Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խմբի ջանքերը առավելապես ուղղված են եղել Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետևանքների չեզոքացման վրա. Մասիս Մայիլյանը ամփոփել է 2017 թ.

Փետրվար 19,2018 15:22

2017 թ. Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության հիմնական առաջնահերթությունները եղել են Արցախի միջազգային ճանաչման, ապակենտրոնացված համագործակցությունը արտերկրի գործընկերների հետ և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով նախորդ տարին, ասաց ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Արտգործնախարարը նշեց, որ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ այս վերջին տարիներին դրական միտում կա. ‹‹Նախորդ տարում ամերիկյան Միչիգան նահանգի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը` դառնալով ութերորդ ԱՄՆ նահանգը, որ նմանատիպ բանաձև է ընդունել››:

Բացի այս, նա նաև նշեց Ավստրալիայի Կանաչների կուսակցության կողմից Արցախի անկախության ճանաչման և դա իրենց քաղաքական ծրագրի մեջ ներառելու փաստը: Իսկ ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքը բարեկամության հուշագիր ստորագրելով Բերձորի հետ` դարձավ տասներորդ ֆրանսիական քաղաքը, որը նմանատիպ հուշագիր է ստորագրել Արցախի քաղաքների հետ:

‹‹Երկկողմ համագործակցության մասով գերատեսչությունը փորձել է ընդլայնել նաև համագործակցության աշխարհագրությունը և առաջին անգամ Արցախ են ժամանել պատվիրակություններ Մեքսիկայի, Բոլիվիայի և Պորտուգալիայի խորհրդարաններից››,-շեշտեց նա:

Նախարարը նշեց, որ կարևորում է գործնական հարաբերությունների հաստատումը այն սուբյեկտների հետ, որոնք ճանաչել են Արցախի անկախությունը. ‹‹Այս առումով կարևոր է մեր հարաբերությունների խորացումը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հետ: Կալիֆոռնիան ունի բավականին զարգացած տնտեսություն և այս առումով նման հարաբերությունների հաստատումը մեծ օգուտ կբերի Արցախին››:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Մասիս Մայիլյանն ասաց, որ 2017 թվականին Մինսկի խմբի համանախագահների ջանքերը առավելապես ուղղված են եղել 2016 թվականին ապրիլին Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետևանքների չեզոքացման վրա, ինչպես նաև ջանքեր են գործադրվել իրականացնել Վիեննայում և Սանկ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

‹‹Ավելի ճիշտ կլինի ասել՝ փորձեր են կատարվել բանակցությունների համար պայմաններ ստեղծել, որովհետև մեթոդաբանորեն ճիշտ մոտեցումն այն է, որ մենք կայունություն ապահովենք առաջնագծում և բացառենք ռազմական որևէ հեռանկար, որոնք էլ իրենց հերթին նպաստավոր պայմաններ կապահովեն երկխոսությունն ակտիվացնելու համար:

Սակայն այս առումով վերջնական արդյունք այս պահին չկա` պայմանավորված Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմամբ››,- պարզաբանեց արտգործնախարարը:

Նա ընդգծեց, որ կողմնակից է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը, որի արդյունքում կբարձրանա նրանց դիտարկման արդյունավետությունը: ‹‹Նախորդ տարում նրանց կողմից շփման գծի պլանային 16 դիտարկում է իրականացվել: Մենք գտնում ենք, որ դրանց թիվը պետք է ավելի մեծ լինի››:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728