Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրքն է հանդիսանում երեխայի բարեկամը». Երևանում նշում են գրքի տոնը

Փետրվար 19,2018 17:27

Երևանում նշում են գրքի տոնը: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակներում փետրվարի 19-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա տարբեր հրատարակչությունների մանկական գրքերի ցուցահանդես-վաճառք:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գտնում է, որ մանկական գրքերը մտավոր ճանաչողության համար կարևոր դեր են կատարում, ինչպես օրինակ Վախթանգ Անանյանի գրքերի կենդանական աշխարհի նկարագրությունը՝ Հայաստանը ճանաչելիս: Չնայած այդ ամենին՝ նա փաստում է ՝Հայաստանում լավ մանկագիրները քիչ են. «Լավ մանկագիրներ այդքան էլ հեշտ չեն ծնվում: Այսօր Եվրոպայում էլ , որին ես կարող եմ ասել վատ ծանոթ չեմ, դժվար է գտնել լավ մանկագիրներ»: Տալով Աղայանի, Թումանյանի, Անանյանի անունները՝ նա չցանկացավ շարունակել՝ պատճառաբանելով, որ անգիր անուններ շատ կարող ենք թվարկել, բայց շատերը պարզապես փոխադրել են այլ լեզուներից, նրանց մեծ մանկագիր համարել չենք կարող. «Այդպես պետք է դիտարկենք մեր ունեցածը և ճշգրիտ ներկայացնենք երեխաներին»,-հավելեց նա:

Խնկո Ապոր գրադարանի կրտսեր ենթաբաժնի գլխավոր պատասխանատու Սվետլանա Շիրինյանը մեզ հետ զրույցում ոգևորությամբ պատմեց նախաձեռնության և հրատարակիչների հետ աշխատանքի մասին՝ ընդգծելով այն, որ եթե գրադարանից երեխաները երկու շաբաթով են գիրքը վերցնում, հրատարակիչներից գնածը իրենցն է միշտ: «Սա խթան է դառնալու երեխաներին և գրքերին մոտիկից մերձենալու համար, նաև նրան, , որ երեխաները գիրք գնեն ծննդյան տոներին ոչ թե փափուկ խաղալիք կամ շոկոլադ. այդ ամենը անցողիկ է: Գիրքն է հանդիսանում երեխայի բարեկամը»,-եզրափակեց իր խոսքը Տիկին Սվետլանան:

Ցուցատախտակներից մեկը նվիրված էր զինվորներին: Ինչպես մեզ հայտնեց տիկին Սվետլանան, գրողները և հրատարակիչները նվիրում են իրենց գրքերը, իսկ տոնավաճառի վերջում հավաքված բոլոր գրքերը կուղարկեն զորամասեր:

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Գրողի հոբելյանին ընդառաջ Էդիթ Պրինտ հրատարակչությունը վերահրատարակել է գրողի «Հեքիաթներ» ժողովածուն: Էդիթ Պրինտի տնօրեն Մկրտիչ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրքում ընդգրկված են 10 հեքիաթ՝ «Շունն ու կատուն», «Քաջ Նազարը», «Անբախտ վաճառականներ», «Գառնիկ ախպեր», «Մի կաթիլ մեղրը», «Անհաղթ աքլորը», «Ուլիկը», «Ծիտը», «Խոսող ձուկը», ​«Տերն ու ծառան»: Ինչպես նաև նորացվել են գրքի նկարները: Իսկ այսօրվա գրքի շնորհանդեսի ժամանակ երեխաները կդիտեն հեքիաթների հիման վրա նկարված մուլտիպլիկացիաները:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Ավաղ, Միլիտոնյանի մանկական գործերը շատ վատն են, բայց կլինեն լավերը: Կգան:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728