Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուցարարները պետք է մոտենային ՊՊԾ գնդին, բայց չեմ կարծում, թե պետք է մտնեին գունդ». Վկա

Փետրվար 20,2018 13:28

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց Արտակ Մուրադխանյանը:

Նա դատարանին հայտնեց՝ դեպքի օրը հավաքին մասնակցել է նախ Ազատության հրապարակի տարածքում. «Չեմ հիշում, թե այնտեղ ովքեր են ելույթ ունեցել: Հետո շարժվեցի ամբոխի հետ, որի դիմացը Սարի թաղում ոստիկանները փակեցին: Հետո ոստիկանները գործողությունների դիմեցին, որ ցրեն ցուցարարներին: Նրանք մինչեւ ՊՊԾ գունդ պետք է գնային, իսկ թե ինչու՝ չգիտեմ»:

Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը հարցրեց՝ «ի՞նչ ի նկատի ունեք, երբ ասում եք, որ պետք է գնային դեպի ՊՊԾ գունդ»: Արտակ Մուրադխանյանը պատասխանեց. «Քանի որ իրադարձությունները ՊՊԾ գնդի տարածքում էին ծավալվում, պետք է մոտենային ՊՊԾ գնդին, բայց չեմ կարծում, թե պետք է մտնեին ՊՊԾ գունդ, որովհետեւ նախորդ օրերին էլ էին նման երթեր եղել»:

Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը հետաքրքրվեց՝ որտեղի՞ց իմացավ, որ ցուցարարները դեպի ՊՊԾ գունդ են շարժվելու: Վկան պատասխանեց, որ համացանցում է նման տեղեկություններ կարդացել, իսկ ցույցի ժամանակ հնչած կոչեր ու հայտարարություններ չի հիշում: Արտակ Մուրադխանյանը նշեց, որ ցուցարարների նպատակը չգիտեր, պարզապես հետաքրքրությունից դրդված է միացել երթին:

Դատավարության կողմերն այնուհետեւ հարցրին, թե արդյոք քարեր նետվել են ցուցարարների կողմից: «Նետել են, թե ովքեր՝ չեմ ճանաչում: Քարերի ընթացքին չեմ հետեւել ու չեմ հիշում՝ ոստիկաններին կպե՞լ են, թե ոչ: Քարերը վերցնում էին որտեղից պատահի՝ գետնից: Ցուցարարների մեջ կային մարդիկ, որոնք ասում էին, որ քարերով պետք չէ հարվածել ոստիկաններին, նախահարձակ պետք չէ լինել»:

Վկան չհիշեց՝ Անդրիաս Ղուկասյանին տեսե՞լ է դեպքի օրը, թե ոչ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728