Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ պայմանավորվածությունը. Էդվարդ Նալբանդյան

Փետրվար 22,2018 18:20

Փետրվարի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երեկ Բրյուսելում հագեցած օրակարգով, արդյունավետ հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ և կարևորեց ԵՄ հետ շարունակական ակտիվ երկխոսությունը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցերին, մտքեր փոխանակեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի վերաբերյալ:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրեց վերջերս Բաքվում ունեցած հանդիպումների մասին։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ հունվարին Կրակովում եռանախագահների նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնման իրագործման կապակցությամբ։

«Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո, ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները Բաքվում էին, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը», ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը նշեց, որ եռանախագահները՝ տարածաշրջանային վերջին այցի արդյունքներով տարածված հայտարարության մեջ ևս մեկ անգամ շեշտեցին գագաթաժողովներին ստանձնած հանձնառությունների իրագործման անհրաժեշտությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ԵՄ անվերապահ սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս դիրքորոշմանը։

Նախարար Նալբանդյանը կարևորեց նաև Եվրոպական Միության հետևողական դիրքորոշումն ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հիմք հանդիսացող միջազգային իրավունքի երեք սկզբունքներին` ուժի և դրա կիրառման սպառնալիքի բացառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը։ «Ցանկալին իրականության տեղ մատուցելու Բաքվի մոլուցքը հասել է նրան, որ չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ այս սկզբունքային մոտեցումը», շեշտեց նախարար Նալբանդյանը։

Տոյվո Կլաարը վերահաստատեց Եվրոպական Միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեությանը, նրանց առաջարկություններին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728