Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է մտահոգվենք, որ ղարաբաղյան շարժման վերջին փուլը չենք լուծել». Ստյոպա Սաֆարյան

Փետրվար 20,2018 14:42

«Ղարաբաղյան շարժումը հավերժ էր լինելու, թե՝ ոչ: Այդ շարժումն ունենալու էր սկիզբ ու ավարտ, ավարտվելու էր նրանով, ինչ խնդիր դրված էր օրակարգում, լուծվե՞ց խնդիրը, կարող եմ ասել՝ մասամբ»,- այսօր Մամուլի ազգային ակումբում «Ղարաբաղյան շարժման խնդիրները, պատմաքաղաքական նշանակությունը և արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա՝ շարժումն իսկապես կարողացավ վերին աստիճանի ճկուն կարողություններ ունենալ՝ ճիշտ ժամանակին փոխելով թե օրակարգը, թե խնդիրները:

Պարոն Սաֆարյանի խոսքով, սակայն, շարժման ժամանակ լրջագույն սխալ թույլ տրվեց, որի հետեւանքները մինչեւ հիմա վայելում ենք՝ անձնակենտրոն իշխանություն. «Ուժեղ պետություն ստեղծելու գաղափարը շատ սահուն տրանսֆորմացվեց ուժեղ իշխանություն ունենալու գաղափարին ու ստեղծվեց անձնակենտրոն ավտորիտարիզմի միտումներով իշխանություն… անթաքույց էին շարժման ձեռքբերումների նսեմացման քարոզչությունը, չգիտեմ՝ կազմակերպված էր, թե ոչ: Եթե շարժումը բերել էր նրանք՝ մենք մեկ կենտրոնի ապավինել չենք կարող, ապա սկսվեց լրիվ հակառակ քարոզչությունը՝ առանց կենտրոնի չենք կարող: Եթե շարժումը բերել էր անկախ պետականության գաղափարին, վերջին տարիների քարոզչությունը բերեց անկախությունը հարաբերական արժեք է, բացարձակ անկախ պետություններ չեն լինում գաղափարին, մաս-մաս օտարվեց շարժման գաղափարը: Ամեն ինչի տոնակատարությունը կարող է շատ ճոխ նշվել, բայց ղարաբաղյան շարժման երեսուն ամյակը՝ ոչ, սա ողբերգություն է: Այս տարին պետք է դառնար շարժման հոբելյանը հավուր պատշաճի նշելու տարի»:

Բանախոսը նաեւ նկատեց, որ ղարաբաղյան շարժմամբ պետք է հպարտանանք ու վերլուծենք, բայց փորձել դրան շարունակություն տալ, անիմաստ է, քանի որ այն ավարտված շարժում է. «Պետք է մտահոգվենք, որ շարժման վերջին փուլը չենք լուծել, կարող ենք ասել՝ վաղ թե ուշ Արցախի անկախությունը կճանաչվի, բայց երբ կճանաչվի, շարժումը մի բան ցույց տվեց, որ երբեք որեւէ սերունդ հաջորդ սերնդի վրա չպետք է թողնի անհարկի մեծ բեռ, որովհետեւ 1988-ի սերնդի համար չափազանց մեծ բեռ էր պատմության ամբողջ աղբը վերցնել ուսերին ու լուծում տալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728