Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե լծվեին բարելավելու գոնե ինչ-որ չափով, կարող է այս իրավիճակն այսօր չլիներ». Թանդիլյանի ակնարկը՝ Փաշինյանին

Փետրվար 19,2018 14:03

«Գտնում ենք, որ որեւէ պարագայում Սերժ Սարգսյանը չպետք է երրորդ ժամկետով նախագահի, այս պարագայում վարչապետություն վերցնի»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Մենք հետաքրքրվեցինք՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, ժողովրդի կամարտահայտությունից է կախված՝ Սերժ Սարգսյանը կդառնա՞ վարչապետ, թե՞ ոչ, այսօր կա՞ այդ ներուժը, որ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ թույլ չի տա Սերժ Սարգսյանի վերարտադրումը:

Նա պատասխանեց. «Իսկապես անհրաժեշտ է, որ ժողովրդի կամարտահայտությունը լինի եւ դա դրսեւորվի հենց այն ճանապարհով, որը կբերի դրա կասեցմանը: Մենք նաեւ թանկացումների դեմ պայքարի ժամանակ էլ քաղաքացիների հետ կապի մեջ էինք եւ հասկանում էինք, թե ինչպես են իրենք պատկերացնում դրա դեմ պայքարը, գոնե փորձում էինք վերլուծել եւ ըստ էության պետք է ասեմ, որ վաղ է խոսել այդ մասին, որովհետեւ օրերը դեռ կգան եւ նոր զարգացումներ կլինեն: Հիշելով ապրիլի 3-ի առավոտը՝ մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում մեր երկրում եւ որքանով են այն մարդիկ, ովքեր այդ ժամանակահատվածում անգամ իրենց ընտրախցում չկարողացան իրենց կամքը արտահայտել, արդյոք դա կկարողանա՞ն անել փողոցում: Սրա մասին պետք է լուրջ մտածել եւ հասկանալ, որ այն լծակները, որոնք այն ժամանակ են աշխատել, ով է ասել, որ հիմա չեն աշխատի:

Aravot.am-ը հարցրեց՝ Սահմանադրական փոփոխությունների ժամանակ արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը հնարավորություն է ստանում վերարտադրվել վարչապետի պաշտոնում, ենթադրվում էր այն, ինչ պետք է լինի ապրիլին, Դուք այն ժամանակ այդ թիմում չէիք, բայց հիմա գոնե չե՞ք մեղադրում ձեր թիմի անդամներին, որ կեղծ օրակարգ համարելով՝ չմիացան այդ շարժմանը, չէ՞ որ այն ժամանակ ընդդիմադիր ուժերի մեջ կար որոշ չափով կոնսոլիդացիա՝ համախմբում, ՀԱԿ-ը շարժում էր կազմակերպել, այդ ժամանակ ավելի հեշտ չէ՞ր դրա դեմն առնել, քան հիմա հայտարարել, որ թույլ չենք տալու: Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Նախ խոսեմ «Լուսավոր Հայաստանի» մասին, թե ինչով է զբաղված եղել այդ ժամանակ: Ակնհայտ էր, որ մենք հասկանում էինք, որ Սահմանադրական փոփոխությունները, որը նախաձեռնվել են, անցնելու են: Պետք է ուղղակի չուզենալ դա տեսնել, որպեսզի չհասկանալ, որ դա տեղի է ունենալու: Ինչ արեցինք այդ պարագայում մենք, ես ինքս ոչ եմ քվեարկել եւ մենք խոսել ենք այդ մասին տարբեր հարթակներում, որ պետք չէ սրան տալ հնարավորություն»:

Թանդիլյանն ասաց, որ բազմաթիվ փոփոխություններ կան, որ այդ ժամանակ Էդմոն Մարուքյանը կարողացել է ներկայացնել եւ անցկացնել Սահմանադրության նախագծում, մասնավորապես՝ մարդու իրավունքների ոլորտում. «Կան տարբեր ճանապարհներ, մեր գործընկերները այլ ճանապարհով գնացին՝ համարելով, որ դա կարող է աշխատել: Ակնհայտ է, որ հիմա մենք ունենք Սահմանադրություն, որը շատ թե քիչ բարելաված է, ասեմ ավելին՝ եթե լծվեին բարելավելու գոնե ինչ-որ չափով, կարող է այս իրավիճակն այսօր չլիներ, որովհետեւ այն, որ Սահմանադրությունը պետք է ընդունվեր յուրաքանչյուր գնով, դա տեսանելի էր եւ այդ առումով ազդել այնքանով, որ կարողանալ գոնե որոշակի դրական արտահայտում լինի Սահմանադրության մեջ, մենք փորձել ենք այդ ճանապարհով գնալ: Ինչ վերաբերում է, թե հիմա ինչ է կատարվում, իրականությունն այն է, որ Սահմանադրության դրույթները, որ պետք է օրենք դառնան, այստեղ օրենք դառնալու մեջ է խնդիրը, թե ինչպիսի օրենք են դառնում, ինչ լիազորություններ են տրվում վարչապետին, կոմիտեներ են հանվում նախարարություններից, ուղիղ վարչապետի հաշվետվության տակ են դրվում, այստեղ է խնդիրը»:

Նա ասաց, որ հիմա փորձում են այդ օրենքների ընդունումը կանխել՝ ինչքանով թույլ են տալիս իրենց 9 մանդատները:

Մեր հարցին՝ եթե ասում եք միեւնույն է, այն ժամանակ Սահմանադրությունը պիտի անցներ, հիմա էլ միեւնույն է, ՀՀԿ-ն ունի մեծամասնություն եւ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, ուրեմն ինչո՞ւ եք պայքարում՝ նա պատասխանեց. «Ես չեմ ասում պիտի անցներ, ասում եմ՝ ակնհայտ է, որ այն ճանապարհը, որով գնում էին նրանք, չի խանգարելու որեւէ բան: Այս պարագայում մեր պատկերացրած ճանապարհն էր դարձնել դա ավելի լավը, որը մենք արեցինք ինչքան կարողացանք: Ես ինքս եւ մեր ամբողջ թիմը «Ոչ»-ի կողմնակիցն ենք եղել, դա պրոպագանդել ենք, բայց ունենք այս պատկերը»:

Մենք ճշտեցինք՝ ակնհայտ է, որ ունենալով մեծամասնություն՝ Սերժ Սարգսյանին ոչինչ չի խանգարում դառնալ վարչապետ, հետեւաբար ի՞նչ եք դուք կազմակերպում դրա դեմ, հիմա պարզ չի՞ երեւում, որ միեւնույն է՝ չեք կարողանալու դեմն առնել՝ Թանդիլյանը պատասխանեց, որ ԱԺ-ում ստեղծված իրավիճակն իսկապես շատ քիչ տեղ է թողնում այլ բան անելու, բայց միեւնույն ժամանակ իրենք գտնում են, որ ՀՀ-ի համար, որպես ժողովրդավար պետություն, ընկալելի եւ ընդունելի չէ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարումը. «Կարծում եմ, ՀՀԿ-ն ինքը պետք է դա գիտակցի եւ այդքան կամք ունենա հասկանալ, որ այս ճանապարհով մեր պետությունը տանել չի կարելի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728