Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի 1990թ. հունվարյան հայկական ջարդերի ակունքները

Փետրվար 19,2018 12:30

20-րդ դարասկիզբը, որ մարդկությունը համարում էր բանականության, լույսի եւ հույսի դար, իրեն չարդարացրեց. տեղի ունեցավ գիտակցաբար մարդկանց զրկելը կյանքից, երջանկության արժանապատվությունից եւ նույնիսկ մայր օրրանից: Ցավոք, այդ սարսափելի չարագործույթունը նորից տեղ գտավ դարավերջին՝ Ադրբեջանում:
Ինչպես սկսվեց հայերի ջարդը Բաքվում: Կան տարբեր վարկածներ: Ահա դրանցից երեքը:
Առաջինը: Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) ներկայացուցիչները միտինգում հայտարարել են, որ «վաղը»՝ հունվարի 13-ին, գրոհով վերցնելու են Ադրբեջանի կոմկուսի շենքը: Բայց 13-ին սկսվեցին հայկական ջարդերը: Անկասկած, դա եղել է հայկական ջարդերի ազդանշանը:

Երկրորդը: ԱԺՃ ծայրահեղական թեւի ներկայացուցիչներ Նեյմար Փանահովը եւ Ռահիմ Ղազիեւը հունվարի 12-ին հեռուստատեսությամբ հանդես գալով, հայտարարել են՝ «Բաքու քաղաքը ամբողջապես լցված է անօթեւան ադրբեջանցի փախստականներով, իսկ մինչ այսօր հազարավոր հայեր ապրում են հարմարավետ բնակարաններում»: Դրանով հանդերձ, ադրբեջանցիներին բռնությունների պրովոկացիայի դրդեցին հայերի դեմ:
Երրորդը: Ազատության (նախկինում Լենինի) հրապարակում միտինգի ժամանակ ԱԺՃ ներկայացուցիչը հայտարարեց՝ «…1990թ. հունվարի 13-ին ադրբեջանցիներ Հաջիեւը, Մամեդովը եւ ուրիշները եկան Բաքու քաղաքի Խանլարի փողոցի 24 շենքի 31 բնակարանում բնակվող հայ Ավանեսովին բնակարանից վտարելու: Ավանեսովը եւ տղան կացնի հարվածներ են հասցրել Հաջիեւին եւ Մամեդովին: Մարմնական վնասվածքներից Մամեդովը մահացել է»: Այդ ամենը առիթ հանդիսացան հակահայկական լայնածավալ ջարդերի, որ տեղի ունեցավ Բաքվում հունվարի 13-ից մինչեւ 19-ը ներառյալ: Քաղաքը թակարդ էր դարձել հայերի համար: Քաղաքից դուրս գալու ավտոճանապարհները նրանց համար փակ էին: Եթե տարբեր ազգերի (այդ թվում եւ ադրբեջանցիների) օգնությամբ հայերին հաջողվում էր հասնել քաղաքից դուրս գալու կայարաններին, ապա այնտեղ նրանցից վերցնում էին վերջին գումարները եւ զարդերը, հակառակվելու դեպքում հրամայում էին ծեծել այնպես, որ մահանա հանրապետության սահմանը հատելուց հետո: Նույնիսկ հայազգի մահացածների ոսկե ատամներն էին հանում: Ի՞նչ տարբերություն գերմանական ֆաշիզմի եւ ԱԺՃ պարագլուխների միջեւ: Ոչ մի տարբերություն: Ի՞նչ տարբերություն այդ սարսափները տեսած անտարբեր մարդկանց, իրողության նենգափոխմանը ենթարկվող տիտղոսավոր պատմագետ գիտնականների եւ արյունախում ամբոխի միջեւ: Ոչ մի տարբերություն, քանի որ տանջանքը, թալանը, արցունքները եւ թափած արյունն այդ «խաղաղասեր ինտերնացիոնալիստների» հոգիներին չի դիպչել:
Այդ մի շաբաթվա ընթացքում ադրբեջանցիների անսանձ ու անկառավարելի թմրամոլ ամբոխի կողմից ծավալվեցին կատարյալ անկարգություններ միջնադարյան դաժանությամբ եւ բարբարոսությամբ: Թուրքիայում հայերի ցեղասպանության ժամանակ, նրանցից ժառանգած, հատուկ կատարելագործված եղանակով Բաքվի դահիճները տեղի բնակչության աչքի առաջ սպանում էին հայերին, ցած նետում պատշգամբներից եւ դիակները այրում: Բազմազգ «ինտերնացիոնալ» Բաքուն հեղեղված էր տեղի հայ բնակչության արյամբ:

