Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարեր նետողները կամ սադրիչներ են եղել, կամ ոստիկաններն են սուտ ասել». Անդրիաս Ղուկասյանի պաշտպան

Փետրվար 20,2018 15:31

2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական  դատական նիստում այսօր նրա շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ դատավոր Վարդան Գրիգորյանի ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ այս գործի նախաքննությունը, պաշտպանի պնդմամբ, կատարվել է միտումնավոր խախտումներով: Կարեն Մեժլումյանը նշեց՝ նախորդ նիստերում որպես վկա ցուցմունք տված ոստիկանները հայտնել են, թե Սարի թաղից մոտ 15 ցուցարարի տարել են Աշտարակի բաժին, 15-ին՝ Էրեբունու, գրեթե նույնքան քաղաքացու էլ՝ այլ բաժիններ:

«Ըստ իրենց՝ ընդհանուր մոտ հիսուն ցուցարարի են բերման ենթարկել: Նրանք ասել են, որ բաժիններ են տարել այն անձանց, որոնց տեսել են քարեր նետելուց: Այդ կերպ ոստիկանները տպավորություն են ստեղծել, որ զանգվածային անկարգություններ են եղել, քարեր են նետել, մինչդեռ այդ անձինք այս գործով չեն անցնում: Հետեւաբար, կամ այդ անձինք սադրիչներ են եղել, որոնց բերման են ենթարկել ու բաց թողել, կամ նրանք քարեր չեն նետել, այսինքն՝ ոստիկաններն են սուտ ասել»,-համոզմունք հայտնեց Կարեն Մեժլումյանը՝ հավելելով, որ քար նետողները չկան:

Այդ փաստը, ըստ պաշտպանի, խոսում է այն մասին, որ այս գործը շինծու է, ինչն էլ իր հերթին ցույց է տալիս դատախազի հսկողությամբ իրականացված նախաքննության որակը: Դատավոր Վարդան Գրիգորյանը պաշտպանի հայտարարության առնչությամբ ասաց, որ այն դատավարության այս փուլի հետ կապ չունի եւ տեղին չէ: Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ պաշտպանական կողմին հորդորեց զերծ մնալ որակումներից. «Ակնհայտ անհիմն հայտարարություններ են: Պիտակավորումներ անելուց առաջ բավարար փաստարկված հիմնավորումներ պետք է ունենալ: Հորդորում եմ ոչ կոռեկտ պահվածքից զերծ մնալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728