Լրահոս
Օրվա լրահոսը

Սաթիկ Սեյրանյան. «Փոստանջյանը կարգը խախտել է, երբ լրագրողներին քաղաքապետարանում ուղեկցել է առանց համապատասխան անցագրի»

Փետրվար 21,2018 19:55

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ «Ազատություն» ռադիոկայանի եւ A1plus.am-ի լրագրողների՝ քաղաքապետարանի շենքի ներսում նկարահանումները Երեւանի քաղաքապետարանում խոչընդոտելուց հետո քաղաքապետարանը մտադրվել է լրագրողների աշխատանքը կարգավորել:

 

Այս խնդիրները պարզաբանելու համար, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, ինքն այսօր հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Մեզ հետ զրույցում Սեյրանյանն ասաց, որ նախ նպատակ ուներ պարզելու լրագրողների հետ կատարվածը, ինչո՞ւ թույլ չէին տալիս նրանց աշխատել, եւ այդ ո՞ր կարգի խախտմանն էին հղում տալիս:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գեւորգյանը թույլ չէր տալիս լրագրողներին, որոնք Փոստանջյանի հետ քաղաքապետարանի շենքի ներսում շրջում էին, նկարահանումներ իրականացնել:

«Թեեւ քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավարը, ինչպես տեսանյութում էր, հայցում էր լրագրողների ներողամտությունը՝ նրանց աշխատանքն ընդհատելու եւ վարչական շենքից դուրս հրավիրելու համար, բայց ինքս ցանկանում էի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ ծանոթ էի նաեւ սոցիալական ցանցում լրագրողների կատարած գրառումներին, որոնք եւս չէին հասկանում, թե հատկապես ո՞ր կարգն են խախտել՝ մուտք գործելով քաղաքապետարանի տարածք։ Բացի այս, նաեւ ուզում էի հասկանալ, թե՝ ի՞նչ է նշանակում քաղաքապետի հրահանգը՝ ավագանու նիստերին կանոնակարգել լրագրողների աշխատանքը: Եվ այս հանդիպումից հետո ինձ համար բավականին հարցեր որոշակիորեն պարզ դարձան»,-ասաց Սեյրանյանը:

Այս հանդիպման ժամանակ, ըստ Սեյրանյանի, ի պատասխան իր նշած հարցերի՝ քաղաքապետի կողմից ներկայացվել է կառավարության 2004 թվականի որոշումը, որի համաձայն Երեւանի քաղաքապետարանի շենքը հատուկ պահպանվող տարածքների ցանկում է։ Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետարանն ու ՀՀ ոստիկանությունը համապատասխան պայմանագիր են ստորագրել շենքի պահպանության եւ անցագրային կարգի մասին, որտեղ ամրագրված են բազմաթիվ դրույթներ, այդ թվում՝ քաղաքապետարան մուտք գործող անձանց իրավունքների եւ անհրաժեշտ փաստաթղթերի, մուտքի անցագրերի մասին։

Տիկին Սեյրանյանը ներկայացրեց կառավարության որոշման դրույթները, ըստ որոնց, Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքի իրավունք տվող մի շարք փաստաթղթեր կան. «Այսինքն` կոնկրետ կարգ կա, փաստաթղթերի պահանջ եւ նման դեպքում պետք է լրատվական ծառայությունը կամ համապատասխան վարչությունը, համապատասխան պաշտոնյան անցագիր տա որեւէ այցելուի՝ հյուրի, քաղաքացու կամ լրագրողի համար»,-ասաց Սեյրանյանը: Նա նաեւ հիշեցրեց, նման կարգ է գործում նաեւ Ազգային Ժողովի շենք մուտքի, հատուկ պահպանվող այլ տարածքների դեպքում։

