Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Պետրոսյան. Ցավոք մենք չկարողացանք ապահովել մեծ մոբիլիզացիա

Փետրվար 22,2018 17:03

Դավիթ Պետրոսյան

Ժողովրդավարության VII դպրոցի շրջանավարտ

«Տարկետում ԼինելուԱ» նախաձեռնություն

 

Անհամաձայնություն հայտնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում ակադեմիական տարկետման տրամադրման պայմանների վերաձևակերպման առաջարկի շուրջ՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ին բաց նամակ ուղարկեց ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին և ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանին:

Սույն օրենքի դեմ պայքարելու համար կային մի շարք կարևոր շարժառիթներ:

1.Օրենքի արդարության և օգտակարության հիմնավորման համար հաճախ օգտագործվում էր այն թեզը, թե արական սեռի բոլոր քաղաքացիներին բանակ զորակոչելու միջոցով հնարավոր է հասնել սոցիալական արդարության ապահովման: Այս դրույթը, քննադատության չդիմանալով հանդերձ, առնվազն ծանրակշիռ և լուրջ համարվելու հավակնություն չի կարող ունենալ, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չեն առողջապահության համակարգում թույլ տրվող չարաշահումները և, այդպիսով, կրթության համակարգի կոռուպցիան առողջապահության համակարգ տեղափոխելու հնարավորությունը:

2.Օրենքի հիմնավորման համար հաճախ օգտագործվում էր «բոլորը պետք է ծառայեն»  սկզբունքը, բայց պարզ էր, որ սույն սկզբունքը չէր համապատասխանում տվյալ օրենքին, քանի որ, եթե նույնիսկ հաշվի չենք առնում առողջապահական համակարգում «վխտացող կոռուպցիան», պետք  է նշենք, որ համաձայն նոր օրենքի՝ չէին ծառայելու մարզիկները (որոշակի չափանիշներ բավարարելու պայմաններում), ինչպես նաև կառավարության հատուկ որոշմամբ նշանակալի նվաճումներ գրանցած, հանճարեղ կամ բացառիկ ուսանողները:

3.Ասպիրանտուրան որպես զինծառայությունից ազատվելու գործիք օգտագործողներից գիտությունն ազատելու նպատակը դիտարկվում է որպես քննարկվող օրինագծի ընդունման կարևոր արդյունքներից մեկը, բայց չէր ասվում այն պարզ իրականությունը, որ ասպիրանտուրայում սովորում են մարդիկ, ովքեր իսկապես զբաղվում և ցանկանում են գիտությամբ զբաղվել: Անտրամաբանական էր, որ ՊՆ-ը ԿԳՆ ոլորտում արձանագրում է խնդիր, իր հերթին վերջինս ոչ մի արձագանք չի տալիս, բայց փորձ է արվում ոչ թե վերացնել ԿԳՆ ինստիտուտում առկա խնդիրը, այլ ամբողջությամբ վերացվում է հենց ինստիտուտը, այլ կերպ ասած՝ «աչքը բուժելու փոխարեն աչքն ուղղակի հանվում է»:

4.Կրթության անընդհատության սկզբունքի խախտումն ազդելու էր շատ ուսանողների կրթական մակարդակի և սովորելու հետագա մոտիվացիայի վրա: Ամեն անգամ, երբ ծառայություն անցած ընկերներով լսում էինք անհատական օրինակների վրա առաջ քաշված այն թեզը, որ ծառայելուց հետո ուսանողի կրթական գործունեությունում հնարավոր չէ, որ բացասական տեղաշարժեր լինեն, ուղղակի չէինք կարողանում մեր դժգոհությունը հայտնելու համար բառեր գտնել: Բացի այդ կան մասնագիտություններ, որոնց ընդհատման դեպքում ուղղակի բացառվում է այդ ոլորտում ուսումը շարունակելու հնարավորությունը: Սա իր հերթին լուրջ հարված կհասցներ Հայաստանի ողջ գիտական կյանքին, կնպաստեր երիտասարդ ուղեղների արտահոսքի ավելացմանը:

