Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս բացահայտումները ունեն ներուժ ավարտելու թուրքական ժխտողականության դարը»

Փետրվար 23,2018 13:30

«Առավոտ»-ի զրուցակիցն է գիտնական,
թուրք պատմաբան եւ սոցիոլոգ Թաներ Աքչամը

– Պարոն Աքչամ, Ձեր նոր գիրքը «Killing Orders: Talat Pasha’s Telegrams and the Armenian Genocide» («Սպանության հրամաններ. Թալեաթ Փաշայի հեռագրերը եւ Հայոց ցեղասպանությունը») լույս է տեսել այս տարվա հունվարին: Կներկայացնե՞ք այն:

– Հայ մտավորական եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած Արամ Անտոնյանը փնտրել է փաստաթղթեր տեղահանությունների եւ սպանությունների մասին պատմական արձանագրությունները հաստատելու համար: 1918 թվականին Հալեպում բնակվող օսմանյան բյուրոկրատ Նայիմ Էֆենդին Անտոնյանին է վաճառել օսմանյան 21 փաստաթղթերի բնօրինակները, ինչպես նաեւ իր ձեռագիր հուշագրությունը: Հուշագրությունը ներառում էր 52 բնօրինակ փաստաթղթեր, որոնք Նայիմը ձեռքով արտագրել էր: 1921 թվականին Անտոնյանը հրապարակել է Նայիմ Բեյի հուշագրությունները, որոնք ներառում էին այդ փաստաթղթերից 14-ը: Այս փաստաթղթերից ոմանք Ցեղասպանության ճարտարապետ, ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշայինն են եւ պարունակում են հայերի սպանության հրամաններ:
Թուրքական պատմագիտական ընկերությունը 1983 թվականին հրապարակել է գիրք, որը պնդում էր, որ այս փաստաթղթերը կեղծիք են: Պնդումը հիմնված էր 3 փաստարկների վրա. 1. Նայիմ Էֆենդի անունով օսմանյան բյուրոկրատ երբեք գոյություն չի ունեցել, 2. գոյություն չունեցող մարդը չի կարող հուշագրություն գրել, 3. փաստաթղթերի բնօրինակները պետք է որ կեղծ լինեն, քանի որ նրանք պարունակում են զգալի սխալներ՝ կապված ստորագրությունների եւ ամսաթվերի հետ:

Իսկապես, մինչեւ այսօր չի գտնվել որեւէ ապացույց, որը կփաստեր Նայիմ Էֆենդի անունով կառավարության պաշտոնյայի գոյությունը, որը հնարավորություն կտար նույնականացնել հուշագրերը: Բնագիր փաստաթղթերը միեւնույն ժամանակ բացակայում են: Այսպիսով՝ հնարավոր չէր հերքել Թուրքական պատմագրական ընկերության փաստերը: Թեման հիշվեց որպես «կեղծ հեռագրեր, որոնք վերագրվում էին Թալեաթ Փաշային», ինչը դարձավ թուրքական ժխտողականության հիմնական սյունը:

Երկար տարիների հետազոտություններից հետո ես բացահայտեցի, որ բացակայող ապացույցը անհրաժեշտ էր մերժելու համար Թուրքական պատմագրական ընկերության պնդումները: Ես հաստատել եմ, որ Նայիմ Բեյը Հալեպում օսմանյան պաշտոնյա էր, ես բացահայտել եմ իր հուշագրությունների բնօրինակ պատճենները, եւ ես ապացուցել եմ, որ ներկայացված փաստաթղթերը իրական են: Մենք այժմ ապացույց ունենք, որը ցույց է տալիս, որ ե՛ւ հուշագրությունը, ե՛ւ Թալեաթ փաշայի՝ սպանությունների հրամանները իրական են: Այս բացահայտումները ունեն ներուժ ավարտելու թուրքական ժխտողականության դարը, դաշտը տեղափոխելու եւ փոխելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանրային բանավեճը, որովհետեւ նրանք հազվագյուտ սկզբնաղբյուրային նյութեր են, որոնք փաստում են Օսմանյան կայսրության՝ Հայոց ցեղասպանության պլանավորումը եւ իրականացումը: Նրանք ունակ են փոխելու Հայոց ցեղասպանության մասին ոչ միայն գիտական, այլ նաեւ քաղաքական դիսկուրսը:

Այս նոր բացահայտումները առաջինը հրապարակել եմ 2016-ին թուրքերեն գրքում՝ «Նայիմ Էֆենդիի հուշագրությունները եւ Թալեաթ փաշայի հեռագրերը»: Այժմ այն հասանելի է նաեւ անգլերեն: Բայց գրքի անգլերեն տարբերակը ունի հավելյալ երկու գլուխներ: Սրանք շատ կարեւոր գլուխներ են: 1983 թվականին հրապարակված գրքում Թուրքական պատմագրական ընկերությունը մոտավորապես տասներկու տարբեր փաստարկներ է բերել Նայիմի փաստաթղթի վավերականության դեմ: Փաստաթղթերից ոմանք, որոնք Նայիմը տվել է Անտոնյանին, ստորագրել է Հալեպի նահանգապետ Մուստաֆա Աբդուլհալիքը: Թուրքական պատմագրական ընկերությունը պնդում էր, որ այս ստորագրությունները կեղծ են: Նրանք հրապարակել են Օսմանյան կայսրության արխիվից այլ փաստաթղթեր, որտեղ առկա է նահանգապետ Աբդուլհալիքի ստորագրությունը:

Այդ ստորագրությունները մի փոքր տարբեր են, քան Նայիմի փաստաթղթում առկա ստորագրությունները, նրանք նույնական չեն: Մեկ այլ խնդիր կապված էր փաստաթղթերի ամսաթվերի հետ: Ես այս փաստարկներին չեմ անդրադարձել իմ թուրքերեն գրքում: Հիմա իմ անգլերեն գրքում ես մի գլխում ներկայացնում եմ ստորագրությունների եւ սխալ ամսաթվերի խնդիրը՝ ցույց տալով, որ Թուրքական պատմագրական ընկերությունը սխալ է:
Անգլերեն գրքում կա նաեւ ավելի երկար ներածություն թուրքական ժխտողականության վերաբերյալ, որը առկա չէ թուրքերեն տարբերակում: Ես քննարկել եմ փաստերի եւ ճշմարտության հարաբերությունը: Իմ հիմնական փաստարկն այն է, որ ժխտողականություն ոչ միայն նշանակում է ժխտել փաստերը կամ ճշմարտությունը, այլեւ ժխտողականությունը ստեղծում է իր սեփական փաստերը եւ ճշմարտությունը:
Ես ներկայացնում եմ Օսմանյան փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է թուրքական ժխտողականությունը ստեղծել փաստաթղթեր, եւ այդպիսով ստեղծել իր սեփական ճշմարտությունը: Կարծում եմ, որ սա Հայոց ցեղասպանության կարեւոր առանձնահատկությունն է: Օսմանյան կայսրությունը ստեղծել է փաստեր եւ ճշմարտություն նույնիսկ այն ժամանակ, երբ ցեղասպանությունն էր տեղի ունենում: Ի սկզբանե նրանք սկսել են ստեղծել զուգահեռ փաստեր, ճշմարտության զուգահեռ աշխարհ, որը հիմնված էր փաստերի վրա, զուգահեռ ստեղծել են փաստաթղթեր, որոնց վավերականությունը չես կարող կասկածի տակ դնել. դրանք վավերական փաստաթղթեր են: Այսպիսով՝ եթե մենք ցանկանում ենք հասկանալ թուրքական ժխտողականությունը, մենք պետք է իմանանք մեխանիզմը, թե ինչպես են նրանք ստեղծել այդ զուգահեռ փաստերը եւ այս փաստերի վրա հիմնված ճշմարտության այլ աշխարհը:

– Պարոն Աքչամ, ո՞րն է այս գիրքը հրապարակելու Ձեր նպատակը:

– Ես կոնկրետ նպատակ չունեմ: Ես պատմաբան եմ եւ ցանկանում եմ, որ ճշմարտությունը ջրի երես դուրս գա: Իմ աշխատանքն է ազնվությամբ գրել որոշ պատմական իրադարձությունների մասին: Սա է իմ աշխատանքը: Եվ ինձ պետք է քննադատեն միայն այն դեպքում, երբ ես անազնիվ գտնվեմ եւ ճշմարտությունը չասեմ: Ես ուզում եմ հասկանալ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած մարդկային ամենամեծ աղետներից մեկը՝ բոլոր առնչվող փաստերով:

Իհարկե, մենք գիտենք, որ Հայոց ցեղասպանությունը շատ քաղաքականացված է: Այս պատճառով մենք պետք է տարբերակենք ակադեմիական աշխատանքը քաղաքականից: Թե ինչպես կարող է քաղաքականությունը օգտագործել ակադեմիական արտադրությունը, դա քաղաքականության գործն է: Ես գիտեմ, որ իմ աշխատանքը մեծ հարված է Թուրքիայի կառավարության ժխտողականությանը: Նրանք չեն կարող շարունակել ժխտել Հայոց ցեղասպանությունը իրենց ստանդարտ փաստարկներով: Ես իմ այս գրքով հաջողել եմ ցույց տալ, որ կան բնօրինակ, վավերական սպանության հրամաններ, եւ Օսմանյան կայսրությունը մտադրված ոչնչացել է հայ բնակչությանը:

Թուրքիայի կառավարությունը չի կարող շարունակել պնդել, որ Օսմանյան կայսրությունը հայերին ոչնչացնելու նպատակ չի ունեցել, որ սպանության հրամաններ չեն եղել: Թուրքիայի կառավարությունը չի կարող շարունակել ժխտել, որ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունը միտումնավոր է ոչնչացրել հայերին: Իհարկե, նրանք կգտնեն այլ փաստարկներ եւս եւ կշարունակեն ժխտել պատմական փաստերը: Ինչեւէ, նրանք պետք է գտնեն նոր փաստարկներ: Հին փաստարկները այլեւս չեն աշխատի:
Նրանք կարող են հարձակում գործել իմ անձի վրա կամ կարող են հնարել նոր փաստարկներ, կամ նոր փաստեր: Ինչպես ես գրել եմ իմ գրքում, ճշմարտությունը ոչ միայն փաստն է, ճշմարտությունը իշխանության համար պայքարն է: Եթե ունես իշխանություն, ունես նաեւ ճշմարտություն: Մի հիմնական տարբերություն կա Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության միջեւ. Հոլոքոստի դեպքում ճշմարտությունը ունի իշխանություն, ժխտողականները չունեն իշխանություն եւ փոքրամասնություն են կազմում: Հայոց ցեղասպանության դեպքում ժխտողականներն ունեն իշխանություն: Միացյալ Նահանգներ, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Իսրայել՝ սրանք են չորս հիմնական ուժերը, որոնք կառավարում են ճշմարտությունը: Նրանք են որոշում, թե ինչ է ճշմարտությունը: Չկա այլ տարբերություն Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության միջեւ:

Եվ չնայած նրանք, ովքեր պնդում էին, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, հաղթում էին իշխանության համար պայքարը ցածր մակարդակում՝ Ամերիկայում, Թուրքիայում, Եվրոպայում բնակվող մարդկանց շրջանում: Բայց մենք չէինք կարողանում այն տեղափոխել պետությունների մակարդակ: Այսպիսով՝ սա իշխանության պայքար է: Հույս ունեմ, որ մարդիկ կարող են օգտագործել այս գիրքը եւ հաղթել այդ պայքարը, եւ ճշմարտությունը կգրավի քաղաքական իշխանությունը:

– Ձեր թուրքերեն գիրքը արդեն մոտավորապես երկու տարի է՝ լույս է տեսել: Արդյոք թուրքական հասարակական կազմակերպությունները կամ քաղաքական, հասարակական գործիչները օգտագործե՞լ են այն:

– Թուրքիայում իրավիճակը հայտնի է բոլորին. Հայոց ցեղասպանությունը այլեւս թուրք հասարակության օրակարգում չէ: Առկա է ռեպրեսիվ ռեժիմ, որը ագրեսիվ պատերազմ է վարում Սիրիայում: Նրանք այժմ հարձակվում են սիրիացի քրդերի վրա: Դժվար է հավատալ, որ Հայոց ցեղասպանությունը օրակարգում կլինի, եթե իհարկե, իշխանության փոփոխություն չլինի: Թուրքիան ավելի ու ավելի ավտորիտար է դառնում, ավելի ու ավելի բռնապետական, եւ առկա խնդիրները ավելի սուր են, քան 100 տարի առաջ տեղի ունեցած պատմական փաստերը:

Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ զուգահեռներ կան նրանց միջեւ, թե ինչ զգացին քրդերը այս տարիների ընթացքում, եւ ինչ ապրեցին հայերը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում հասարակական թեմա չի դառնա: Չնայած սա դիլեմա է: Քրդերը այս ամենի միջով անցան, քանի որ թուրքերը պատրաստ չեն առերեսվել սեփական պատմությանը: Քանի դեռ պատմական անցյալի հետ հաշվի չեն նստել, քրդերը կշարունակեն տառապել: Ցավոք սրտի, սա փաստ է:
Կարծում եմ՝ գիրքը առաջ կբերի կարեւոր քննարկումներ, ինչպես նաեւ ուշադրության կարժանանա այստեղ՝ Միացյալ Նահանգներում, եւ եվրոպական երկրներում: Ճշմարտության համար պայքարին վերջ չկա: Մենք պետք է շարունակենք պայքարը հանուն ճշմարտության եւ արդարության: Սա այն ամենն է, որ ես կարող եմ ասել:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

22.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728