Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում մեծ շուքով նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյա հոբելյանը

Փետրվար 19,2018 21:50

Փետրվարի 19-ին Թբիլիսիում մեծ շուքով նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյա հոբելյանը, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը։

Միջոցառումները մեկնարկեցին Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, որտեղ ծաղիկներ խոնարհվեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարի առջև  և Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցեց հոգեհանգստյան կարգ։ Այնուհետև, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սկիզբ դրած ավանդույթի համաձայն՝ գիրք նվիրելու տոնի շրջանակներում ներկաներին նվիրվեցին գրքեր։

Միջոցառումները շարունակվեցին Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում, որտեղ հանդիսավոր կերպով տեղի ունեցավ տիկնիկային թատրոնի բացման արարողությունը։

Տուն-թանգարանի աշխատակազմի և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվի կողմից բեմադրվել էր տիկնիկային ներկայացում՝ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության հիման վրա։

Ներկայացման ավարտին ունեցած իր ելույթում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը ընդգծեց մշակույթի դերն ու նշանակությունը՝ ավելացնելով որ տիկնիկային թատրոնի ստեղծումը նոր երանգ կհաղորդի Թբիլիսիի հայության մշակութային կյանքին։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Հարություն Հայրապետյանը դեսպանության անունից շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակներին և ընդգծեց Հայրենիքի սահմաններից դուրս ևս հայկական մշակույթն ակտիվ պահելու կարևորությունը։

Ելույթներով հանդես եկան նաև Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Թբիլիսիի Իսանիի շրջանային վարչության նախագահ Կախա Լաբուչիձեն, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը,  «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը և այլք։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728