Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլուխները պատի՛ն են տվել, ովքեր այդպես են ասում, պետության հիմքերը շատ ճի՛շտ են դրվել ու շատ լավ են դրվել»

Փետրվար 22,2018 14:30

Ալեքսան Հակոբյանը թուրքերի եւ ադրբեջանցիների
քարոզչություն է համարում մութ ու ցուրտ տարիների շահարկումը

Ղարաբաղյան շարժման մասին երբ խոսում են, մարդիկ անմիջապես հիշեցնում են թալանը, մութ ու ցուրտ տարիները: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ովքեր մութ ու ցուրտ տարիներն են հիշում՝ իրենք ընդամենը խաբված են այն քարոզչությանը, որը կազմակերպված ձեւով տարվել է. «Բոլորը չեն հիշում դա որպես մութ ու ցուրտ տարիներ, շատ շատերը այդ տարիները համարում են հերոսական տարիներ, եւ նրանք ճիշտ են: Ովքեր համարում են մութ ու ցուրտ տարիներ, իրենց գործն է: Քարոզչություն տարվեց շատ անազնիվ ձեւով, անարդար ձեւով, անհիմն, բայց տարվեց: Թուրքերն են այդ քարոզչությունն անում, ադրբեջանցիներն են անում մեր շարժման արդյունքների հասցեին, եւ դա արել են ու շարունակում են անել Հայաստանի ինչ-ինչ ուժեր: Եթե ժողովրդի մեջ կա մի խավ, որը հավատում է դրան ու տրվում է, դա իր գործն է»:

Հարցին՝ 30 տարի անց վերլուծելով շարժման տարբեր դրվագներ՝ եղե՞լ են արդյոք սխալներ, ստվերոտ կողմեր, որոնք կուզենայիք, որ չլինեին, Ալեքսան Հակոբյանը պատասխանեց. «Առաջին 3 տարվա աշխատանքի ժամանակ 2 սխալ եմ տեսել: Մեկը համարում եմ էկոլոգիական հարցերում մեր, այնուամենայնիվ, ոչ չափավորությունը, ավելին ենք փորձել անել, քան թե անհրաժեշտ էր, եւ դրա պատճառով վնասներ ենք կրել, երկրորդը այն էր, որ 88-ին մենք՝ «Ղարաբաղ» կոմիտեն չզբաղվեց Հյուսիսային Արցախի պաշտպանության հարցերով, մենք դա թողեցինք ուրիշների վրա՝ Ղարաբաղի մեր ընկերների վրա, բայց հետո պարզվեց, որ դա շատ քիչ է: Հետո արդեն՝ բանտից հետո, 89-ից հետո, մենք ենք զբաղվել, եւ տարբերությունը շատ մեծ է եղել, իսկ 88-ի վերջին փաստորեն մենք Հյուսիսային Արցախի հայությունը կորցրինք, ինձ համար ամենացավալի բանն էր: Դա՝ շարժման տարիներին, իսկ մնացած հարցերում, իմ կարծիքով, մենք ճիշտ ենք եղել: Մենք ճիշտ լուծումներ ենք տվել եւ հասել ենք դրանց իրականացմանը: Ինչ վերաբերում է հետագա տարիներին պետության կառուցմանը՝ պատերազմի շրջան, պետության կառուցման շրջան, ես այդտեղ մեծ սխալներ չեմ տեսնում: Վատ քարոզչությամբ ներկայացնում են ոչ դրական լույսի տակ»:

Մենք փոխանցեցինք՝ այսօրվա իշխանություններն ասում են՝ պետության հիմքը սխալ է դրվել: Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ եթե այսօր ավազակապետություն է, այդ պետության հիմքն է այդպես դրվել, իսկ իրենք մաքրելով գնում են: Ալեքսան Հակոբյանը արձագանքեց կոշտ. «Ես իշխանությունների բերանից չեմ լսել, գլուխները պատի՛ն են տվել, ովքեր այդպես են ասում, ընդհակառակը՝ հիմքերը շատ ճիշտ են դրվել ու շատ լավ են դրվել: Դա ասում են ադրբեջանցիները, թուրքերը, ռուսների որոշ խավեր շարունակում են այդ բանն ասել, եւ ասում են նաեւ նրանք, ովքեր այդ քարոզչությունն են վարում: Դա սուտ է, անարդար է, անազնիվ է»:
Ալեքսան Հակոբյանը, խոսելով շարժմանը հաջորդած գործընթացների եւ արդյունքների մասին, ասաց, որ այդ տարիները պատերազմի հաղթանակի, տնտեսության վերականգնման տարիներ էին:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում խոսելով շարժման եւ սխալների մասին՝ ասել էր, որ «ունեցանք թերություններ տնտեսության բնագավառում, կարող էինք ավելի լավ ապրել, շտապեցինք սեփականաշնորհման բնագավառում, կարող էինք դանդաղ անել, բայց քաղաքական խնդիր կար, պիտի աշխարհին ցույց տայինք, որ մենք առաջադեմ ենք, որ մեզ օժանդակեն»: Ալեքսան Հակոբյանը չհամաձայնեց. «Ես կարծում եմ, որ սեփականաշնորհման գործընթացն արվել է իդեալական ձեւով: Սեփականաշնորհման գործընթացից դժգոհ էին նրանք, ովքեր այդ գործընթացում փորձում էին իրենց շատ վերցնել՝ ավելի, քան նախատեսված էր: Ես չեմ լսել՝ Արամ Սարգսյանն ինչ է ասել: Մենք պարտավոր էինք շտապել, այդ շտապելու ընթացքում էլ մենք արել ենք իդեալական ձեւով: Ե՛վ հողի սեփականաշնորհումը, ե՛ւ արդյունաբերության սեփականաշնորհումը մենք արել ենք իդեալական ձեւով: Արել ենք պատերազմին զուգընթաց, արել ենք՝ հաշվի առնելով նաեւ, որ ցանկացած փոքրիկ թերությունը կբերի նրան, որ ժողովուրդը չի կռվի, մենակ մենք ու հերոսները չենք, որ կռվում են, ամբողջ ժողովուրդն է կռվում: Ժողովուրդն այդ տարիներին կարող էր կռվել, եթե տեսներ, որ այդ սեփականաշնորհման ծանրագույն գործընթացն ընթանում է մաքսիմալ արդարացի ձեւով, եւ այդպես արդարացի էլ արվել է: Հետագայում ովքեր որ դժգոհում են, դա իրենց գործն է: Դա սուտ դժգոհություն է, դա այն մարդկանց դժգոհությունն է, ովքեր վատանում են նրանից, որ, այսպես ասած, իրենց շատ չեն վերցրել, չեն կարողացել վերցնել: Հիմնականում այդ խավերն են, որ դժգոհում են, բայց այդ խավերը չեն, որ որոշում են ազգային կարեւորագույն խնդիրներ: Դա ժողովրդի այն խավն է, որ հա, ինքը պետք է ապրի իր համար, դա նորմալ է: Ժողովուրդն ամբողջությամբ չի կարող հերոս լինել, բայց հերոսները պարտավոր են ամբողջ ժողովրդին վերաբերող քայլերն անել մաքսիմալ արդարությամբ եւ մաքսիմալ արդյունավետությամբ: Սեփականաշնորհման գործընթացը ես շատ կարեւորում եմ: Մենք արել ենք դա իդեալական ձեւով»:

Ալեքսան Հակոբյանը բացատրեց, թե ինչու էր անհրաժեշտ սեփականաշնորհման գործընթացն անել արագ: Նա ասաց, որ ԽՍՀՄ-ը քանդվեց ինչպես ղարաբաղյան եւ այլ ժողովրդավարական շարժումների արդյունքում, այնպես էլ այն պատճառով, որ աշխատավարձի համար գումար չէր ձեւավորվում: Խորհրդային տնտեսությունը թուլացել էր, չկար հնարավորություն, արտադրանքը չէր վաճառվում. «Մենք այդ վտանգի առջեւ կանգնած էինք: Չսեփականաշնորհել հողը, արդյունաբերությունը նշանակում էր պարտավոր լինել պետությամբ արտադրել, արտադրանքը վաճառել, դիմացը ստանալ, բաժանել՝ որպես աշխատավարձ: Այդ հնարավորությունը չկար: Միակ հնարավորությունն այն էր, որ ժողովրդի յուրաքանչյուր անձ աշխատեր: Փողը ստացել է՝ աշխատեր, վաուչերները ստացել է՝ աշխատեր: Եթե ինչ-որ պատճառով էլ չի ստացել, գոնե իմանար, որ արդար ձեւով է բաժանված, իմանար, որ պետության, որը կռիվ է վարում, այդ պետության թերությունը չի, որ իրեն չի հասել ինչ-որ բան»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

21.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728