Լրահոս
Օրվա լրահոսը

Իր պատրաստած կնիքով կնքված կեղծ անձնագրով սահմանը հատելու փորձի համար ազատազրկվեց

Փետրվար 19,2018 22:50

Երեւան քաղաքի բնակիչ, բարձրագույն կրթությամբ, 1975թ. ծնված Սամվել Ժիրայրի Այվազյանը չունենալով ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու իրավունք վերապահող սահմանված փաստաթղթեր եւ պատշաճ թույլտվություն, օգտագործելով իր կողմից պատրաստված կեղծ կնիքով եւ դրոշմակնիքով կնքված, Վարդգես Վարազդատի Ալոյանի տվյալներով, իր լուսանկարով. ՀՀ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագիր, 2017թ. օգոստոսի 3-ի ժամը 19-ի սահմաններում փորձել է ապօրինի հատել Բագրատաշենի սահմանային անցակետը, սակայն հայտնաբերվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության Բագրատաշենի բաժնի ծառայողների կողմից, հանձնվել ոստիկանությանը:

Ս. Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը») եւ 34-329 հոդվածի 1-ին մասով(«Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու փորձը») : Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ մինչ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատաքննությունը սկսվելը Ս. Այվազյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը միջնորդությունը բավարարել է: Փետրվարի 6-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Սամվել Այվազյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներով , ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել 6 ամիս ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով`6 ամիս ժամկետով ազատազրկման. ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով Ս. Այվազյանին դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման: Դատավորը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի կիրառմամբ նշանակված պատժի ժամկետին հաշվակցել ամբաստանյալի կալանքի տակ գտնվելու 6 ամիս եւ 3 օրը, նրան վերջնականապես դատապարտել 5 ամիս, 27 օր ժամկետով ազատազրկման:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728