Արնախում ամբոխի համար սովորական եւ հասարակ երեւույթ է տեսնել շատ մարդկային ցավեր, նրանց թափած արյունը, ֆիզիկական եւ հոգեկան տառապանքները: Այդ ամենը հանգեցնում են նրան, որ տարիների ընթացքում նրանց մեջ մարդկային հատկությունները բթանում են եւ անհետանում՝ ենթարկվում են ատրոֆիայի եւ դառնում անտարբեր մարդկանց ցավերի ու տառապանքների նկատմամբ, ինչն ազդում է գենոֆոնդի վրա: Այդ անսանձ խմբերն իրենց ագահությունը վերածելով գազանության, ցավ պատճառելով, նույնիսկ ոչնչացնելով ուրիշներին, ցանկացած եղանակով ձգտում են հասնել իրենց նպատակին: Ո՞րն է նպատակը եւ որտե՞ղ փնտրենք դրա ակունքները:

1906թ. երիտթուրքերի ղեկավարներից մեկը՝ Բեհաէդդին Շաքիրը, նամակ է ուղարկում Փարիզից՝ «Կովկասի իսլամական եղբայրներին» վերնագրով: Ահա մի քանի տող այդ նամակից՝ «…Միաձայն ողջունում ենք ձեր կողմից Կովկասի բոլոր տեղամասերում ստեղծված գիտական եւ քաղաքական ընկերությունները հանուն իսլամի եւ ազգային օրենքների պաշտպանության»: Այնուհետեւ հստակ շեշտում է՝ «…Հայերը հանդիսանում են ձեր թշնամիները եւ ռուսական լծից ազատվելու ձեր գլխավոր խոչընդոտը: Մշակեք կոնկրետ ծրագիր նրանց թուլացնելու համար»: Ահա թե որտեղից է սկսվում ամեն ինչը, իսկ մենք պատճառներ ենք փնտրում: Ցեղասպանության ծրագիրը մշակված էր Թուրքիայում, իսկ Ադրբեջանում այն հետաձգվեց՝ կապված Խորհրդային Միության կազմավորման հետ: Հետաձգվեց, բայց որպեսզի մոռացության չտրվի, 1920թ. սեպտեմբերին Բաքվում կայացած Արեւելքի ժողովրդի 1-ին համագումարում ընդունված վերջնական բանաձեւում պատերազմ են հայտարարում Հայաստանին, որպես «համաշխարհային իմպերիալիզմի գործակատար», իսկ դաշնակցական կուսակցությունը դիտարկվում է որպես «տեռորիստական» կազմակերպություն: Այնուհետեւ նիստում ընթերցվում է Էնվեր փաշայի հայտարարությունը, որտեղ ասված էր՝ «մենք գտնում ենք, որ Ադրբեջանը պատկանում է ադրբեջանցիներին»: Ի՞նչ է դա նշանակում: Եթե փոքր մահմեդական ցեղերին եւ ազգերին ասիմիլյացիայի են ենթարկել, իսկ հայերին անհնար է, ապա նրանց կամ պիտի ոչնչացնեն, կամ էլ բռնի կերպով լրիվ տեղահանեն հանրապետությունից: Ահա թե որտեղ պիտի փնտրենք հետագա ողբերգական չարիքի արմատները եւ նրանց հեղինակներին:

Անցյալ դարի 20-ական թվականներին այդ գաղափարներով տարված Ադրբեջանի ՆԳՆ ազգայնամոլ Բահրուդ խան Ջավանշիրն ասում է՝ «…Երբ ես խոսում եմ հայերի հետ, իմ ներսում այնպես եմ գազազում, որ ես ինձ չեմ հիշում: Անցել եմ այդ պաշտոնին, որ նրանց հետ հաշվեխնդիր լինեմ»: Եվ ստորագրում է գաղտնի շրջաբերական՝ «Հայ ազգի ոչնչացումը բացառիկ կարեւոր է: Մենք պետք է վերացնենք հայերին եւ նրանց դիակների վրայով շարժվենք մեր ճանապարհով, հետեւաբար չխնայեք ոչ մեկին եւ, անշուշտ, կատարեք այն, ինչ ձեզ հրամայված է»: Բայց նա չգիտեր, որ հայերի կողմից եւս հստակ հրաման կար տրված. 1921թ. Պոլսում երիտասարդ Միսակ Թոռլակյանի արձակած գնդակից սպանվում է (դատարանը ճանաչում է Միսակին մեղավոր, բայց ոչ պատասխանատու իր արարքների համար եւ դատարանից ազատ է արձակում):
Ադրբեջանի ՆԳՆ-ից հետ չմնացին նաեւ մյուս նախարարները: Հատկապես 1918-1920թթ. փոստի եւ հեռահաղորդակցության նախարար Մելիք-Ասլանովը, որը հայտարարեց. «Մինչեւ Ադրբեջանից բոլոր հայերին չմաքրենք, մեր զենքը չպիտի վայր դնենք»: Ահա թե երբ եւ ում կողմից էր մշակվել հայերի դեմ ոճրագործության ծրագիրը եւ 70 տարվա ընթացքում գտնվելով Խորհրդային Միության կազմում, Ադրբեջանի ղեկավարները խորամանկ քաղաքականությամբ հայ բնակչությանը տանում էին օտարացման եւ արտաքսման արահետներով:

Օսմանյան Թուրքիայի պարագլուխների եւ 1920թ. մի օրվա մեջ Ադրբեջանում բոլշեւիկներ դարձած մուսավաթ ղեկավարների գաղափարախոսության եւ իրականացրած ոճրագործության մեջ ոչ մի տարբերություն չկա: Եթե 1920թ. Քեմալ փաշան (Աթաթուրքը) կասեցրեց ռազմական տրիբունալի գործունեությունը եւ կախաղան բարձրացրած ընդամենը երեք գավառապետերին հայտարարեց նահատակներ եւ թուրքական ժողովրդի հերոսներ, ապա 1988թ. փետրվարյան հայկական ջարդերից հետո երեւան եկան նույն գաղափարները՝ «Փառք Սումգայիթի հերոսներին», «Ազատություն ազգային հերոսներին», որովհետեւ սումգայիթյան ողբերգությունը լռության էր մատնված, իսկ այն, ինչ բացահայտված էր, որակում էին որպես խուլիգանական գործողություններ:
Լայնածավալ ընթացիկ տեղեկատվություններից եւ չեզոք, հեղինակավոր քննչական մարմինների քրտնաջան հետազոտություններից երեւում է, որ 1988-1990թթ. Ադրբեջանում հայկական ցեղասպանությունը կազմակերպել եւ ակտիվ մասնակցություն են ունեցել հանրապետության առաջին դեմքերը, որոնք օրինակ վերցնելով Աթաթուրքից, նույն եղանակով թաքցնում եւ արդարացնում են արյունախում չարագործներին: Օսմանյան կայսրության պարագլուխները համարել են, որ ինչքան շատ հայեր կոտորեն, այնքան կայուն թուրքական պետություն կունենան: Նույն հանցագործության գաղափարներով օժտված էին նաեւ ԱԺՃ ղեկավարները:

1989-1999թթ. Ադրբեջանի ՊԱԿ նախագահ Վագիֆ Հուսեյնովը 1989թ. ԱԺՃ պարագլուխներ՝ հետագայում Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի եւ Էհթիբար Մամեդովի հետ հարցազրույցի ժամանակ հարցրեց՝ «Դուք գիտակցաբա՞ր եք գնում ժողովրդի արյունահեղության», նրանք պատասխանեցին՝ «Այո, մենք հասկանում ենք, որքան շատ արյուն թափվի, այնքան լավ կցեմենտավորվի ազգի արիությունը եւ գաղափարախոսությունը»:

Դրանից հետ չմնաց նախկինում Ադրբեջանի ՊԱԿ ղեկավար, իսկ 1969-1982թթ. հանրապետության առաջին դեմք Հեյդար Ալիեւը: «Փլուզում Լեռնային Ղարաբաղից մինչեւ Բելովեժյան թավուտը» գրքի հեղինակ Կիրիլ Ստոլյարովին տված հարցազրույցում կասի՝ «…Դիակների՞ց եք վախեցել, …Անմեղ զոհերի արյունը կգնա ադրբեջանական ժողովրդի օգտին»:

Պարզ երեւում է՝ հակահայկական քաղաքականությունում թե՛ անցյալում Թուրքիայի եւ թե՛ այժմյան Ադրբեջանի դիրքորոշումները մազաչափ անգամ չեն տարբերվում: Ինչպե՞ս տարբերվեն, եթե Թուրքիան հայերի դեմ պայքարի դրոշը փոխանցել է իր կողմից ստեղծած ապօրինի «երեխային»: Ինչպես տարբերվեն, եթե թուրքերի կարգախոսությունն է՝ «Թուրքերը չունեն այլ ընկերներ, բացի թուրքերից»:
Ադրբեջանում ազգային գիտակցությունը եւ ազգային պետության ծագման ու կազմավորման զարգացման ընթացքն ընթանում էր հայ ազգի ոչնչացման եւ վտարման ճանապարհով: Ինչո՞ւ, որովհետեւ մինչ այսօր հայկական ցեղասպանությունը միջազգային դատական կարգով չի դատապարտված եւ մնում է անպատիժ հանցագործություն մարդկության դեմ, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին լայնորեն գործելու եւ իրեն լիովին դրսեւորելու որպես ցեղասպան պետություն:

Հայերի ցեղասպանությունը տեղի է ունեցել ոչ միայն արհեստավարժ մարդասպանների եւ սադիստների, այլեւ հասարակ քաղաքացիների եւ երիտասարդության կողմից: Մի շարք հարցեր են ծագում. ինչո՞ւ կոմունիստական դաստիարակություն ստացած երիտասարդությունը գնաց հանցագործության: Ինչո՞ւ բանվորական միջավայրի, տեխնիկումների եւ ինստիտուտների երիտասարդությունը, գտնվելով ինտերնացիոնալ-բարոյական միջավայրում, ունենալով իրենց հասակակից ուրիշ ազգերի հետ ամենօրյա ընդհանուր մարդկային բարի ու նորմալ հարաբերություններ, հանկարծ մի ակնթարթում ընկավ խռովարարների կոչերի ազդեցության տակ: Ինչո՞ւ գնացին հանցավոր համագործակցության՝ սպանել մոտիկ մարդկանց, ծանոթներին, հարեւաններին, որոնց հետ շփվել են տասնյակ տարիներ, մասնակցել են մեկը մյուսի ուրախություններին եւ դժբախտություններին: Սպանում էին այնպիսի դաժանությամբ, որ զարմանք էր առաջացնում արհեստավարժ դատաբժշկական փորձագետների մոտ: Խորհրդային Միության հասարաքաղաքական մթնոլորտը եւ գաղափարաքաղաքական ուսմունքը այնպիսին էր, որ թե մեծահասակները եւ թե երիտասարդությունը չպիտի գնային այդպիսի հանցագործ քայլի: Գուցե աչքածակությունը եւ թալանն են ստիպել ուրիշի հարստությանն ու գույքին տիրանալ, բայց ինչո՞ւ գազանաբար սպանելով: Տիրացիր՝ առանց տանջամահ անելու, ասա՝ «հեռացիր»:

Հանցագործ հանրապետությունում աշխատում էին Խորհրդային Միության դատախազության քննչական բաժնի ամենահեղինակավոր ներկայացուցիչները, կոմկուսի կենտկոմի բարձրաստիճան ղեկավարներ, միջազգային հարաբերությունների եւ հոգեւոր-վելուծական մթնոլորտի մասնագետներ ու գիտնականներ: Բայցեւայնպես, հանցագործության քրեական կողմը՝ հատուկ դաժանությամբ սպանությունների ֆաշիստական մեթոդների ուսումնասիրությունը, վերլուծումները եւ ամփոփումը մնացին մեզ անհայտ: Չի բացառվում, որ հունվարի 20-ից սկսած՝ Բաքվում խորհրդային բանակի գործողություններից հետո, կենտրոնը եւ Բաքուն գործարքի մեջ մտան: Իսկ մենք կեզրակացնենք, որ 70 տարվա ընթացքում ադրբեջանցիների նոր սերնդի մեջ պահպանվել է հակահայկական բնածին թշնամության մարմաջը: Հայերի ցեղասպանությունը Թուրքիայում եւ շարունակությունը դարավերջին Ադրբեջանում նրանց գիտակցության մեջ պահպանվում է որպես ենթագիտակցություն:

Անցած դարը հնարավորություն ունեցավ միավորել միմյանցից անջատված տարբեր թուրքական ցեղերի մի միության մեջ, որին տվեցին շինծու անուն՝ Ադրբեջան, բայց դա չի շնորհել նրանց մարդասիրություն եւ քաղաքակրթություն: Արդյունքում տուժեցին հայերը, որոնք օժտված են խելացիությամբ եւ բարությամբ:

ՅՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մանկավարժ, մաթեմատիկոս
«Բաքուն եւ հայերը, հակահայկական քաղաքականությունը եւ հայերի էթնիկ մաքրումը Ադրբեջանում» գրքի հեղինակ

«Առավոտ»

17.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728