5.Նշվում էր, որ բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներին բանակ տանելով՝ փորձ է կատարվում բանակում որակական փոփոխություն կատարել, և որ այդ ուսանողները դրական ազդեցություն կունենան բանակում առկա մթնոլորտի վրա, բայց ես որպես արդեն ծառայություն անցած երիտասարդ սկեպտիկորեն էի վերաբերվում այս թեզին, քանի որ ավելի հավանական էի համարում այն հանգամանքը, որ տղաներից շատերի համար բարդ է լինելու բանակային պայմաններին հարմարվելը, նույնիսկ կար մտավախություն, որ շատերը հիասթափված և ընկճված կվերադառնան զինվորական ծառայությունից: Բանակի մթնոլորտը փոխելու համար պետք էր սկսել սպայական կրթությունից, քանի որ հենց սպաներն են պատասխանատու այդ հարցի համար, իսկ լուծումը պետք է լինի համակարգային, այլ ոչ թե ձևական:

Այս շարժառիթներն էլ մեզ ստիպեցին ստեղծել ՀԳԶ նախաձեռնությունը և պայքարել նման բովանդակությամբ օրենքի ընդունման դեմ: Նախաձեռնությունն իր առջև դրեց հետևյալ նպատակները.

1.Պահպանել տարկետման ներկայիս կարգը՝ վերացնելով առկա կոռուպցիոն ռիսկերը

2.Կրթության և գիտության ոլորտը չստորադասել պաշտպանական ոլորտին

3.Չխախտել կրթության անընդհատության սկզբունքը

4.Ներկայացնել ընդունվող օրենքի գիտական և փորձագիտական հիմնավորումները

5.Խթանել հանրային քննարկումը և լսելի դարձնել քաղաքացիների ձայնն ընդունվող օրենքի հետ կապված:

Այստեղ հարկ ենք համարում նշել այն խոչընդոտները, որոնց մենք բախվեցինք շարժման 3 ամիսների ընթացքում:

1.Պետական ապարատի կողմից օրենքը հիմնավորելու համար տարվել էր լավ պրոպագանդա, և թեման սկզբում դիտարկվում էր ծառայել-չծառայել հարթության վրա: Օրենքի քարոզչությամբ զբաղվում էր հենց ՊՆ-ը, ԿԳՆ-ը, որպես օրենքի առաջին շահառու, ուղղակիորեն ոչինչ չէր խոսում, իսկ հասարակությունում առկա վերաբերմունքը բանակի, զինվորի դերի նկատմամբ օբյեկտիվորեն հարցի քննարկումը ռացիոնալ դաշտից տեղափոխում էր զգացմունքային դաշտ: Սկզբնական հատվածում մեզ հետ բանավեճի էին գալիս Ապրիլյան պատերազմի մասնակից տղաները, իսկ նմանատիպ կոնֆրոնտացիայի ստեղծումն ուղղակի հակազգային և ստոր քայլ էր: Մենք լավ գիտակցում էինք, որ օրենքի դեմ հանդես եկողներին նախնական շրջանում կոչելու էին դասալիքներ, այն դեպքում, որ նախաձեռնող խմբի հիմնական թիմի 30 տոկոսն աղջիկ էր, իսկ տղաների մոտ 60 տոկոսը՝ արդեն ծառայած: Այս երևույթն ունի իր քաղաքագիտական հիմնավորումը. ավտորիտար ռեժիմներում ռազմահայրենասիրական քարոզչությունն իշխանության կողմից հաճախ օգտագործվող զենքերից է: Ամենաբարձր մակարդակով ասվեց, որ մեզ տրամադրեն սպառիչ պատասխան: ԱԺ ամբիոնից մեզ մեղադրեցին Սորոսից ֆինանսավորվելու մեջ, սկիզբ դրվեց Սորոսի հետ մեր առեղծվածային կապի պատմությանը, որի կուլմինացիան ապահովեց ԵՊՀ ռեկտորը՝ մեզ անվանելով Սորոսի լրտեսներ:

2.Ապրիլյան ընտրություններից հետո հասարակությունում առկա քաղաքական ապատիան ավելի էր խորացել, նվազել էր իշխանությունների, պետական մարմինների և ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակը, բայց ամենագլխավորը՝ քաղաքացիական հասարակության չկայացվածության հանգամանքը գերակա էր դարձնում հետևյալ խոսքերը՝ «եղունգ ունես, գլուխդ քորի», «մեկ ա բան չենք կարա անենք», «որ ուզում են անցկացնեն էդ օրենքը, հաստատ կանցկացնեն», «մեկ ա բան չի փոխվելու», «իզուր գլուխներս ցավի տակ չդնենք», իսկ հասարակությունում միմյանց նկատմամբ վստահության ցածր մակարդակը խանգարում էր ավելի լայն մոբիլիզացիային:

