Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ տարբերակը չէր ենթադրում Մեղրին Ադրբեջանին փոխանցել, ինչպես 2008-ին հրապարակում թուղթ էր թափահարում Լեւոն Տեր-Պետրոսյանը»

Փետրվար 22,2018 15:13

«Սուրեն Հարությունյանն իր գրքում գրում է, որ 1988 թվականին, իր գլխավորությամբ ԳԽ-ն ընդունեց որոշում`Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին, բայց մանրամասները`ինչը ոնց ստացվեց, չի գրում: Չի գրում, որ այդ որոշումը պարտադրվեց ներքեւից»,- այս մասին այսօր հիշատակեց, լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը` «Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձեւերը» թեմայով քննարկման ժամանակ: Բանախոսն ասում է`սա մի օրինակ է ցույց տալու համար, թե ինչպես կարելի է պատմությունը գրել, բայց ներկայացնել իրականությանը չհամապատասխանող ձեւով:

Իր ելույթում Թաթուլ Հակոբյանն անդրադարձավ ղարաբաղյան հարցի բանակցային փուլերին: «Երբ ԼՂԻՄ-ը ցանկություն հայտնեց միանալ Հայաստանին, Մոսկվայի կողմից առաջին առաջարկը եղավ`իսկ չեք ուզի՞ որ Ղարաբաղը լինի ինքնավար հանրապետություն`Ադրբեջանի կազմում: Եվ հիմա, շատ-շատ սիրելի դարձած Հենրիխ Պողոսյանը Կրեմլի այս գիծը բավական ագրեսիվ կերպով տարածում էր այն օրերի ԼՂ-ում, երբ ինքը եկավ իշխանության: Նա մի քանի անգամ մեկնեց Բաքու, հանդիպում ունեցավ Վեզիրովի հետ: Սուրեն Հարությունյանն ու Վեզիրովը երկու-երեք հանդիպում ունեցան Արցախում, 1988-ին: Հենրիխ Պողոսյանը հետո մեկնեց Մոսկվա եւ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության առաջարկը հնչել էր լուսահոգի Էդուարդ Շեւարդնաձեից»,- պատմեց Թաթուլ Հակոբյանը՝ մեջբերելով այն ժամանակվա մամուլից հրապարակումներ, որտեղ Հենրիխ Պողոսյանը փորձում է համոզել, թե ինչ լավ տարբերակ է դա:

Նա անդրադարձավ նաեւ 1991 թվականի իրադարձություններին, «Կոլցո» օպերացիային եւ դրա հետեւանքով առաջացած հուսահատ վիճակին: «Տեղի ունեցավ երկօրյա հանդիպում-քննարկումը Հայաստանի ԳԽ-ում, որից հետո որոշում կայացվեց, որ Ղարաբաղից պատվիրակություն մեկնի Բաքու եւ բանակցի Մութալիբովի հետ: Այդ քվեարկությունն այնքան ճակատագրական էր, որ հաջորդ օրը «Հայաստանի Հանրապետություն» թերթը տպագրեց քվեարկության անհատական արդյունքները: Բնականաբար, մեծ մասը կողմ էր, որովհետեւ իշխող ուժը`ՀՀՇ-ն, կողմ էր: Ինչեւէ, վեց հոգանոց պատվիրակությունը մեկնեց Բաքու: Շատ հետաքրքրական է, որ Ղարաբաղում միակ ուժը, որը կտրականապես դեմ էր այդ պատվիրակության Բաքու մեկնելուն, ՀՅԴ-ն էր: Մնացած բոլորը կամ լռեցին, կամ կողմ արտահայտվեցին, կամ անհասկանալի կեցվածք դրսեւորեցին: Վերջիններից երկուսն էլ, հետագայում դարձան Հայաստանի, իմ կարծիքով չընտրված նախագահներ»,- պատմագրական փաստեր ներկայացրեց բանախոսը:

Թաթուլ Հակոբյանը հիշեց նաեւ «մոսկովյան պուտչի» մասին, որը շրջադարձային եղավ շարժման հետագա ճակատագրի համար: Հիշեցրեց 1991-ին ԼՂՀ հարցով առաջին ստորագրված պայմանագրի պատմությունը. «Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է փաստաթղթի տակ, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում»:

Մանրամասները`տեսանյութում

Անդրադառնալով հարցի կարգավորման հետագա փաստաթղթերին էլ՝ բանախոսն ասաց, որ բոլոր առաջարկներում ենթադրվում է, որ Հայաստանն ու Արցախը վերադարձնում են 6-6,5 շրջան`անկախ նրանից թե երեք նախագահների կողմից ինչ բառապաշար էր օգտագործվում: Խոսեց նաեւ, այսպես կոչված «տարածքների փոխանակման տարբերակի» մասին, որը կրկին Ադրբեջանն է մերժել: «Այդ տարբերակը չէր ենթադրում Մեղրին Ադրբեջանին փոխանցել, ինչպես 2008-ին հրապարակում թուղթ էր թափահարում Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց նա:

«Այդպես էր»,- հակադարձեց քննարկմանը ներկա ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Թաթուլ Հակոբյանն ասաց, որ պատրաստ է բանավիճել: «Ստեղ չենք վիճի, ուրիշ տեղ կվիճենք»,- պատասխանեց Սասուն Միքայելյանը:

«Ես չեմ ասում, որ այդ փաստաթուղթը շատ լավն է, բայց մի օր եթե ՀՀ ԱԳՆ-ն հրապարակի այն, վերջ կդրվեն բոլոր խոսակցություններին»,- ասաց Թաթուլ Հակոբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728