Լրահոս
Օրվա լրահոսը

Արզիկ Մխիթարյանը պատմեց, թե ինչպես է Ադրբեջանը կարատեիստների ու բռնցքամարտիկների ուղարկել Արցախի դեմ

Փետրվար 22,2018 13:40

Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով:

Լսումների ժամանակ Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանն ասաց՝ «Մեկն եմ այն եզակիներից, որոնք եղել են «Կռունկ» ՀԿ անդամ, արցախյան շարժման ակտիվիստ, իմ սրտի միջով է անցել այն ամբողջ իրականությունը, որոնք այսօր որպես ակադեմիական գիտելիքներ տեղ են գտել հրատարակությունների մեջ»:

Նա խոսեց ղարաբաղյան շարժման մասին, որը սկիզբ դրեց մեր ապրելու մտածողությանը: Շարժումով հայը իրեն զգաց իր երկրի տերը: Նա ցավով նշեց, որ ազգությամբ հայ գործիչները երբեմն հայատյաց քաղաքականության իրագործողներից են եղել: Նա պատմեց մի դրվագ, թե ինչպես են հակառակորդները սումգայիթյան ջարդերի սկիզբը որոշել իրականացնել Արցախում, բայց չի հաջողվել: 88-ի փետրվարի 13-ին հրապարակում միտինգ է կազմակերպվել, օրեր անց Ադրբեջանից եկել են իրենց իշխանության ներկայացուցիչները, ԽՍՀՄ կենտկոմի քարտուղարությունից Ռազումովսկին, Դեմիչեւը. «Նրանք դուրս եկան հրապարակ, որ ճնշեն ժողովրդի ընդվզումը: Մեկն Էի այն երկու մարդկանցից, որ հնարավորություն ունեցանք մոտենալ այդ երկու առաքված պետական պաշտոնյաներին, որոնք իրոք եկել էին ճնշելու եւ եկել էին ոչ ձեռնունայն: Հրապարակում ավելի քան 60 հազար արցախցիներ էին, բավականին շատ ՀՀ-ից ժամանած ներկաներ: Դեմիչեւն ու Ռազումովսկին դուրս եկան հրապարակ, ժողովուրդն ընդվզեց, մի կերպ հաջողվեց բանակցել նրանց հետ: Պարզվեց՝ Ադրբեջանից ժամանել էին մեծաքանակ սպորտսմեններ՝ բռնցքամարտիկներ, կարատեիստներ, որոնք շրջափակել էին հրապարակը, իսկ ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ հրապարակի չորս կողմը կային նաեւ մեքենաներ, որոնք լիցքավորված էին բենզինով: Սումգայիթյան եղեռնագործությունը պետք է սկսվեր Արցախի հրապարակում: Հատուկ ջոկատայիններ կային, բանակցություններից հետո հանեցին այդ ջոկատայիններին, օրեր անց եղավ Սումգայիթը: Եվ թուրքը, որին մենք ադրբեջանցի ենք անվանում, մեկ անգամ եւս փետրվարին ապացուցեց, որ կես քայլ անգամ հեռու չէ 1915-ի թուրքից, որը թրատել էր հղի կնոջ որովայնն ու ասել՝ տե՛ս, երկվորյակ ունեցար: Բաքուն շարունակում է իր ցինիկ, կեղտոտ քաղաքականությունը, շիզոֆրենիկ պահվածքով Ալիեւը հայտարարում է, որ Երեւանն ու Զանգեզուրն իրենցն են, իսկ Էրդողանը հայտարարում է, որ Խոջալուն ցեղասպանություն է: Սումգայիթը, Մարաղան էին ցեղասպանություն, Թալիշում գլխատված մարդիկ ցեղասպանության շարունակությունն էին: Ես չեմ ասում ատամ ընդ ատաման, բայց տեսնում ենք՝ որքան էլ ձիթենու ճյուղը դնում ենք բորենու բերանը, դրանից նրանք խաղաղության աղավնի չեն դառնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “Կռունկ” -ի անդամներ են եղել ոչ թե “եզակիներ”, այլ մի քանի տասնյակ արցախցիներ։ Ղարաբաղյան շարժումը անհաղորդ չի թողել և ոչ մի արցախցու, այն չէր կարող “անցնել” միայն “եզակիների սրտի միջով”։ “Շարժման ակտիվիստ” են եղել հազարավոր զոհերն ու ողջերը, հակառակ դեպքում չէին լինի անուրանալի հաղթանակները։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728