Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը խոսում է միայն տարածքների վերադարձի մասին՝ արհամարհելով մյուս սկզբունքները». Էդվարդ Նալբանդյանը՝ Եվրոպական խորհրդարանում

Փետրվար 21,2018 21:03

«Հայաստանն իր գործընկերներից չի պահանջում իրեն սատարել ընդդեմ Ադրբեջանի»,-Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին Եվրախորհրդարանի անդամների հարցերին ի պատասխան հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Շարունակելով ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցի պատասխանը՝ պարոն Նալբանդյանը նշեց. «Մեր դիրքորոշումն այն է, որ հակամարտության կարգավորման ձևաչափը Մինսկի խումբն է և Մինսկի խումբն ունի հակամարտության կարգավորման մանդատ: Համանախագահների դիրքորոշումը ներկայացված է համանախագահ երկրների նախագահների հայտարարություններում»:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց այն տարբերությունները, որ կան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի և Հայաստանի մոտեցումներում. «Հայաստանն ընդունում է Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններն ու առաջարկությունները: Սակայն մինչև հիմա Ադրբեջանը փորձում է որևէ հղում չկատարել այդ հայտարարություններին: Արևելյան գործընկերության բազում գագաթաժողովների ժամանակ Ադրբեջանը նույնիսկ սպառնացել է վետո կիրառել, եթե գագաթաժողովների հռչակագրերում հղում կատարվի այդ հայտարարություններին»:

Պարոն Նալբանդյանը հիշեցրեց՝ համանախագահները բազմիցս հայտարարել են, որ հակամարտության կարգավորման հարցում պետք է առաջնորդվել երեք սկզբունքներով՝ուժի չկիրառում եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում, ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն: ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց՝ համանախագահները մշտապես հայտարարել են, որ հակամարտության լուծման գործընթացում այս սկզբունքները չպետք է իրարից տարանջատել և դիտարկել մեկ ընդհանրության մեջ: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շեշտեց՝ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքում:

Դառնալով Ադրբեջանի պահվածքին՝ պարոն Նալբանդյանը Եվրոպական խորհրդարանում հայտարարեց. «Ադրբեջանական կողմը միայն խոսում է մեկ սկզբունքի մասին՝ տարածքային ամբողջականություն: Նրանք խոսում են միայն տարածքների վերադարձի մասին: Մինչդեռ նորից եմ կրկնում, համանախագահները բազմիցս հայտարարել են, որ բոլոր սկզբունքները պետք է դիտարկել ամբողջականության մեջ»:

Այն հարցին՝ ՀՀ-ի վրա ճնշում եղե՞լ է ԵԱՏՄ-ին անդամակցության ժամանակ, պարոն Նալբանդյանը մի դրվագ հիշեց. «Երբ որոշվեց, որ Հայաստանը մուտք է գործում ԵԱՏՄ, հաջորդ օրը ես եղել եմ Բրյուսելում: ՀՀ-ի անունից հայտնել եմ, որ պատրաստ ենք ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր, բայց ասացին, թե հնարավոր չէ, քանի որ ԵԱՏՄ-ն չի կարող մրցակից լինել Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մաս, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն: Ասացի՝ որտեղի՞ց գիտեք, դեռ ԵԱՏՄ չկար, ասացին, որ չկա հնարավորություն: Ասացինք՝ եկեք քաղաքական մասը ստորագրենք, ասացին հնարավոր չէ: Բայց տարիներ անց պարզ դարձավ, որ մեր դիրքորոշումը՝ և-և-ը, հնարավոր է»:

Դառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը փաստեց, որ Թուրքիան է նախապայմաններ դնում և ինը տարի անց չկարողացավ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները:

Ռուսաստանի՝ ՀՀ-ում ռազմական ներկայության մասին հարցին ի պատասխան պարոն Նալբանդյանը հայտեց՝ ՀՀ-ն է Ռուսաստանին խնդրել ռուսական բազա տեղակայել Հայաստանում: Նա հավաստիացրեց՝ ռուսական ռազմական բազայի ներկայությունը ՀՀ զինված ուժերի հետ ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է:

Էդվարդ Նալբանդյանը, հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Երևանի՝ Ադրբեջանի պատմական հող լինելու մասին, հռետորական հարց բարձրացրեց. «Պատկերացնո՞ւմ եք ինչ իրավիճակ է տարածաշրջանում: Ուստի ՀՀ տեսանկյունից Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում այն գործոնն է, որն ապահովում է տարածաշրջանում կայունություն և անվտանգություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728