Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ Ղարաբաղյան շարժման եւ սխալների մասին

Փետրվար 19,2018 17:50

«Ղարաբաղյան շարժումն իմ գիտակից կյանքի ամենահիմնական մասն է զբաղեցրել: Ես չգիտեմ՝ այդտեղի հաղթանակների՞ն եմ ավելի շատ ուրախացել, թե՞ երեխաներիս ծնունդին: Շարժումն իմ ընտանիքի մի մասն է, ես իսկապես սիրում եմ այդ շարժումը: Երբ այդ թեմայով խոսում եմ, ես ավելի երիտասարդանում եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա ասաց, որ Սովետական միությունում առաջինն էինք, որ նման գործընթաց սկսեցինք, սկսեցինք զգուշավոր, բայց շատ խելամիտ. «Սկսեցինք առաջին դեմքերին ու հարթակին կանգնածներին փոփոխելով, հղկելով, բայց ճիշտ որոշումներ կայացնելով, հնարավորինս զոհեր ունենալուց խուսափելով ձեռք բերեցինք ՀՀ անկախությունը՝ դրոշ, զինանշան, Սահմանադրություն ձեռք բերեցինք, անկախ Արցախ՝ ազատագրված ու ապահոված սահմաններով: Ունեցանք թերություններ տնտեսության բնագավառում, կարող էինք ավելի լավ ապրել, շտապեցինք սեփականաշնորհման բնագավառում, կարող էինք դանդաղ անել, բայց քաղաքական խնդիր կար, պիտի աշխարհին ցույց տայինք, որ մենք առաջադեմ ենք, որ մեզ օժանդակեն: Այնպես որ, այդ սխալները նաեւ իրենց օբյեկտիվ դրդապատճառներն են ունեցել եւ չեմ մեղադրում այդ սխալների համար որեւէ մեկին, ով այդ ժամանակ աշխատել է: Վստահաբար եմ ասում, որ այդ ժամանակվա ցանկացած պետական աշխատող փորձում էր աշխատել ի շահ երկրի, փորձում էր պատմության մեջ մնալ ինչ-որ լավ բան արած՝ երբեմն շատ ռիսկային, երբեմն՝ առաջին անգամ փորձարկելով: Ցանկացած փորձ ունենում է նաեւ անհաջողություն, ինչը շատ բնական եմ համարում: Ես համարում եմ, որ մենք մի խնդիր ունենք լուծելու, այդ խնդիրը ազատ, արդար ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելն է մեր երկրում: Հենց դա կազմակերպեցինք, արեցինք, մենք տարածաշրջանում բոլոր-բոլոր պետություններից ու երկրներից առաջ կընկնենք»:

Արամ Սարգսյանն այն ժամանակվա մթնոլորտն այսպես նկարագրեց. «Այն ժամանակ կար գրականություն, հայոց պատմության մասին գրքեր, որոնք կարդում էինք, որոնցով մտածում էինք, հիանում էինք: Հա, ինչ-որ Սովետական պետության մի մասնիկն էինք, բայց չունեինք ինքնուրույն արտգործնախարարություն, ինքնուրույն երկրի ղեկավար, այդ ամեն ինչը ենթարկվում էր Մոսկվային, գիտեինք, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն, եղեռնին գալիս էինք ու մեր պարտքն էինք համարում պարտադիր այդտեղ ներկա լինել, հարգել հիշատակը, դրանով մեր մեջ բողոք ունեինք, ու պարզվեց, որ այդ բողոքը կարող ենք արտահայտել ու այդ բողոքի համար փողոց դուրս գալ՝ աննկարագրելի ազատության զգացողություն կար, վախի իսպառ վերացում: Կար կյանքը սեփական հայրենիքին նվիրելու ցանկություն ու մղում, ինչի բազմաթիվ օրինակները մենք տեսանք արցախյան պատերազմի ժամանակ՝ 6000 զոհը, 11 հազար վիրավորը մեր ազգի սերուցքն էր, որն ապահովեց այսօրվա Հայաստանը եւ ում շնորհիվ է, որ մենք այսօր որոշակի առումով ճակատներս բաց հարեւանի հանդեպ արժանապատվություն ունեցողի կեցվածք ունենք, կարողացել ենք ինքներս մեզ պաշտպանել ու մեր եղածին տեր կանգնել»:

Արամ Սարգսյանն ասաց, որ ՀՀՇ-ի անդամ չի եղել, բայց մասնիկն է եղել, շարժվել է իրենց հրահանգներով, համարում է, որ իրենք շատ լուրջ գործ են արել եւ լուրջ ավանդ ունեն երկրի կայացման գործընթացում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728