Լրահոս
Օրվա լրահոսը

«Քա′ջ եղեք, տղանե′ր». նախարար Ամիրյանը չընդունեց «չեմպիոն թատրոնի փոքր-ինչ վախվորածությունը»

Փետրվար 20,2018 19:50

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայիս և տասնամյակներ առաջ Լոս Անջելես մեկնած մի խումբ արտիստներ առաջիկայում գյումրվա հումորային թեմաներով համատեղ ներկայացում կպատրաստեն, որը կխաղան և′ Գյումրիում, և′ Լոս Անջելեսում։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի և տնօրեն Տիգրան Վիրաբյանի այս գաղափարը երկու ձեռքով ողջունեց նախարար Արմեն Ամիրյանը։

Սակայն ցուցանիշներով ու որակով «չեմպիոն» թատրոնի տնօրենության հետ ամեն ինչ չէ, որ այսպես հարթ ընթացավ 2017 թվականի հաշվետվության ու 2018 թվականի անելիքի շուրջ քննարկմանը։

Եվ մեկ հարցում էլ բանավեճ չեղավ։ Երբ ներկայացվեց, որ Թատրոնն աշխատել է 98% վաճառված տոմս և 2% հրավիրատոմս սկզբունքով, Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ասաց.

«Հրավիրատոմսով հանդիսատեսը մեզ հետաքրքիր չէ»։

«Այո′, դա ամենավատ հանդիսատեսն է»,- ավելացրեց նախարար Ամիրյանը։

2017թ. Գյումրու պետական թատրոնին պետբյուջեից հատկացվել է 169 միլիոն դրամի սուբսիդիա, Թատրոնն ունեցել է մոտ 48,5 միլիոն դրամի փաստացի եկամուտ ( 2016թ. մոտ 29 միլիոն դրամի համեմատ)։ Եկամտի մոտ 34 միլիոն դրամն ստացվել է տոմսերի վաճառքից, 11 միլիոնը՝ դահլիճի, մոտ 3 միլիոնը՝ տարածքի վարձակալումից։

Նախարար Ամիրյանին չգոհացրեց այն, որ 2017 թվականին 7 պրեմիերա ունեցած և 142 ներկայացում խաղացած թատրոնը 2018-ին ընդամենը 3 պրեմիերա և 125 ներկայացում է նախատեսում։ Բացատրությունը, որ նոր ներկայացումներն անելու են հրավիրյալ ռեժիսորները, և որ որակի համար ժամանակ է պետք, նույնպես չգոհացրեց նախարարին.

« Բոլորս էլ գիտենք որակյալ ներկայացում բեմադրելու օպտիմալ ժամանակը։ Բացի այդ, Խորհրդային տարիներին ամեն մի թատրոն շաբաթական վե՞ց ներկայացում էր խաղում, երբեմն՝ օրական մի քանիսը, ես առաջարկում եմ գոնե երեք ներկայացում խաղալ շաբաթական և ունենալ գոնե 5 նոր ներկայացում տարեկան»։

Թատրոնի տնօրենությունը տատանվելով ընդունեց նախարարի այս առաջարկը, ինչին վերջինս արձագանքեց.

«Ձեր վախվորածությունն ինձ դուր չի գալիս, չեմպիոնն իրավունք չունի իրեն այդպես պահելու, ես ուզում եմ, որ տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը վերցնեն ռիսկը… Քա′ջ եղեք, տղանե′ր, պայմանավորվեցի՞նք։ Իսկ ապրիլի 20-ից գալիս ենք ձեզ մոտ՝ պրեմիերայի»։

Ապրիլի վերջին Թատրոնը հանդիսատեսի դատին կներկայացնի Ապրիլյան պատերազմի թեմայով ներկայացումը, մինչև մայիս՝ մանկական «Ձյունիկն ու յոթ թզուկները», ապա մեկական ներկայացում կբեմադրեն հրավիրյալ ռեժիսորներ Վահե Շահվերդյանն ու Նարինե Մալյանը։

Մարտ ամսից Թատրոնի խաղացանկային որոշ ներկայացումների գլխավոր դերերում կներգրավվի Հրանտ Թոխատյանը։ Այս փորձը կշարունակվի, և այլ հայտնի դերասաններ ևս միառժամանակ հանդես կգան Գյումրու թատրոնի բեմում։ Թատրոնի արտիստները հյուրախաղեր կունենան Երևանում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728