Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Ինչո՞ւ ռեկտորին չի արգելվում ղեկավարել գիտխորհուրդը»

Փետրվար 21,2018 13:37

«Չհասկացվեց`գործատուն ո՞վ է`անհատ ձեռներեցնե՞րը, խոշոր ՍՊԸ ունեցողնե՞րը, խոշոր հիմնադրամնե՞րը: Ի՞նչ մեխանիզմով են նրանք հայտնվելու բուհում: Բուհե՞րն են խնդրելու որ գան, թե՞ իրենք են գնալու Բուհին եւ խնդրեն` դառնալ խորհրդի անդամ`այն էլ 30 տոկոսով: Այսինքն, գործատուներին ենք տալու հոգաբարձուների խորհրդի կառավարումը, քանի որ գործատուն ընտրվելու է հոգաբարձուների խորհրդի նախագահ»,- այս հարցն այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին ուղղեց ԱԺ համանուն հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը:

Մինչ այդ բուհերի կառավարման խորհուրդներում գործատուների ներկայության մասին խոսել էր նաեւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում լսումներ են ընթանում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով:

«Խնդիրը հայացքի մեջ է»,- փորձեց մանրամասնել Լեւոն Մկրտչյանը: «Եթե համալսարանին վստահում ենք, ինքնուրույն է, ազատ է, մենք էլ ասում ենք պետությունը չպիտի համալսարանին թելադրի, ասում ենք, թող քո տիրույթի 30 տոկոսը լինեն մարդիկ, որոնք բիզնեսից են եւ ինչ-որ ձեւով քեզ կօգնեն: Ի՞նչ սկզբունքով է համալսարանն ընտրում`հավատարմագրման փուլում դա կերեւա: Գործատուի չափանիշները չենք կարող սահմանել: Կարող է մեկը ՀԿ-ի ղեկավար է, գործատու է, բայց գործատուները նրա տեղն էլ չգիտեն»,-ասաց նախարարը:

Կարեն Ավագյանին նաեւ հետաքրքրում էր՝ ինչո՞ւ ռեկտորին չի արգելվում ղեկավարել գիտխորհուրդը: Միջազգային փորձից օրինակ բերեց, որ հոգաբարձուների խորհրդի նախագահն էլ կապ չունի ռեկտորատի եւ գիտխորհրդի հետ:

«Համալսարանն իր կանոնադրությամբ թող որոշի, մենք օրենքում չենք գրել»,- պատասխանեց նախարարը`նկատելով, որ այսօրվա գիտխորհուրդների մասով պատգամավորը ճիշտ է, բայց երբ ասում ենք, որ գիտխորհուրդն ակադեմիական խնդիրներով է զբաղվելու, այլ է դառնում. «Կառավարման ֆունկցիաները ամբողջությամբ կառավարման խորհուրդ ենք տեղափոխում»:

Նախարարը հավելեց նաեւ, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման փոխարեն, օրենքով նշել են, որ բուհերը պետք է անցնեն մասնագիտական հավատարմագրման:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728