Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում եք՝ 200 հատ նախագիծ բերեք հայտարարության, քանի իրավական հիմքեր չկան այդ գործերը վերաբացվելու՝ չի լինելու. Կոստանյանը՝ Փաշինյանին. (Տեսանյութ)

Փետրվար 21,2018 16:11

Ինչպես հայտնել ենք, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է 2008-ի Մարտի 1-2-ի վերաբերյալ «Ելքի» նախագիծը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության նախագիծ, քանի որ լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 10 տարին:

ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի իրադարձությունը շատ ցավոտ է իրենց համար, ամոթալի է, բայց նախագիծը պետք է բացասական եզրակացություն ստանա: Նա ասաց. «Ուզում եք՝ 200 հատ նախագիծ բերեք հայտարարության, հարյուր հատ հայտարարություն ընդունեք, քանի իրավական հիմքեր չկան այդ գործերը վերաբացվելու՝ չի լինելու»: Էդմոն Մարուքյանը կողքից հուշեց՝ ասեք՝ քանի իշխանափոխություն չի եղել, չի լինելու:

Կոստանյանն ասաց, որ Մարտի 1-ի հետ կապված ցանկացած բան իրենց համար մտահոգիչ է: Քաղաքական բնույթի այս կետերը, որոնք նախագծում գրված են, բացարձակապես ուղղված չեն մտահոգությունները վերացնելուն. «Ոչ թե համաձայն չեմ այս հայտարարության կետերի հետ, այլ այս հայտարարության նպատակահարմարությունն է բացակայում: Նպատակահարմարությունը ոչ թե քաղաքական է, այլ՝ նպատակահարմար չէ՝ խնդիրների լուծմանն ուղղված լինելու առումով»:

Փաշինյանն էլ իր ելույթում ասաց՝ իրավակա՞ն եք ուզում խոսենք, խոսենք իրավական առումով: 10 տարի նախաքննություն է գնում, մեղադրյալ ոստիկաններ կան, մարդ կա՝ 7-8 տարի մեղադրյալ է, ու ՀՀ դատական համակարգը չի ասում՝ վերջնական մեղավոր է, մեղավոր չի. «Ես իմ դատավճռի մասին ասեմ՝ հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ ես մարդկանց նեյրոլինգվիստիկ ազդեցության եմ ենթարկել եւ մարդկանց մղել գործողությունների: Ես չեմ հասկանում՝ 6 տարի ԱԺ մեծամասնությանը նեյրոլինգվիստիկ ազդեցության եմ ենթարկում, խի՞ չեն ազդվում, կարո՞ղ է պատվաստման են ենթարկվել, ամեն առավոտ նիստերից առաջ սրսկվում են եւ ոչ ոք չի ենթարկվում ազդեցությանը»:

Նա անցավ գործի հետ կապված դիտարկումներին. «Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ի՞նչ եք ասում, ա՛յ ձեր ցավը տանեմ, հազարավոր կիլոմետրեր տեսագրություններ, ժամեր կան, ով է շնչել, արտաշնչել, նույնիսկ մկները չէին կարա…առանց տեսախցիկների, հարցաքննվե՞լ է այդ մարդը՝ պարոն գլխավոր դատախազ ոչ հեռավոր անցյալի ԱԱԾ-ն գիտե՞ք ինչքան է նկարել, ԱԱԾ-ին գնացե՞լ հարցրել եք՝ հլը բեր նկարածներդ: ՀՔԾ-ն մուտք գործե՞լ է ԱԱԾ առգրավելու այդ հազարավոր ժամեր տեսագրությունները, արե՞լ եք, թե՞ չեք արել: Իհարկե, չեք արել: Սերժ Սարգսյանին հարցաքննե՞լ եք, Հովիկ Աբրահամյանին հարցաքննե՞լ եք,ՊՆ-ում շտաբ էր ձեւավորվել Սերժ Սարգսյանի այլընտրանքային, բացահայտե՞լ եք հանգամանքները: Մարդուն պետական գաղտնիք բացահայտելու համար բացահայտել են, որ ինքը մամուլին տվել է, որ ՊՆ-ում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ է եղել, հարցաքննե՞լ եք, պարզե՞լ եք՝ այդ ինչ շտաբ է»:

Կոստանյանը փոխհատուցման հետ կապված ասել էր, որ Մարտի 1-ի հարազատները կարող էին օգտվել իրենց իրավունքներից: Փաշինյանն ասաց՝ «Բա դուք գլխավոր դատախազ էիք, ընդունել եք Մարտի 1-ի զոհերի հարազատներին, բա ասում եք՝ դա մեր ցավն է, միջին վիճակագրական քաղաքացու չափ տառապում եք եւ այդ հարցով հետաքրքրված եք: Բա գլխավոր դատախազը, որը կողմ չի, քաղաքացու իրավունքների պաշտպանության խնդիր է հետապնդում, բա ինչի՞ չեք ասել՝ հարգելի հարազատներ,  մեծամասնությունն ընդունում է, փոխհատուցում է, ի՞նչ եք ընդդիմադիրների խելքին ընկել: Այդ ընտանիքները ըստ էության չքավոր վիճակում են»:

Խոսելով փաստահավաք խմբի մասին՝ Կոստանյանն ասել էր, որ այն պետք է եզրակացություն տար եւ լուծարվեր, ուստի անօրինական չէ լուծարումը: Փաշինյանն ասաց, որ իր ձեռքի տակ է այդ փաստաթուղթը եւ նպատակները խմբի բոլորովին այլ են եղել եւ այդ նպատակների մեկ տոկոսն էլ չի կատարվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հանձնաժողովի նիստը վարող Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ փաստահավաք խումբը հարատեւ չէր կարող գործել:

«Ելքի» նախագիծը դրվեց քվեարկության եւ, ինչպես սպասվում էր, մերժվեց: Այն ստացավ բացասական եզրակացություն հանձնաժողովում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728