Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ նախագահը վերջնականապես փակեց այդ հարցը». Սուրեն Սարգսյան

Փետրվար 20,2018 15:01

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթը ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի շարունակությունն էր:

«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Սուրեն Սարգսյանը մյունխենյան հարթակը համարեց չափազանց կարևոր. «Հայաստանն այս դեպքում հանդես չեկավ որպես անվտանգության սպառող, այլ ցույց տվեց, որ դեր ու նշանակություն ունի միջազգային անվտանգության համակարգում»:

Ըստ քաղաքագետի՝ Մյունխենում ՀՀ նախագահը փակեց այն հարցը, թե ինչու տարիներ առաջ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագիր չստորագրվեց. «Կարևոր էր, որ ԵՄ-ի մեր գործընկերները հասկանան, թե իրականում ինչ է տեղի ունեցել, և ինչ են և-և կամ-կամ սկզբունքները և ինչու ոչ թե այն ժամանակ, այլ այսօր ստորագրվեց ԵՄ-ի հետ համաձայնագիր: Սա կարևոր ուղերձ էր մանավանդ ԱՄՆ քաղաքական շրջանակների համար, քանի որ կա ընկալում, որ ՀՀ-ն ստիպված է եղել գնալ այդ քայլին և կորցրել է ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքելու իր պատմական շանսը: Բայց ամենևին այդպես չէ. ռուս- ամերիկյան հարաբերությունների ներկայիս իրավիճակում ԱՄՆ-ում այդ ընկալումը կա, թե ՀՀ-ին ստիպել են: ՀՀ նախագահը նշեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Իրականությունն այն է, որ ՀՀ-ն պահել է խաղի կանոնները ամբողջությամբ և բանակցել երկու կողմերի հետ: Մենք և-և-ին կողմ ենք եղել, իսկ ԵՄ-ն կամ-կամ-ին: Եվ-և-ին կողմնակից է եղել նաև ՌԴ-ն: Մյունխենը հարթակ էր, որ ՀՀ նախագահը անդրադառնար այդ հարցին՝ վերջնականապես փակելով այն»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ կապված Սերժ Սարգսյանի արձագանքին, պարոն Սարգսյանը զգուշացրեց՝ Ալիևի հայտարարությունը կարող է դառնալ հրաման. «Ալիևի հայտարարությունները ծիծաղելի են մեզ համար, բայց մշտապես պետք է պատրաստ լինել՝ հաշվի առնելով՝ ում հետ գործ ունես: Վաղը կարող է այդ հայտարարությունը հրաման դարձնել. ապրիլյան դեպքերը զառանցանքի գործուն ապացույցն էր: Հաշվի պետք է առնենք, որ Ալիևը խելակորույս բաներ կարող է ասել, բայց զգույշ պետք է լինենք, քանի որ նա անկանխատեսելի անձնավորություն է»:

Ըստ Սուրեն Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանի ելույթն ուղերձ էր ոչ միայն Եվրոպային, այլև միջազգային հանրությանը՝ նաև Ադրբեջանին:

Սուրեն Սարգսյանը նկատեց՝ ժամանակին Ադրբեջանը սպառնում էր Արցախին, հիմա՝ Երևանին: Ըստ քաղաքագետի՝ սա արդեն լրջագույն մարտահրավեր է, և սրա պատասխանը տվեց ոչ միայն ՀՀ նախագահը:

Դիտարկմանը՝ ճիշտ չէ՞ր լինի ՀՀ նախագահը Մյունխենում ավելի կոշտ հռետորաբանություն օգտագործեր, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Մենք Ադրբեջանից տարբերվում ենք նրանով, որ ագրեսիվ և կոշտ հայտարարություններ չենք անում: Մենք ընկալվում ենք կողմ, որը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ: Ագրեսիան մեզ որևէ կերպ օգնել չի կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728