Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Պոչանքները պոչամբար ուղղորդվելու փոխարեն, առանց մաքրման, ուղղակի լցվում Ախթալա գետը

Փետրվար 22,2018 16:31

Սույն թվականի փետրվարի 17-ին «Հասարակական ձայն» (Civil Voice) հասարակական կազմակերպության փորձագետները ՀՀ Լոռու մարզում հերթական ուսումնասիրությունները կատարելիս ականատես են եղել Ախթալայի ԼՀԿ-ից պոչանքների Ախթալա գետը թափվելու իրողությանը:

Նշված փաստը նկարահանվել, ինչպես նաև հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու նպատակով օնլայն ռեժիմով հեռարձակվել է համացանցում: Միաժամանակ, հեռախոսակապի միջոցով, անմիջապես տեղյակ է պահվել ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարությանը:

Տեղեկացնում ենք նաև, որ Ախթալա և Դեբեդ գետերի էկոհամակարգերի վրա Ախթալայի ԼՀԿ-ից պոչանքների, անօրինական արտանետման ազդեցության չափը գնահատելու նպատակով Ախթալա և Դեբեդ գետերի ջրերից ու հատակային նստվածքներից վերցվել են փորձանմուշներ: Պոչանքների բաղադրության նույնականացման նպատակով նմուշներ են վերցվել նաև Ախթալա գետը լցվող պոչանքներից:

Նմուշների անալիզների արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

Ստորև ներկայացնում ենք նկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են պոչանքները պոչամբար ուղղորդվելու փոխարեն, առանց մաքրման, ուղղակի լցվում Ախթալա գետը: Պոչանքների անօրինական ներհոսքը գետ երևում  էր նաև Ախթալայի վանքի տարածքից:

Ախթալայի ձորը:

 Ախթալայի կոմբինատի պոչանքների՝  Ախթալա գետ ներհոսքի տեսարանը:

 Ախթալա գետը կոմբինատի պոչանքների ներհոսքի գոտում: Նկարում պարզ երևում են պոչերի նստվածքներն ու փրփրաջուրը:

Ախթալա գետը կոմբինատի պոչանքների ներհոսքի գոտուց ներքև: Նկարում պարզ երևում է, որ գետի հունով  հոսում  է պոչանքներով աղտոտված ջուր:

Ախթալա գետի գետաբերանի հատվածը: Նկարում երևում է, որ պոչանքներով աղտոտված ջուրը ներհոսում  է Դեբեդ գետ:

Դեբեդ գետը Ախթալա գետի միախառնումից ներքև: Նկարում երևում է Դեբեդի և  Ախթալայի ջրահոսքերի գույների տարբերությունը: Դեբեդի ձախ ափի երկայնքով հստակ երևում է Ախթալայից ներհոսող պղտոր կեղտաջուրը, իսկ ամբողջ ափը ծածկված է պոչանքներով: Ակնհայտ է Դեբեդ գետի աղտոտումը:

 

Սպսում ենք պատկան մարմինների արձագանքին:

Ընթերցողներին առաջարկում ենք նաև ուսումնասիրել ՀՀ Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի պաշտոնական տեղեկանքները: Օրինակ,  2017 թվականի 4-րդ եռամսյակի ՀՀ Շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկանքում բերված տվյալները, տես հավելված 1 և քարտեզ, ցույց են տալիս, որ Ախթալա գետի գետաբերանի ջրերը աղտոտված են ցինկ, կադմիում, մանգան, կոբալտ տարրերով, սուլֆատ իոններով, կախված նյութերով, առանձին դեպքերում պղինձով: Միևնույն պատկերն է նաև նախորդ ժամանակահատվածներում:

Աղտոտիչների համախումբը ցույց է տալիս, որ Ախթալա գետի  ջրերը մշտապես աղտոտված են ԼՀԿ-ի արտադրական կեղտաջրերի, պոչանքների, գործող և լքված բովանցքներից դուրս եկող հանքաջրերի, Ախթալա-2 (Նազիկ) պոչամբարից ինֆիլտրացվող թթվային դրենաժի ջրերի ներհոսքով:

Միայն այս տեղեկանքում բերված պաշտոնական տվյալները բավարար են, որ ՀՀ ԲՆ համապատասխան պատասխանատուները և  ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արտակարգ վերահսկողական ռեժիմ սահմանեն Ախթալա գետի շարունակական աղտոտումը դադարեցնելու համար: Սպասենք:

Civil Voice ՀԿ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728