Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանը Արման Մելիքյանին մեղադրեց անպատասխանատու հայտարարություն անելու մեջ եւ հորդորեց ապացուցել

Փետրվար 22,2018 14:59

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում սումգայիթյան ջարդերին նվիրված լսումերի ժամանակ Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարություն էր արել, որ ՀՀ-ում գործող «Իրավական ուղի» ՀԿ-ն գրանտ է ստացել, ՄԻԵԴ ուղարկել հատուկ այնպիսի գործեր, որոնք դուրս են թողել 450 հազար հայ փախստականների հարցը:

Նրան հակադարձեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւ ասաց, որ այդ վճիռների իրականացման տեսանկյունից դեռ մեծ հարցեր կան եւ դա չի կանխորոշում հնարավոր լուծումները, որոնք կարող են տրվել փախստականներին վերաբերող հարցերում: Նա ասաց, որ «ժամացույցի սլաքները» կարող են հանդիպել եւ ուղղել:

Իսկ Գեւորգ Կոստանյանը Մելիքյանին մեղադրեց անպատասխանատու հայտարարություններ անելու մեջ. «Բանախոսներից մեկը անպատասխանատու հայտարարություն արեց եւ որոշեցի դրան արձագանքեմ: Նախ, ՄԻԵԴ ներկայացված են հայցեր՝ շուրջ 700 բոլոր փախստականների անունից եւ կողմից՝ ե’ւ Արծվաշենի, ե’ւ Սումգայիթի, ե’ւ Բաքվի: Չկա մի տարածք, որտեղից ունենք փախստական եւ նրանց կողմից հայց չի ներկայացվել: Սա փաստ է անբեկանելի, որը վերլուծության ենթակա չի: Երկրորդ՝ ՄԻԵԴ կողմից կայացված վճիռը Սարգսյանի գործով արդյոք հատուկ ընտրված գո՞րծ էր, որ խոսքը վերաբերի Գետաշենից արտագաղթած մեր փախստականին՝ ոչ: Արդյոք այդ հանգամանքը բացառե՞ց մյուս բնակավայրերից փախստականների հայցի քննարկում, իհարկե՝ ոչ: Այդ բոլոր գործերը, որոնք ներկայացված են ՄԻԵԴ-ին, բոլորն էլ քննվելու են: Սա նախադեպ է, որը տարածվելու է անխտիր բոլոր փախստականների վրա»:

Կոստանյանը մեղադրեց Մելիքյանին անտեղյակության մեջ, ասաց, որ ՄԻԵԴ-ի պրակտիկային սիրողական էլ չէ, լուրերի մակարդակով ծանոթ լինելու դեպքում անգամ որեւէ մեկը չի կարող նման հայտարարություն անել. «Այդ ամեն ինչը արվել է նրա համար, որ մեր փախստականները իրենց գույքային իրավունքի վերականգման հարցով երաշխավորված լինեն, այդ թվում՝ իրենց բնակավայրեր վերադառնալու հարցով: Սա չգիտակցել, չհասկանալ, դա…չգիտեմ ինչ բառով արտահայտեմ, ինձ համար ընդունելի չէ»:

Նա ասաց, որ իրեն մտահոգել է Մելիքյանի հայտարարությունը ՀԿ-ի մասին, որ դրամաշնորհ է ստացել 2 մլն-ի եւ ՄԻԵԴ ուղարկել ընտրված գործեր: Կոստանյանն ասաց, որ հենց հիմա դա դիտում է՝ որպես հանցագործության մասին հաղորդում եւ հորդորեց Մելիքյանին, որ եթե պնդում է իր տեղեկատվությունը, կարող է ինֆորմացիա տրամադրել:

Ավելի ուշ Արման Մելիքյանն արձագանքեց. «Ես ամենեւին նկատի չունեի, որ այդ գործերի հետ աշխատող մարդիկ հատուկ ընտրություն են կատարել, որ Եվրոպական դատարանում առաջինը քննվեն հենց Շահումյանից, Քարվաճառից փախստականների գործերը, այսինքն, այդ առումով ուզում եմ ընկալելի լինի, իմ հանդիմանանքը ուղղված է առաջին հերթին ՄԻԵԴ-ին, որը քաղաքական ընտրություն է կատարել եւ քաղաքական որոշում կայացրել»:

Ինչ վերաբերում է գումարին՝ Մելիքյանն ասաց, որ իր ունեցած տվյալները հաստատուն չեն, դրա մասին գրավոր մի աղբյուրում կարդացել է 2006-2007-ին: Նա ասաց, որ աղբյուրը կճշտի, 10 տարուց ավելի ժամանակ է անցել եւ ճշտելու դեպքում կփոխանցի Կոստանյանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728