3.Նախաձեռնության ընթացքում ԶԼՄ-ների դերը շատ կարևոր էր: Հեռուստատեսային ալիքներն իրենց լուծումը զգալիորեն ունեցան իշխանական պրոպագանդայի մեջ: Չեմ կարող չխոսել «Երկիր մեդիա»-ում ունեցած դառը փորձի մասին, երբ մեր խոսքն ամբողջովին կրճատվեց. հաղորդումն ուղղակի մեր խոսքի աղճատումն էր: Տեղեկատվությունը ներկայացվում էր ոչ ամբողջությամբ և մանիպուլյացիոն հնարքների կիրառումով: Համացանցի պարագայում իրավիճակն այլ էր, իհարկե նկատելի էր ուղղորդված ինֆորմացիայի արտահոսք. սկզբում նշվեց, որ մենք ուղղակի դասալիքներ ենք, բայց պարզվեց, որ  շատերս ծառայած ենք, ապա ասվեց, որ շատ վատ ենք սովորում, բայց պարզվեց նախաձեռնող խմբի 90 տոկոսը  գերազանցիկ է, ապա, որ հայրս ԲՀԿ կուսակցությունից  է, ապա ԵԼՔ դաշինքից ենք, իսկ վերջում էլ եկան այն եզրահանգման, որ մենք «ապագա շարմազանովներ»  և «աշոտյաններ» ենք, ովքեր ուղղակի պաշտոն են ակնկալում:

4.ՈւԽ-ների, համալսարանների կուսակցականացվածությունը, դասախոսների մի մասի չեզոքությունը լրացուցիչ խոչընդոտներ էին ստեղծում մեզ համար: Շատ համալսարաններում ռեկտորների գլխավորությամբ այդպես էլ չթույլատրվեց, որ ունենանք հանդիպումներ, շատ դեկանատներ, դասախոսներ տարբեր մեթոդներ էին օգտագործում ուսանողների վրա ազդելու և նրանց մասնակցությունը կանխելու համար:

5.Քաղաքականացվելու և կուսակցականացվելու ռիսկը: Ամբողջ շարժման ընթացքում մենք ամեն ինչ արեցինք, որ շարժումը մնա ուսանողական և չասոցացվի որևէ կուսակցության և քաղաքական ուժի հետ: Դժբախտաբար, թե՛ քաղաքականության, թե՛ կուսակցությունների նկատմամբ հասարակական վստահության ցածր մակարդակը կարող էր սպանել շարժումը:

6.Շարժման ընթացքում մենք բազմաթիվ առնչություններ ունեցանք տարբեր իշխանավորների հետ: Հասարակությունում գոյություն ունեցող այն կարծիքը, որ իշխանություններին հանդիպելն արդեն համագործակցություն է, ոչ մի հանդիպում իմաստ չունի և կարող է սպառել շարժումը, լրացուցիչ խոչընդոտներ էր ստեղծում նախաձեռնության համար:

1.Գիտության, կրթության և գիտնականի նկատմամբ քամահրական վերաբերմունք:

Իրազեկում և մոբիլիզացիա իրականացնելու համար աշխատում էինք առավոտյան ժամը 09-ից մինչև գիշերվա 01:00-ն և 02:00-ն:

-Հաճախ միայնակ կամ մի քանի հոգով սկսեցինք մտնել լսարաններ և տեղեկացնել դասախոսներին ու ուսանողներին օրենքի և դրա ռիսկերի մասին՝ հրավիրելով մեր միջոցառումներին: Նման ակցիաներ անում էինք նաև տարբեր միջոցառումների ժամանակ:

-Տպվեցին մեծ բանեռ և հեռախոսի ստիկերներ «Տարկետում լինելուԱ» կարգախոսով:

-Բացվեց Facebook-յան խումբ, էջ, սկսեցինք նկարել տարբեր տեսահոլովակներ:

-Կազմակերպեցինք ֆորմալ և ոչ ֆորմալ հանրային քննարկումներ, որոնց արդյունքում իրենց կարծիքը հայտնեցին հարցով մտահոգ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գիտնականներ և դասախոսներ:

