Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական դեպքն է տեղի ունեցել բանակում, որի մասին Արցախի ՊԲ-ն կրկին չի հայտնել. «Հայկական ժամանակ»

Փետրվար 23,2018 11:56

«ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ օրեր առաջ հերթական դեպքն է տեղի ունեցել բանակում, որի մասին Արցախի ՊԲ-ն կրկին չի հայտնել։

Փետրվարի 20-ի գիշերը Արցախի ՊԲ զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Դավիթ Քամալյանը։

«ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ նրա ուղղությամբ կրակել է ծառայակիցը։ Պատճառը, ըստ նախնական տեղեկությունների՝ եղել է այն, որ ծառայակիցը գիշերային մթության մեջ գաղտնաբառ է հարցրել եւ պատասխան չստանալուց հետո կրակել է Դավիթ Քամալյանի ուղղությամբ։ Վերջինս հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում։ Նա այժմ գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, վիճակը ծանր է, այդ պատճառով էլ դեռ հնարավոր չի լինում նրան տեղափոխել Երեւան՝ Մուրացանի զինվորական կլինիկական հոսպիտալ։

Տեղեկությունները «ՀԺ»-ին զրույցում հաստատեց Դավիթ Քամալյանի մայրը՝ տիկին Շուշիկը։ Նա ասաց, որ որդին այժմ միացված է արհեստական շնչառության ապարատին. «Վիճակը փորձում են կայունացնել, երեխան շատ է արյուն կորցրել։ Հիմա արյուն են մատակարարում, քնած են պահում, որ ուժ հավաքի, կարողանան տեդափոխել Երեւան։ Պետք է նորից վիրահատեն, կարողանան գնդակը մարմնից հանել՝ թոքը ծակել, անցել է ողնաշար»,- ասաց նա։

«ՀԺ»-ի հարցին, թե ի՞նչ վարկածներ են շրջանառվում դեպքի հետ կապված, զինծառայողի մայրը պատասխանեց հետեւյալը. «6 ամսվա սերժանտ է կրակողը, նոր է դիրքեր բարձրացել։ Տղաս շատ լավ ծառայող է, իր հերթափոխը հանձնելուց հետո գնացել է զուգարան, որ գա հանգստանա։ Հետ գալիս, մութ է եղել, գիշերը ժամը 00։00-ի սահմաններում, սերժանտը կանգնած է եղել, շարժ է նկատել, ո՛չ գաղտնաբառ է հարցրել, ո՛չ էլ ասել է ով է՝ կրակել է։ Ինքը ասել է, որ դրանից առաջ կատվից վախեցել է, շարժը տեսել է, նորից վախեցել է, դրա համար է կրակել։ Միանգամից 14 կրակոց է արձակել, բայց մեկն է կպել»։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728