«Երեւանի մասին» օրենքով էլ, ինչպես տիկին Սեյրանյանն ասաց, կարգավորվում է ավագանու գործունեության հետ կապված անցագրային կարգի եւ աշխատանքային այլ պայմանները, օրինակ՝ քաղաքապետը, տեղակալները, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են ավագանու անդամի պահանջով հնարավոր սեղմ ժամկետում ընդունել նրան. «Սա նշանակում է՝ եթե ավագանու անդամը, ցանկանում է հանդիպել քաղաքապետին կամ առանձին ստորաբաժանման ղեկավարի եւ այլն, դիմում է եւ այդ սեղմ ժամկետում, որը կարող է 3-4 օր լինել, ունենալ ընդունելություն: Այսինքն՝ սա չի նշանակում, որ ավագանու անդամը, երբ ցանկանա, կարող է մտնել վարչության պետի սենյակ: Այս ամենի մասին ոչ քաղաքացիները, ոչ փաստորեն ավագանու անդամները, ոչ էլ լրագրողերը իրազեկ չէին: Մեզ համար էլ պարզ չէր, թե ո՞ր կարգի խախտմանն է հղում արվում այդ օրը, լրագրողներն էլ չէին հասկանում՝ ինչ է կատարվում, որովհետեւ իրենց անցաթուղթ չի տրվել, նրանք իրենց լրագրողի վկայականով էին մուտք գործել շենք»:

Aravot.am-ի հարցին՝ այսինքն, լրագրողներն առանց համապատասխան թույլտվությա՞ն էին ներս մտել, լրագրողներն այդ կարգը խախտե՞լ էին, Սեյրանյանը պատասխանեց՝ «Այո, փաստորեն, կարգը խախտվել է, երբ Փոստանջյանը լրագրողներին առանց մուտքի ժամանակավոր համապատասխան անցագրային թղթի ուղեկցել է ներս»:

Ենթադրվում է, որ լրագրողները համապատասխան թույլտվությամբ էին ներս մտել, քանի որ, ինչպես կառավարության որոշմամբ է սահմանված, առանց դրա չէին կարող քաղաքապետարանի շենքի ներսում հայտնվել, մեր այս դիտարկմանն ի պատասխան Սեյրանյանն ասաց.«Իմ այդ հարցին պատասխանեցին, որ քանի որ նախկինում նման դեպք չէր եղել, որ ավագանու որեւէ անդամ կամ խմբակցության ղեկավար խախտի կարգը եւ իր աշխատասենյակ գնալու փոխարեն իրենց այցելուների հետ շրջեն շենքով մեկ, բնականաբար, իրավապահները վստահել են եւ թույլ են տվել մուտք գործել տարածք, ներքին կարգով թույլ էին տվել մտնել»:

Ինչ վերաբերում է լրագրողների աշխատանքների կարգավորմանը, Սեյրանյանը ներկայացրեց, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ինչ են քննարկել, եւ կարգավորումն ինչ է ենթադրում.

«Իրենք ասում են՝ ավագանու նիստերի ընթացքում գործընթացը մշտապես խաթարվել է, որովհետեւ լրագրողները, օպերատորները, լուսանկարիչները ոտքի վրա են, ոչ հարմար պայմաններում, շատ հաճախ եղել են դեպքեր, երբ լրագրողները ոտքի վրա նիստի ընթացքում նույնիսկ ավագանու անդամից հարցազրույց են վերցրել, ռեպլիկներ են արձակել, միջամտել են աշխատանքներին, ինչը խանգարել է գործընթացին: Նշվեց նաեւ, որ ոչ միայն հարմար չի լինում աշխատանքի կազմակերպումը, եւ ավագանու որոշ անդամներ տեսախցիկների, ձայնագրիչների առկայությամբ լրիվ այլ խոսք ու վարվելաձեւ են դրսեւորում, որոշել են վերակազմակերպել լուսաբանման ընթացքը՝ որեւէ կերպ չսահմանափակելով լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Իմ պահանջն ու հորդորն այն էր՝ եթե դուք իսկապես ցանկանում եք, որպեսզի լուսաբանվի, եւ թափանցիկ, արդյունավետ լինի մեր եւ ձեր աշխատանքները եւ միմյանց աշխատանքը հարգենք, ապա այդ գործընթացին մասնակից պետք է դառնան լրատվամիջոցները եւ լրագրողական կազմակերպությունները, որպեսզի լրագրողներն էլ իրենց փաստերն ու մասնագիտական, տեխնիկական առաջարկները ներկայացնեն: Եվ այդ համատեղ առաջարկները լսելուց հետո, համագործակցելով՝ կանոնակարգ մշակվի: Հակառակ դեպքում, դա կորակվի եւ կընկալվի որպես խոչընդոտում լրագրողական աշխատանքի նկատմամբ՝ հաշվի առնելով ավագանու վերջին խայտառակ նիստը, որը բոլորիս ամոթն էր»:

