պահին անցավ «բդեշխություն» տերմինը, որի արտահայտությունը մենք ամեն օր ամեն ժամ, ամեն ամիս տեսնում ենք»:

Պարոն Փաշինյանի խոսքով՝ այդ հանրապետությունը հնարավոր է կերտել միայն քաղաքացիական ընդարձակ պայմանագրի միջոցով:

Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը համագումարի ժամանակ կրկին ընտրվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնում, իր ելույթում ասաց, որ «Լուսավոր Հայաստանը» լուրջ ճանապարհ է անցել անցած երկու տարիներին. «Հետ նայելով նետված մարտահրավերների պայմաններում, այս երկու տարիների ընթացքում անցել ենք ինստիտուցիոնալ, վճռական շրջափուլեր, ձեւավորել մարզային խորհուրդներ, մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանդես եկել հակակոռուպցիոն նախաձեռնություններով, Հայաստանի հեռավոր գյուղերում շրջել՝ մարդկանց ներկայացնելով կուսակցության գաղափարները»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց բոլորին՝ «Քաղաքացիական պայմանագրին», «Լուսավոր Հայաստանին» ու «Հանրապետություն» կուսակցությանը միավորել է եվրոպական պետություն ստեղծելու տեսլականը, որի համար «ջանք չեն խնայել» եւ երեք քաղաքական ուժերը միասին ստեղծեցին «Ելք» կուսակցությունների դաշինքը:

«Փշերի միջով դեպի աստղեր»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստանի» անդամ Մանե Թանդիլյանն էլ իր ելույթում ասաց, որ արտագաղթն այսօր Հայաստանի թիվ մեկ մարտահրավերներից մեկն է ու որ այս Հայաստանում որեւէ մեկը չի կարող իր ճանապարհը կերտել, առանց «խնամի բարեկամի», ուստի իրենք ժողովրդի հետ միասին պետք է ձեռնամուխ լինեն ամուր պետություն կառուցելու գործին. «Ամենուր պետք է լինի այդ պայքարը ընդդիմության մեջ, ավագանիում, քաղաքականության մեջ: Ամեն օր ու ամեն ժամ, սրա ուղղությամբ աշխատում Լուսավոր Հայաստանը»:


«Հանրապետություն» Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ներկաներին պատմեց Էդմոն Մարուքյանի՝ քաղաքականություն մտնելու պատմությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728