Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Ուլուբաբյան. «Ես Վանոյին էլ չէի ճանաչում, Սամսոնը ծանոթացրեց»

Փետրվար 22,2018 13:30

-Հրայր, 30 տարի առաջ ինչպե՞ս սկսվեց շարժումը քեզ համար:

-1986, 1987 թվականներին հայտնի էր, որ ստորագրահավաք էր կազմակերպված եւ Հայաստանում, եւ Ղարաբաղում: Այդ ժամանակ իմանալով այդ ստորագրահավաքի մասին, գնացի Զորի Բալայանի մոտ, ասացի՝ որպես Բագրատ Ուլուբաբյանի որդի, չեմ կարող այս ամենին կողքից նայել: Ինքը ծանոթացրեց Իգոր Մուրադյանի հետ, «Լիտերատուրնայա գազետայի» իր աշխատասենյակում՝ Գրականության ինստիտուտի շենքում: Այստեղ ծանոթացա Իգորի շուրջը այդ ժամանակ գտնվող ընկերների հետ. Մանվել Սարգսյան, Գագիկ Սաֆարյան, Արտակ Ստեփանյան, Վալերի Միրզոյան…Ստորագրահավաք կազմակերպում էինք տարբեր հիմնարկներից: Ես տասից ավելի հիմնարկներ էի մինչ այդ փոխել, եւ ունեի ընկերներ:

Գիտեինք, որ ստորագրահավաքից հետո 88 թվականին մտավորականների խմբեր էին գնում Մոսկվա, գնում, գալիս, նախապատրաստվում էր Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցը: Փետրվարից ավելի ակտիվ հանդիպումներ էին լինում, քննարկումներ Արցախում, նաեւ Հայաստանում: Փետրվարի 20-ի ԼՂԻՄ-ի նստաշրջանի մասին արդեն գիտեինք, Երեւանում էլ նախապատրաստվում էր միտինգ՝ ի պաշտպանություն այդ նստաշրջանի որոշման: Կան կարծիքներ, թե այն սկսվել է փետրվարի 19-ին, անգամ 21-ին, սակայն իրականը 20-ն անվիճելի է: Սխալ կարծիք կա, թե ղարաբաղյան շարժումը բնապահպանական շարժման շարունակությունն էր: Իրականում, կազմակերպիչը լինելով Իգորը, միտինգից մի քանի օր առաջ ասաց, թե լավ կլինի բնապահպաններին էլ ընդգրկենք, բավական շատ են, մեզ պետք է առաջին օրը շատ մարդ հավաքվի: Ասացի՝ ընկեր ունեմ: Նկատի ունեի Սամսոն Ղազարյանին, որի հետ Բլեյանի դպրոցում էի աշխատում: Այդպես էլ եղավ: Ես Սամսոնին ասացի, ծանոթացրեցի Իգորի հետ, համաձայնեցին մեզ միանալու: Մենք միտինգը նշանակել էինք ժամը տասներկուսին, նույն օրը ժամը տասին, պարզվեց՝ բնապահպանների միտինգն էր: Նրանց միտինգը մի ժամ տեւեց:Մասնակցում էին բնապահպաններ: Շատ կարեւոր էր առաջին շաբաթվա մասնակիցների հարցը:
Ելույթ ունեցողներ էին պետք, Իգորը ռուսերեն էր խոսում: Սամսոն Ղազարյանի հետ իր մեքենայով գնում էինք հիմնարկներ, կոլեկտիվներ, որտեղ ծանոթներ ունեինք, միտինգի կազմակերպման համար:

 

Գրողների միություն մտանք, որտեղ հանդիպեցինք Սիլվա Կապուտիկյանի հետ: Անձամբ ես ծանոթ չէի: Սամսոնը ծանոթացրեց, եւ առաջին խոսակցության ժամանակ նա ասաց, թե «վերեւներում» պլանավորած հանդիպումներ ունենք, եթե ինքը գա, հաստատ կխափանվի այդ հանդիպումը: Այդ հիմնավորումից հետո հրաժարվեց: Մտանք սրճարանը՝ Գրողների միության նկուղային հարկի, Վանոն էր նստած: Ես Վանոյին էլ չէի ճանաչում, Սամսոնը ծանոթացրեց, ասաց, որ միտինգ է կազմակերպվում՝ ի պաշտպանություն Ղարաբաղի, ելույթ ունեցող է պետք: Նա մի քանի օր առաջ իր համաձայնությունը տվեց: Գնացինք Հեռուստապետկոմ, այդտեղից էլ հանդիպեցինք Սամվել Գեւորգյանի հետ, որին էլի չէի ճանաչում:

Իգորի կողքին էին Գագիկ Սաֆարյանը, Մանվել Սարգսյանը, Արտակ Ստեփանյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, անուններն ամբողջական չեն, որոնք այդ միտինգներին ակտիվ մասնակցում էին՝ կազմակերպչական առումով, միացավ նաեւ Վաչե Սարուխանյանը, որը Մոսկվա գնացած խմբի մեջ էր:

Մովսես Գորգիսյանին «Սովետաշենի» մեկուսարանում հանդիպելու, իր ձերբակալման, Սումգայիթյան դատավարությունների մասին Հրայր Ուլուբաբյանի հետ հարցազրույցի շարունակությունը կարդացեք «Առավոտի» շաբաթօրյա համարում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

21.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728