Առանձին սենյակում մոնիտորից հետեւել նիստերի առցանց հեռարձակմանն, այնուամենայնիվ, լրագրողների համար հարմար չէ, քանի որ հնարավոր է ամենաթեժ պահին ընդհատվի նիստի հեռարձակումը, կամ դահլիճում միջադեպ, հայհոյանք ու այլ նման երեւույթներ լինեն, եւ լրագրողները չկարողանան հենց տեղում դրանք տեսալուսանկարահանել:

Մեր այս դիտարկմանն էլ ի պատասխան Սեյրանյանն ասաց. «Ես առաջարկել եմ, եւ իրենք համաձայնվել են քննարկել լրագրողների հետ այդ խնդիրները: Իրենք հրավեր կուղարկեն, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կքննարկվի այդ հարցը»:

Մեր այն հարցին էլ՝ արդյո՞ք այս կանոնակարգը արվում է այն պատճառով, քանի որ Տարոն Մարգարյանը լրագրողների ներկայությունից կաշկանդվում է, Սեյրանյանը պատասխանեց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Իրենք էլ իրենց պատճառաբանություններն ունեն, եւ կարծում եմ՝ կբացատրեն»:

Սեյրանյանն ասաց, որ եվրոպական շատ երկրների քաղաքապետարաններ մուտքը նույն կերպ կարգավորվում է. «Ես էլ բազմաթիվ երկրներում եմ եղել, հատուկ պահպանվող շենքեր մուտքի ժամանակ դիմավորում էին, ուղեկցում էին, հատուկ թույլտվություն, անցագրային կարգ կա: Կարգ գոյություն ունի, չի կարող ամեն մեկը մուտք գործի եւ ինչ ցանկանա՝անի, մանավանդ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մեր օրերում: Ճիշտ հասկացեք, կրկնում եմ, այն, ինչ կատարվեց ավագանու նիստում՝ պարզապես խայտառակություն էր, բայց անցագրային կամ աշխատանքային կարգը չի նշանակում անպայման պատժիչ միջոց: Դա նշանակում է հարգել կողմերի աշխատանքը, հաճախ նաեւ՝ պարտադրել հարգել մեր մասնագիտությունը, հասարակությանը։ Այնուամենայնիվ, լրագրողական հանրության անհանգստությունը եւ մտահոգությունը արդարացի է, օբյեկտիվ, եւ պետք է փորձենք մեր մասնագիտական պահանջները տեղ հասցնել, համագործակցել եւ հասնել արդյունքների»:

Մեր այն դիտարկմանը՝ ԱԺ-ում ոչ հավատարմագրված լրագրողի մուտքը, թեեւ  կրկին թույլտվությամբ է, սակայն կարծես թե խնդիրներ չեն լինում, եւ լրագրողները ազատ աշխատում են շենքի ներսում, տիկին Սեյրանյանն այսպես արձագանքեց՝ «Այո, բայց պատգամավորը, որը անցագիր է տալիս լրագրողին, նրան չի տանում ԱԺ սենյակներ ու ասում՝ եկեք այս տեղ նկարեք, վարորդների սենյակը, նկուղը, պահեստները նկարեք եւ այլն։ Եթե դա են ուզում նկարել՝ թող դիմեն համապատասխան բաժին, անցագիր ստանան եւ շրջեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ապա Տիրոջ ծառայից ա՞յլ բնույթի ելութ էիք սպասում:«Էյ-հեյյյյյյյյյյյյյյյյ», կասեր Ֆրունզը…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728