-Կազմվեցին երկու առաջարկի փաթեթներ, որոնց տակ ստորագրեցին 300-ից ավելի գիտնականներ:

-Իրականացվեցին մեկշաբաթյա դասադուլ, երթեր, այցեր տարբեր համալսարաններ:

Նախաձեռնությունն իր գործունեության ընթացքում հանդիպումներ ունեցավ ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանի, ԵԼՔ դաշինքի մի շարք պատգամավորների, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի, փոխնախարար Արտակ Զաքարյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Չնայած նրան, որ իշխանություններն ընդունում էին մեր բարձրացրած շատ խնդիրներ, բայց օրենքի շուրջ հանրային քննարկում խթանելու հետ կապված քայլեր չեղան, չեղան օրենքում փոփոխություններ անելու հետ կապված օրենսդրական նախաձեռնություններ նույնպես: Նախաձեռնության մարտավարության մեջ էր մտնում բարձրաստիճան պաշտոնյաներին քննարկումների և բանավեճերի մեջ ներգրավելու փորձը և դիալեկտիկական ճանապարհով մեր արգումենտները հիմնավորելը: Հանդիպումներից պարզ էր նաև, որ օրենքի շատ ռիսկերի և բացերի մասին նույնիսկ օրենք առաջադրողները տեղյակ չեն: Սրա վառ ապացույցն այն էր, որ ամեն ինչ արվեց օրենքն Ազգային ժողովում արագ ընդունելու համար. այն ԱԺ օրակարգ մտավ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի գաղտնի, գիշերային և արտահերթ նիստի արդյունքում: Օրենքի երկու ընթերցումներն անցան առանց որևէ քննարկման և հապճեպ ընթացակարգով: Եվս մեկ անգամ պարզ դարձավ, որ ժողովրդավարությունը Հայաստանում ցածր մակարդակի վրա է, բազմակուսակցական համակարգը կայացած չէ, և գործ ունենք միակուսակցական ռեժիմի հետ, իշխանավորները հաշվետու չեն քաղաքացիների առջև, իսկ ԱԺ-ը ներկայացնում է ոչ թե քաղաքացիների շահերը, այլ սպասարկում է իշխանությունների նեղ հետաքրքրությունները:

1 շաբաթ առաջ կառավարությունը տարկետման կարգը պահելու համար նոր որոշման նախագիծ է առաջ քաշել, որտեղ մի շարք առաջարկներ կատարվել են հենց ՀԳԶ-ի կողմից: Իհարկե, նախագիծը շատ մշուշոտ է, և այժմ գնահատական տալ հնարավոր չէ, բայց այն, որ եղել է զիջում ու կա գործընթաց, ուրախալի է:

Ցավոք մենք չկարողացանք ապահովել մեծ մոբիլիզացիա, շարժման հիմնական մասնակիցներն ուսանողներ էին, դասախոսների, ծնողերի աջակցությունն անձնական մակարդակի վրա էր և չվերածվեց քաղաքական մասնակցության: Իրազեկման և պայքարի ավելի լայն գործիքակազմ օգտագործելու, աշխատանքի և ժամանակի արդյունավետ բաժանում կատարելու անհրաժեշտություն կար: Իշխանությունների վրա ավելի մեծ ճնշում իրականացնելու անհրաժեշտություն կար, քանի որ հաղթանակի հավանականությունը պայմանավորված էր ոչ թե մեր փաստարկների ճշմարտացիությամբ, այլ քանակով և ազդեցության լծակներով: Միևնույն ժամանակ, իմ կարծիքով՝ կարողացանք ցույց տալ, որ ուսանողները սովորելուց և վարձ վճարելուց բացի կարող են նաև տեր կանգնել իրենց շահերին, մտածել ոչ թե անձնական շահերի մասին, այլ նաև ցուցաբերել քաղաքացուն հատուկ վարքագիծ և պետական մտածելակերպ: Մեզ հաջողվեց խթանել հանրային և փաստերի վրա հիմնված քննարկումը, փորձ արվեց պայքարել ռազմահայրենասիրական պաթոսի դեմ՝ թույլ չտալու համար, որ բանակը, հայ զինվորն օգտագործվեն ոմանց անարդյունավետ կառավարման հետևանքները վերացնելու համար:

Կարծում ենք՝ կարողացանք որոշակի առումով մեր ներդրումն ունենալ քաղաքացիական հասարակության զարգացման գործում:

 

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728