Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանով․Վարշավայում կայացել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը

Փետրվար 22,2018 14:14

Փետրվարի 19-ից 20-ը, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը։

Հանձնաժողովի հայկական կողմի նախագահն էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, լեհական կողմի նախագահը՝ Լեհաստանի Հանրապետության ձեռնարկատիրության և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Տադեուշ Կոսչինսկին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ամփոփելով նիստի աշխատանքները, նշել է.

«Միջկառավարական հանձնաժողովի այս նիստը շատ գործնական բնույթ էր կրում. երկու կողմերը ներկայացրեցին վերջին տարիներին իրենց երկրների տնտեսական զարգացման միտումները, դիտարկեցինք նաև մեր երկրների տնտեսությունների առավելությունները, ներուժ ունեցող ոլորտները և դրանց համադրման հնարավոր ուղիները։ Հայկական կողմը մասնավորապես ներկայացրեց արտահանելի տնտեսության ձևավորմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլերը։ Հաշվի առնելով լեհական տնտեսության առանձնահատկությունները՝ որպես փոխգործակցության հնարավոր ոլորտներ, առանձնացրեցինք դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ագրոբիզնեսը և վերականգնվող էներգետիկան։ Ցանկանում եմ ընդգծել, որ լեհական բիզնեսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ բավական մեծ էր։ Մի շարք ընկերությունների հետ քննարկեցինք Հայաստանում ներդրումների հնարավորությունները, այդ թվում՝ դեղագործության, գինեգործության ոլորտում, նաև կենցաղային մաքրող միջոցների համատեղ արտադրության հնարավորությունը»։

Ըստ Հովհաննես Ազիզյանի՝ քննարկումների ընթացքում լեհական կողմը նշել է, որ դիտարկում է Հայաստանը որպես շահեկան հարթակ՝ իրանական և եվրասիական շուկա մուտք գործելու համար՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով նման հարթակ հանդիսանալու հայկական ապրանքների համար՝ մուտք գործելու ԵՄ շուկա:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության ոլորտին. Կողմերը նշել են, որ արձանագրվել է զբոսաշրջային այցելությունների երկկողմանի աճ: Մասնավորապես 2017 թվականին Լեհաստանից Հայաստան ներգնա այցելույթունների թիվն աճել է 40%-ով։ Լեհական կողմն առաջարկել է կազմակերպել տուրօպերատորների և լրագրողների ճանաչողական այց Հայաստան։ Նշվել է նաև, որ Լեհաստանի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում միջտարածաշրջանային զբոսաշրջային արդյունքը։

Համաժողովի շրջանակներում հայկական կողմը քննարկումներ է ունեցել Լեհաստանի զարգացման բանկի և Ներդրումների ընդլայնման ֆոնդի հետ: Արդյունքում վերջիններս պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել այն լեհական ընկերություններին, որոնք արտադրութուններ կհիմնեն Հայաստանում՝ տրամադրելով արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ և իրականացնելով համատեղ ներդրումներ։

Նիստի շրջանակներում կայացել է B2G ձևաչափով գործարար համաժողով, որին մասնակցել են Լեհաստանի գործարար համայնքի 100-ից ավելի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ՀՀ պատվիրակության կողմից լեհ գործարարներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային գրավչության, ազատ տնտեսական գոտիների, զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտների վերաբերյալ շնորհանդեսներ:

«Լեհաստանի գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարի տեղակալ Ռիշարդ Զարուդշկիի հետ քննարկել ենք երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր, առաջարկել ենք ուսումնասիրել անասնապահության և թռչնաբուծության ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը՝ հետագայում արտադրանքը դեպի ԵՏՄ այլ երկրներ և Իրան արտահանելու հեռանկարով: Այցի շրջանակում կազմակերպվել է նաև գործարար համաժողով, որի ընթացքում մենք լեհ գործարարներին ներկայացրել ենք հինգ հիմնական ներդրումային ուղղությունները՝ ջերմոցային տնտեսություններ, ինտենսիվ այգիներ, անասնապահություն և թռչնաբուծություն, օրգանական գյուղատնտեսություն և ոչ ավանդական բանջարեղենի ու հատապտուղների արտադրություն», – նշել է Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի արդյունքում ստորագրվել է նիստի Արձանագրությունը և, ըստ ոլորտների, սահմանվել են հետագա գործակցության ուղղությունները: Ստորագրվել է նաև էներգետիկայի ոլորտում մտադրությունների վերաբերյալ հուշագիր, որով լեհական ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել Հայաստանում, հողմային էներգիայի ոլորտում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխան միջոցներ ձեռնարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728